Թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյան բողոքում է անհավասար մրցակցությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 1, 2012 14:18

Արդար արդյունք անհավասար մրցակցությունից
Թիվ 7 ընտրատարածքն իր անցուդարձերով աչքի ընկավ դեռևս թեկնածուների գրանցման շրջանից սկսած: Ընտրարշավի ընթացքում գրանցվեցին միջադեպեր թեկնածուներից մեկի հետ: Այս բախումների ընթացքում շոշափվում էր թեկնածուներից երկուսի անունը: Այս ամենը գտնվում էր լրատվական օրակարգում և լայնորեն լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից: Արդյունքում հակառակորդ երկու կողմերն արժանացան լայն լուսաբանման, չնայած առանց դրան էլ հայտնի էին լավ կամ վատ տեսանկյուններից: Ես, որպես նոր թեկնածու, ով չցանկացավ լինել նման ինտրիգային քաղաքական մշակույթի կրողն ու տարածողը, տուժեցի լուսաբանման առումով: Այս ընթացքում բազմաթիվ էին լրագրողների կողմից հնչեցված այնպիսի ուղղորդող հարցերը, որոնք կարող էին թեժ իրավիճակ ստեղծել և հետաքրքրություն առաջացնել իմ անձի շուրջ, բայց ես չգնացի նման գործարքների: Արդյունքում այնպես է ստացվել, որ տվյալ ընտրատարածքի ընտրողների մոտ տպավորություն է, թե առաջադրված են երկու թեկնածուներ, և երբ ես նրանց եմ ներկայանում որպես պատգամավորի թեկնածու, շատերը զարմանում են ու տարակուսում: Շատերի համար էլ իմ թեկնածությունը ելքի պես մի բան է թվում, քանի-որ խոստովանում են, որ որոշել էին գնաին և “երկուսի վրա էլ խաչ քաշեին”: Կարծում եմ այս իրավիճակով խախտվել է ոչ միայն իմ, այլ նաև առաջին հերթին` ընտրողի տեղեկացված լինելու իրավունքը: ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական դրդապատճառներից մեկն էլ խոսքի ազատության ու ինֆորմացիայի սահմանափակությունն էր: Այդ ժամանակներից արդեն անցել են ավելի քան քսան “անկախության” տարիներ, բայց այսօր նույնպես բախվում ենք նմանատիպ երևույթների և սա ավելի ցավալի է: Եթե այն ժամանակ այս հարցում մեղադրում էինք հսկայական ԽՍՀՄ-ին իր նոմենկլատուրայով, ապա այժմ մենք “անկախ” և “ազատ” Հայաստանի քաղաքացիներ ենք, ու անարդարությունը պիտի մեր մեջ փնտրենք: Թիվ 7 ընտրատարածքի ընտրողը չգիտի, թե քանի թեկնածու կա իր ընտրատարածքում և բնական հարց է առաջանում` միթե՞ մենք հաղթահարել ենք տոտալիտարիզմի քայքայիչ ավանդույթները, միթե՞   մենք ունենք ազատ լրատվադաշտ, միթե՞   վտանգված չէ մեր երկրի ինֆորմացիոն անվտանգությունը: Էլ քանի՞  լումա արժի այն անկախությունն ու ազատությունը, որը հնարավորություն չի տալիս երկրի քաղաքացուն ազատորեն մտածել ու արտահայտել սեփական ձգտումները, կյանքի կոչել սեփական նպատակները, գոնե տեղյակ լինել իր շուրջը կատարվող կարևոր իրադարձություններին: Անկախ պետականության կայացման առանցքն անկախ մտածող քաղաքացին է, և վտանգելով այս ինստիտուտը, կասկածի տակ ենք դնում անկախության գաղափարն ընդհանրապես, այն անկախության, որի կերտման համար գիտակցաբար սեփական կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները:
Շատ պաշտոնյաներ, ովքեր անմասն չեն եղել Արցախյան ազատամարտից, իրենց զինակից ընկերների շիրիմներին այցելելիս բարձրագոչ խոսքեր են ճամարտակում հայրենիքի ու ազատության մասին, մինչդեռ իրենց պաշտոնից բխող լիազորությունների իրականացման մեջ ազնիվ չեն պետության կայացման, ժողովրդավարության հաստատման ու արժանապատիվ քաղաքացու վարքագիծը խրախուսելու տարրական հարցերում: Պարզ ճշմարտություն է` երբ կեղծում ես ընտրությունը, ոտնձգություն ես կատարում այն պետականության կայացման հարցում, որի կայացման համար իրենց կյանքը զոհաբերեցին քո զինակից ընկերները: Երբ հավասար մրցակցության հնարավորություններից զրկում ես քաղաքական գործունեության հայտ ներկայացրած քաղաքացիներին, դրանով իսկ մերժում ես ժողովրդի առողջ ներուժն այդ իսկ երկրի բարգավաճմանը ծառայեցնելու հնարավորությունը:
Քաղաքական գործունեության ընթացքում անհավասարությունն սկսվում է դեռ հենց ընտրագրավից, որը մեծամասնական թեկնածուի համար կազմում է մեկ միլիոն դրամ, իսկ համամասնական ցուցակում կուսակցությունը կարող է ընդգրկել մինչև 270 թեկնածու և այս դեպքում նրա մուծած 8 միլիոն դրամը բաժանելով վերը նշված թեկնածուների թվին, յուրաքանչյուր թեկնածուի համար կստանանք շուրջ 30 հազար դրամ:
Մտահոգիչ է նաև նախընտրական պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրերի բաշխվածության ու դրանց ապահովության հարցերը: Մի հսկա տարածքի համար ցուցանակներ են հատկացվում հնարավորինս քիչ թվով և հնարավորինս չերևացող վայրերում, փակցված նյութերն էլ հաճախակի պոկվում են: Իհարկե նման իրավիճակը ձեռնտու է արդեն հայտնի թեկնածուներին, ովքեր նույնիսկ նախընտրական պաստառներ չեն փակցնում, և դեմ է նոր, դեռևս ոչ այնքան հայտնի թեկնածուների շահերին, ովքեր ներկայանալու խնդիրներ ունեն:
Հեռուստաեթերն, ինչպես գիտենք, մեծամասնական թեկնածուների համար միայն վճարովի է և շատ թանկ, մինչդեռ համամասնական ցուցակ ներկայացրած կուսակցություններն ունեն անվճար հեռուստաեթերից օգտվելու հնարավորություն: Երբ ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունները և 1 դաշինքը միասին մուծել են 72 միլիոն դրամ ընտրագրավ, իսկ շուրջ 140 մեծամասնական թեկնածուները` 140 միլիոն դրամ, ապա ինչու նրանց նույնպես չտալ հեռուստաեթերից անվճար օգտվելու հնարավորություն: Սա ևս մեկ ճչացող անհավասարություն է:
Մեկ այլ կարևոր խնդիր է նաև որոշ ԶԼՄ-ների անհասկանալի վարքագիծը: Շատ կարևոր է հասկանալ, թե վերջապես նրանք բավարար կամք ունե±ն արդյոք կայանալ որպես չորրորդ իշխանություն, թե պարզապես հարմարվել են տարբեր ուժերի ձեռքում գործիք լինելու դերին: Այս ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ ջանք չեն խնայել իմ կողմից արտահայտված մտքերը խեղաթյուրելու, ինձ լոկ միայն որպես Սամվել Ալեքսանյանի կամ Նիկոլ փաշինյանի մրցակից ներկայացնելու, կամ նույնիսկ դրածո հռչակելու հարցում: Երբեմն սրանք եղել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնց նկատմամբ նույնպես նախկինում անարդարություն է կիրառվել, և ես ակնկալում էի նրանց մոտ ընդգծված արդարության ձգտում տեսնել, բայց ավաղ: Փոխարենը կարող եմ նշել, որ մի շարք լրատվամիջոցներ պատրաստակամ են եղել համագործակցելու և օբյեկտիվորեն լուսաբանելու իմ գործողությունները, տպագրելու իմ հոդվածները որպես թիվ 7 ընտրատարածքի թեկնածու, և վստահ եմ, որ նրանք իսկապես կարող են ձևավորել երկրում չորրորդ իշխանությունը:
Այսօր “անկախ” Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որի ընթացքում քաղաքացին տեղյակ չէ իր թեկնածուներից, որի ընթացքում քաղաքացին վախենում է բացահայտորեն կանգնել այլընտրանքային թեկնածուի կողքին, լսել նրան և համեմատել իշխանության թեկնածուի հետ, այսօր քաղաքացին անիմաստ ու անհույս է համարում իր մասնակցությունը համապետական ընտրություններին, շատերի մոտ գերիշխում է ընտրությունների արդյունքների կանխորոշվածության վարկածը: Մարդկանց հետ շփումներիս ընթացքում ցավով տեսնում եմ, պարոնայք իշխանավոր այրեր, որ սպանել եք քաղաքացու պայքարի ոգին, շատերին դարձրել նյութից կախված կամ նույնիսկ` ընչազուրկ: Այսպիսի քաղաքացի±ն պիտի վաղը դիմակայի քանակապես գերակշռող թշնամու հարձակմանը: Մենք Արցախի պատերազմը շահել ենք հաղթական ոգու, ինքնազոհաբերման կամքի շնորհիվ: Ավաղ, այսօր, այս կարևոր զինապաշարն արդեն վատնել ենք ձեր կողմից “արարված” անարդար իրողությունների շնորհիվ, ու Աստված չանի, որ թշնամին դրա հոտն առնի:
Պարոնայք պետական այրեր, դուք, որ պարզ բաներում արդարամիտ չեք, որ վախենում եք ճշմարտության նվազագույն առկայծումից, որ նույնպիսի կեղծիքի ու ստի վրա եք կառուցում “անկախ” Հայաստանի իրականությունը, ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին էր, դուք, որ մի ողջ ժողովրդի ճակատագիրը ցանկանում եք հարմարեցնել սեփական խմբային շահերին, չե՞ք գիտակցում արդյոք հնարավոր կորուստի սարսափը: Այս իմաստով ձեզ համար երևի անհրաժեշտ է այցելել Արևմտյան Հայաստան: Միթե՞ սա հարգանքի ու խոնարհման այն ողջ պաշարն է, որ դուք կարող եք ցուցաբերել Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի, Մոնթեի ու հայոց պետականության կայացմանը իրենց կյանքը զոհաբերած մյուս մարտիրոսների հիշատակին: Արցախյան պատերազմի հաջորդ փուլը մեր անկախ պետականության կայացումն է և այդ ճանապարհին յուրաքանչյուր մեծ թերացում կպահանջի այնպիսի մի գին, որը պիտի վճարեն մեր սերունդները: Այստեղ մենք մեծ մարտահրավերներ ունենք և բոլորս ենք պարտավոր գիտակցել դրանք ու ճիշտ արձագանքել: Ես սթափության կոչ եմ անում բոլոր այն ուժերին, ովքեր պատասխանատու են նշված իրողությունների համար:
Տիգրան Գրիգորյան
Թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, անկուսակցական

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply