«Մեհրաբներ» զորամասում սպանված 21-ամյա Զորիկը մինչ սպանությունը արձակուրդ էր եկել եղբոր երեխայի քառասունքին մասնակցելու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2012 15:18

«Մեհրաբներ» զորամասում սպանված 21-ամյա Զորիկ Մարգարյանը կարող էր չծառայել բանակում, քանի որ քաշն ու հասակը չէին համապատասխանում, սակայն նա ինքն է ցանկացել գնալ բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զորիկի մայրը` Ալվինա Մարգարյանը, նշելով. «Շատ եմ ուզում եմ տեսնեմ, թե ո՞վ է այդ «լավ» արարքը արել, ու հիմա լավ ման է գալու: Ախր նման բան չպիտի լիներ, Ես տանջանքով եմ մեծացրել իմ 4 երեխաներին»:

Զորիկի մայրը պատասխանեց նաեւ NEWS.am-ի հարցերին, ով ընթացքում հաճախ հուզվում էր:

Զորիկին, երբ ճանապարհեցիք բանակ, ինչ տրամադրվածությամբ գնաց: Ասում են, որ նա բանակից ազատվելու հնարավորություն է ունեցել:

2010թ-ի հունիսի 28-ին Զորիկն իր կամքով գնաց բանակ, թեեւ մենք չէինք ցանկանում, որ գնա: Զորիկս ասում էր` պետք է գնամ, որ շրջապատում չասեն, թե չի ծառայել: Զորիկի քաշն ու հասակը չէր ներում, որ գնար ծառայության, բայց որոշեց գնալ: Նույնիսկ այնքան լավ ծառայող է եղել, որ 3 անգամ արձակուրդ է եկել: Վերջին անգամ էլ եկավ թոռնիկիս քառասունքի օրը: Ճանապարհ դնելուց հետո ապրիլի 17-ին զանգահարեց ինձ ու երբ իմացավ, որ եղբայրը պետք է գնա Ռուսաստան, ասաց. «Չմտածես, մնաց 69 օր»: Հետո ասաց, որ ապրիլի 18-ին էլի կզանգի, բայց այդպես էլ չզանգեց: Անձնագրի հարցով տնից դուրս էի եկել եւ ճանապարհին տղերքը զանգեցին ու ասացին շուտ արի տուն, այսպիսի բան է եղել: Ինքը, եթե չգնար բանակ, այսպես չէր լինի: Վերջին անգամ էլ, որ եկավ արձակուրդ, շատ ուրախ էր խոսում, հույս էր տալիս, ասում էր. «Տեսա՞ր մամ ջան, օրերս ինչ շուտ անցավ»:

ՊՆ-ն մինչ օրս պաշտոնապես չի ասում, Զորիկը հակառակորդի՞ գնդակից է զոհվել, թե՞ ծառայակցի: Դուք ինչ-որ բան գիտե՞ք:

Մենք եւս տեղյակ չենք: Ես դեռ ի վիճակի չեմ, որ նախարարություն գնամ իմանամ, ինչ է եղել, բայց պետք է գնամ:

Վարկած կա, որ աղջկա պատմություն է եղել:

Հնարավոր չէ նման բան: Ինքն ընկերուհի չի ունեցել:

Մինչեւ ծառայության մեկնելը Զորիկն ու Կարենը իրար ծանոթ եղե՞լ են, որովհետեւ երկուսն էլ Արաբկիրից են:

Ես այդ տղային չեմ ճանաչում, ճիշտն ասած, հետեւաբար չգիտեմ:

ՊՆ-ից եւ վիրավորված զինվորի կողմից փորձե՞լ են Ձեզ հետ կապ հաստատել:

Չէ: Դե, երեւի, դեռ իրենք հետաքրքրվում են, հետո ինչ-որ նորություն կլինի, նոր մեզ կասեն: Սպասում եմ, մի փոքր հանգստանամ, որ կարողանամ հասնել իրենց մոտ, տեսնեմ ինչ են ասում:

Հասկանալի է, որ դժվար է, բայց կպատմե՞ք, թե Զորիկն ինչ բնավորության տեր տղա է:

Շատ լավ: Պատկերացրեք, երբ անգամ տեսնում էր տղաներին վիճաբանելուց, կռվելուց, հայտնվում էր նրանց մեջտեղում եւ բաժանում, հաշտեցնում: Ասում էր այդպիսի բաներ մի արեք: Ամբողջ Կոմիտասը գիտի իրեն, որ թաղը գնում ես, գիտեն: Նույնիսկ որ տեսնում էր ինչ-որ բանի պակաս ունենք, դուրս էր գալիս մի գործ ստեղծում եւ էդ կոպեկը ներս էր բերում, որ ինչ կարողանանք ապրել:

Իսկ Զորիկը ծառայությունից հետո իր առաջիկա պլանների մասին պատմե՞լ է:

Ասաց. «Մամ ջան, գործ եմ ճարել, 2 ամսից հետո կգամ ու կգնամ կաշխատեմ: Ասում էր ոչինչ, որ ախպերս գնում է, ես իր թիկունքին էլ կլինեմ, Ձեր էլ: Կաշխատեմ մինչեւ ինքը կգա տուն կառնենք ու նոր մեծ տուն կտեղափոխվենք: Էլ ի վիճակի չեմ շարունակել: Մենակ էն եմ ուզում, որ նախարարությունը հետեւի տեսնի, ո՞վ է սպանել բալիս: Դատի ժամանակ էլ նույնիսկ թող ինձ կանչեն: Այնտեղ ես այդ դատին մասնակցեմ, տեսնեմ, թե ով է այդ «լավ» արարքը արել, որ լավ էլ ման է գալու: Նրա ծնողն էլ թող իմ նման մղկտա: Ես տանջանքով եմ մեծացրել իմ երեխաներին 4 երեխա ունեմ 2 աղջիկ, 2 տղա: Ես եւ ամուսինս հաշմանդամ ենք: Ամուսինս 2-րդ կարգի, իսկ ես 3-րդ: Մինչեւ վերջ գնալու եմ, որ այդ դտային իմ աչքի առաջ դատեն, որ իր ծնողն էլ իմ ցավը հասկանա:

Վերջերս նաեւ տեղեկություններ տարածվեցին, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը, սակայն ՊՆ-ն հերքեց:

Մենք այդ մասին ոչ մի տեղեկություն չունենք:

Հ.Գ Հարազատները եւս միացան զրույցին պահանջելով, որ եղելությունը բացահայտվի, որ այսուհետ մայրերը չոր աչքով իրենց երեխաներին բանակ ճանապարհելով թաց աչքով չդիմավորեն, հատկապես Զորիկի դեպքում, ով ունենալով ծառայությունից ազատվելու հնարավորություն ինքնակամ մեկնեց ծառայության պարտքը հայրենիքին կատարելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը, ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ զինվորների մահվան ստույգ պատճառը: Մինչ օրս չի նշվում, թե տղաները հրազենային վնասվածքները հակառակորդի՞ գնդակից են ստացել, թե ծառայակիցների:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը, ով Բագրատաշեն գյուղի բնակիչ է, սակայն Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply