«Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 15:22

1991թ. ապրիլի վերջին – մայիսի սկզբներին Ադրբեջանի կողմից իրականացված  «Կոլցո» ռազմական գործողության վերաբերյալ ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր մեկնաբանություն է տվել, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

 

« ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ)  ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ, սկսեցին պատժիչ գործողություններ` նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց«Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀԽանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:

 

 

Այդ գործողության արդյունքում ամբողջովին  դատարկվեցին,  հիմնահստակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին  հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքներիզանգվածային խախտումներով աչքի ընկած «Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, ևղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն:

 

ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի  զեկուցման մեջ նշվել է` «1991 թ.ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդայինբանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատգյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել էառանձնահատուկ դաժանությամբ»:

 

«Կոլցո» ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն  իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում,  դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:

 

Մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. «Կոպտորեն խախտվել է  յուրաքանչյուր մարդու  կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել` ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային  բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ  զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում  նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա»:

 

1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունվեց միաձայն որոշում, որով դատապարտվում էին «ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ կատարված հանցագործությունները», մասնավորապես` «Լեռնային Ղարաբաղում և  հարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա կատարված հարձակումները, ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին անզեն բնակչության գնդակոծումները» և կոչ էր արվում «վերջ տալ շրջափակմանը,  ուժի գործադրման մյուս ձևերին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը»:

 

Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրվեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծված իրադրության շուրջ զեկույցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «համաձայն մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերի և  համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինված բախումների գործերով քննության տակ գտնվողներին հանձնել ԽՍՀՄ դատախազության վարույթ»:

 

Այդուհանդերձ, «Կոլցո» ռազմական գործողության ընթացքում թույլ տրված  հանցագործություններին  համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, իսկ  կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադեպ դարձավ, որպեսզի Ադրբեջանը նոր ռազմական հանցագործություններ և անմարդկային գործողություններ  իրականացնի  հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ:

 

Առ այսօր բռնատեղահանված բնակիչները զրկված են սեփական տները վերադառնալու հնարավորությունից և չեն ստացել որևէ փոխհատուցում:

 

Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ «Կոլցո» ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում»:

Դիտվել է 2136 անգամ:
Print Friendly

Leave a Reply