Լրացավ աստղագետ Բենիկ Թումանյանի 95-ամյակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 2, 2012 11:35

Երեկ լրացավ հայ աստղագետ, աստղագիտության պատմության մեր խոշորագույն մասնագետ Բենիկ Եսայու Թումանյանի ծննդյան 95-ամյակը: Ծնվել է 1917թ. Լոռվա Դսեղ գյուղում: 1940-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, 1941-1945-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

Հայկական աստղագիտական ընկերության փոխանցմամբ, 1957-ից մինչև կյանքի վերջ ղեկավարել է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երևանի կայանը և ԵՊՀ աստղադիտարանը: 1970-ից` ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր: Երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1972-ից` պրոֆեսոր: 1974-1980 թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը: Գիտական աշխատանքները նվիրված են աստղագիտության պատմությանը: Նրա հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը /1964, 1968/ ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը և արժանացել է Բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին:

Ուսումնասիրել է տոմարի պատմությունը /մենագրություն` 1972/, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում /մենագրություն` 1973/, ինչպես նաև հետազոտել է գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիպերի: Հրապարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ինչպես նաև բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է: Մասնավորապես, Լ.Վ. Միրզոյանի հետ համատեղ գրել է “Աստղագիտություն” համալսարանի ուսանողների համար դասագիրքը /1978/: 1980-ին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով: Պարգևատրվել է նաև Խաչատուր Աբովյանի և Կոպեռնիկոսի հուշամեդալներով: Բենիկ Թումանյանը վախճանվել է 1980թ. փետրվարի 10-ին Երևանում` չիրականացված թողնելով բազմաթիվ ստեղծագործական նախաձեռնություններ:

Panorama.am

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply