Ջրից դեպի շուկա ծրագրով ֆերմերները ետ կկանգնեն իրենց պապական մեթոդներից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 13:18

Այսօր մեկնարկեց Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան(ՀՄՀ)-ի Ջրից դեպի շուկա(ՋդՇ) ծրագրի երկօրյա ցուցահանդես:

«ՋդՇ ծրագիրը նպակադրված է զարգացնել ողջ գյուղատնտեսական ոլորտը` հողից մինչև շուկա, որը ֆերմերին հնարավորություն կտա ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների հետ և մեկ քառաակուսի մետր հողից ստանալ ավելի շատ բերք»,-ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց նախաձեռնությունը՝ միաժամանակ նշելով, որ այս պահի դրությամբ ԱՄՆ կառավարությունը ՀՄՀ ծրագրին տրամադրել է ավելի քան 37 մլն դոլար, իսկ համագործակցությունը կշարունակվի ևս 2 տարի` 180մլն. դոլար ընդհանուր արժեքով:

Կոտայքի մարզի Արամուս համայնքի ֆերմեր Սաթենիկ Ղազարյանն ասում է, որ ջերմոցային տնտեսությունում կիրառել է պոլիէթիլենային տեխնիկա, որը հնարավորություն է տալիս փոխել ցանքի ժամանակաշրջանը և ստանալ ավելի բարձր բերքատվություն:

Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ ՋդՇ-ի կարևորագույն նպատակներից մեկն էլ այն է, որ գյուղատնտեսությամբ ավանդական մեթոդներով զբաղվող ֆերմերին սովորեցնում է հետ կանգնել իրենց պապերից ժառանգած մեթոդներից:

Ցուցահանդեսում ներկայացված էին  ՋդՇ 12 բաղադրիչ-ծրագրեր` վարկային, բնապահպանական, ջրի ներտնտեսային կառավարման և այլն:
ՋդՇ ծրագրի վարկային բաղադրիչի շրջանակներում` գործունեության 3 տարիների ընթացքում, 1000 ֆերմերներ ստացել են մոտ 8.5 մլն. ԱՄՆ դոլարի վարկեր:

ՀՄՀ-Հայաստան-ի ՋդՇ բաղադրիչը մոտ 32մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գյուղատնտեսությանն աջակցելու ծրագիր է:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply