Գյումրիում կայացավ ՀՖՖ 10-րդ ժողովը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 1, 2012 12:29

Գյումրիում, «Տիգրան Մեծ» հանդիսասրահում տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի 10-րդ ժողովը:
Մինչ ժողովի աշխատանքները սկսելը տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Գործկոմի անդամները քննարկեցին և հաստատեցին «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման կանոնանկարգ»-ի նոր խմբագրությունը, ինչպես նաև որոշում ընդունեցին ժողովի պատվիրակների հաստատմանն առաջարկել անկախ աուդիտորի թեկնածությունը և կասեցնել ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները:
Այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ 10-րդ ժողովի բացումը:
Ժողովի պատվիրակներին ուղղված իր ուղերձում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի պատվիրակներին, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրագույն ժողովին մասնակցելու համար` նշելով, որ ինչպես յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում, այնպես էլ այսօր հանգամանորեն ներկայացվելու են ՀՖՖ կատարած աշխատանքները, դրամական միջոցների շարժն ու գալիք ժամանակաշրջանի եկամուտներն ու ծախսերը, խոսվելու է ձեռքբերումների, բացթողումների մասին եւ քննարկվելու են առաջիկա ծրագրերը և ժողովին մաղթելով հաջող ընթացք, այն հայտարարեց բացված:
Այնուհետեւ ՀՖՖ նախագահն իր ելույթում անդրադարձավ հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՖ կատարած աշխատանքներին:
Նախ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին` ընդունելու համար ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովը Գյումրիում անցկացնելու իր առաջարկը, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից է ֆուտբոլային իրադարձությունները մայրաքաղաքից նաև դեպի Հայաստանի մարզեր տեղափոխելը, ինչը ևս մեկ խթան է մարզերում ֆուտբոլի զարգացման համար:
2012թ. ՀՖՖ բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Քննարկվեցին և ժողովի պատվիրակների կողմից հաստատվեցին նաև օրակարգում դրված այլ հարցեր, մասնավորապես ՀՖՖ ԻԱՄ կազմում ընդգրկվեցին «Կինգ դելյուքս» և «Ալաշկերտ» ակումբները: Դադարեցվեցին ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները: ՀՖՖ նախագահի առաջարկով ժողովի պատվիրակները ՀՖՖ գործկոմի անդամ հաստատեցին Սամվել Ալեքսանյանին:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply