«Բարգավաճ Հայաստանը» սկսել է տեսախցիկներ բաժանել ընտրատեղամասերին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 2, 2012 7:04«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 1-ից սկսել է բոլոր 1982 տեղամասերում իր վստահված անձանց տեսախցիկներ տրամադրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` քվեարկության օրը, սկսած 08:00-ից մինչեւ վերջ, քվեարկության ընթացքը կտեսագրվի:
«Սա լուրջ մեխանիզմ է, որը թույլ է տալիս վերահսկել ողջ ընտրական գործընթացը եւ առարկայորեն ֆիքսել բոլոր հնարավոր խախտումները»,-նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել ԲՀԿ ներկայացուցիչները` խախտումների ի հայտ բերման պարագայում, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այդ մասին հրապարակավ կհայտարարվի, կուսակցությունը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի համապատասխան մարմիններին»:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քրատուղար Խաչիկ Գալստյանը, «տեսախցիկները կլինեն ընտրությունների անցկացման նկատմամբ վերահսկողության կարեւոր լծակներից»:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն
«վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»: