Անահիտ Բախշյանի «հաշվետվությունը»` գրքի տեսքով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 2, 2012 14:05

Այսօր` մայիսի 2-ին,  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանը լրագրողներին ներկայացրեց իր անդրանիկ գիրքը, որը կոչվում է «Հաշվետու եմ»:  Գրքում ամփոփված են պատգամավորի մասին պատմող նյութեր` նրա դիմանկարը, ԶԼՄ-ներում հրապարակված որոշ հարցազրույցներ և հոդվածներ, խորհրդարանում կատարած աշխատանքների մասին վկայող սղագրություններ, հազարավոր մարդկանց լուծված խնդիրների մասին հակիրճ տեղեկանք, լուսանկարներ և այլն:

Խոսելով իր գրքի ստեղծման մասին` Բախշյանն ասաց, որ իրեն հաճախ են հարցնում, թե արդյո՞ք իր կատարած բոլոր գործերը մտնում են պատգամավորական գործառույթների մեջ: Հաճախ  էլ նրան համեմատում են շտապօգնության հետ: Նրա խոսքով, այդ հարցերի պատասխանները նա տվել է իր գրքում. «Պատգամավորն ավելին է, քան շտապօգնությունը, պատգամավորը պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն սպասում են, կանչում են և անգամ չեն սպասում ու չեն կանչում»,-ասաց նա,-այս գիրքը հաշվետվություն է, որի ամեն մի էջը մի պատմություն է, կյանքի մի դրվագ, մի իմաստություն»:

Գրքում զետեղված են նաև Բախշյանի համար կարևոր ու թանկ մարդկանց կարծիքներ` աշակերտներ, գործընկերներ, ընկերներ, անգամ լրագրողներ: Սակայն գրքում մի տեխնիկական բացթողում է եղել, որի համար նա շատ վատ է զգում իրեն. իր սիրելի աշակարտներից մեկի` Արման Սահակյանի խոսքը տպագրության ընթացքում դուրս է սպրդել: «Հիմա երեսս չի բռնում, որ Արմանին դա ասեմ և ձեր միջոցով եմ ուզում ասել ու ներողություն խնդրել նրանից»,-ասաց նա լրագրողներին:

Այս գիրքը, սակայն, Անահիտ Բախշյանի համար շատ ավելին է, քան պարզապես գիրքը. սա հաշվետվություն է նաև սիրելի ամուսնուն, և գիրքը նվիրված է նրա ծննդյան 65 ամյակին:  «Թերթելով գրքի էջերը` ես տեսնում ենմ, թե ինչ բացառիկ կարևոր օր է եղել իմ կյանքում Յուրայի հետ հանդիպման օրը, և այն, որ ես տեր եմ եղել իմ երջանկությանը և չեմ թողել, որ Յուրան շեղվի ինձանից,-անկեղծացավ նա` պատմելով, որ մինչև Յուրան հասկացել է, որ սիրում է իրեն, 9 ամիս է տևել, մինչդեռ ինքն այդ 9 ամիսներին արդեն սիրում էր նրան»:

Ի դեպ, գքրի շնորհանդեսին ներկա էր նաև Անահիտ Բախշյանի ամենավաղեմի աշակերտներից մեկը, ով դպրոցն ավարտել է 1974 թվականին: Նախկին աշակերտուհու ջերմ խոսքերին ու գովասանքներին ի պատասխան` Անահիտ Բախշյանն ասաց. «Է՜, ես այդ ժամանակ լավը չէի, հետո էի լավը, երբ շատ բան իմացա ու փոխեցի դպրոցում»,-ասաց նա` նկատի ունենալով տնօրեն եղած տարիներն իր դպրոցում քաղաքացիական կրթության ինստիտուտը ներդնելու և զարգացնելու գործը:

Իրենց սիրելի ընկերոջը շնորհավորելու էին եկել նաև Բախշյանի ֆեյսբուքյան պատանի ընկերները:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply