Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2012 15:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Փոքրիկ կենդանասերների համար տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր: Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանուկների մուտքն անվճար է:
Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ:
Տարոն Մարգարյանը այգու տնօրենի և փոքրիկ կենդանասերների ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքներն հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում: Շրջայցից հետո զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական.”Մենք համագործակցում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են կենդանաբանական այգով: Ունենք նախնական նախագծեր, որոնք կարճ ժամանակում կյանքի կկոչենք և այգին կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Դրական տեղաշարժն արդեն իսկ ակնհայտ է և անելու ենք հնարավորը, որ այգու յուրաքանչյուր այցելուի համար տոնական տրամադրությունն ու հարմարավետությունը ապահովված լինի ամեն օր”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Որպես տարվա կարևոր ձեռքբերում, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ առանձնացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացված կենդանաբանական այգու գազիֆիկացումը. “Երևանի քաղաքապետի աջակցությամբ մենք կարողացանք ամբողջությամբ լուծել Կենդանաբանական այգու ազատավանդակների ջեռուցման խնդիրը: Ավելի քան 70 տարի զրկված լինելով նման հնարավորությունից, արդեն այս տարի ձմռանը կենդանիներն ամբողջությամբ ապահովված կլինեն ջեռուցմամբ: Քաղաքապետարանի ծրագրով այգում նաև բարեկարգման, ազատավանդակների վերակառուցման ու ընդլայնման աշխատանքներ են տարվել”,- նշել է այգու տնօրենը:
Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` այգում և, առհասարակ, ամբողջ մայրաքաղաքում նկատվող զգալի փոփոխությունների համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply