Մահացած անձանց անունները փորձում են հանել ընտրացուցակներից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 19:43


Ապրիլի 30-ին կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել` ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:
Պարզաբանում ենք, որ հերթական անօգուտ փորձն է արվում ստահոդ լուրեր տարածելու միջոցով խեղաթյուրել հանրային կարծիքը` ընտրական գործընթացում ոստիկանության գործունեության վերաբերյալ: Չնայած ապրիլի 29-ի ոչ աշխատանքային օր լինելուն, ՀՀ ոստիկանության պետի ցուցումով անձնագրային և վիզաների վարչությունն ու նրա ենթակա ստորաբաժանումները շարունակել են պատշաճ կերպով կատարել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունները: Իսկ ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը` տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:
Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում:
Կից ներկայացվում է անձնագրային և վիզաների վարչություն մուտքագրված թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի դիմումը:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply