Ադրբեջան. «Շանհայ» թաղամասը`երկաթգծերի անմիջական հարեւանությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 29, 2012 14:43

Իշխանությունները պնդում են, որ երկաթգծերի անմիջական հարեւանությամբ կառուցված շենքերը ենթակա են քանդման:

 

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի աղքատ թաղամասերից մեկի բնակիչները հնարավոր է`տեղահանման ենթարկվեն, քանի որ կառավարությունը մտադիր է քանդել երկաթգծերից խիստ վտանգավոր հեռավորության վրա տեղակայված կացարանները:

«Շանհայ» թաղամասը, ինչպես տեղացիներն են անվանում այն, գտնվում է Կեշլայի մեծ երկաթուղային հանգույցի անմիջական հարեւանությամբ: Առանց համապատասխան շինթույլտվության կառուցված այս տները հիմնականում պատկանում են ղարաբաղյան հակամարտության ընթացքում 90-ականների սկզբին այստեղ գաղթած փախստականներին:

Այժմ իշխանությունները պատրաստվում են քանդել այս կացարաններն Ադրբեջանում եղած նմանատիպ ալ տների հետ միասին`պատճառաբանելով, որ երկաթուղու անմիջական հարեւանության պատճառով ոչ միայն բնակիչների կյանքն է վտանգվում, այլ նաեւ կուտակվող կենցաղային աղբի պատճառով երկաթգծի աշխատանքն է խափանվում:

Ադրբեջանում ապօրինի շինությունների հարցերով զբաղվող հատուկ պետական հանձնաժողովը 5 000 նմանատիպ կացարաններ է հայտնաբերել, որոնք խախտում են 2010-ին ընդունված անվտանգության պահանջների կանոնակարգը: Այս շինություններից 880-ը, որոնցից շատերը գտնվում են «Շանհայ» թաղամասում եւ տեղակայված են երկաթգծերի անմիջական հարեւանությամբ, քանդման ենթակա են համարվում:

Երկաթուղու աշխատակիցները բողոքում են, որ բնակիչներն աղտոտում են երկաթգիծը`խափանելով գնացքների աշխատանքը. մեկ անգամ աղբի պատճառով նույնիսկ վառելանյութով բեռնված գնացքը կարող էր շրջվել, եթե գնացքի մեքենավարը չկարողանար ժամանակին ճիշտ կողմնորոշվել: Իսկ մի քանի տարի առաջ գնացքը դուրս էր եկել երկաթգծից եւ միայն հրաշքով չէր բախվել տներին:

«Երկաթգծերի հարեւանությամբ տեղակայված տները մեծ խնդիրներ են առաջացնում: Նրանց պատճառով վտանգվում է ե´ւ բնակիչների կյանքը, ե´ւ երկաթուղու աշխատանքը», – ասում է «Ադրբեջանի երկաթուղային գծեր» ընկերության մամլո խոսնակ Նադիր Ազմամեդովը:

Անվտանգության կանոնների համաձայն, բնակելի շինությունները պետք է երկաթգծերից առնվազն 52 մետր հեռավորության վրա լինեն, մինչդեռ «Շանհայ» թաղամասում բնակարանները հաճախ գտնվում են անմիջապես երկաթգծի կողքին:

«Կարելի է ասել, որ այստեղ բնակչները գրավել են երկաթուղուն պատկանող տարածքները: Որեւէ անկանխատեսելի միջադեպի, օրինակ`դժբախտ պատահարի կամ հրդեհի դեպքում, մենք չենք կարողանա պատշաճ կերպով արձագանքել, քանի որ անհրաժեշտ սարքավորումները հնարավոր չի լինի բերել», – ասում է Ազմամեդովը`հավելելով, որ երկաթգծի անմիջական հարեւանությամբ եղած տարածքներում ապրելը վտանգավոր է:

«Այս մարդիկ իրենք պետք է ցանկանան հեռանալ: Երկաթգծով անցնող գնացքները նավթ եւ վտանգավոր քիմիկատներ են տեղափոխում: Հետեւաբար, հենց այս վայրում տեղակայված կացարաններն են մեծ վտանգի ենթարկվում», – նշում է նա:

Թաղամասի հին բնակիչներից մեկի`Գյուլնարա Ալիեւայի խոսքերով`Խորհրդային տարիներին այստեղ ընդամենը 300 տներ կային, սակայն նրանց թիվն արագորեն աճել է վերջին 20 տարիների ընթացքում, ինչը պայմանավորված է ղարաբաղյան փախստականների եւ Բաքվում աշխատանք գտնելու ակնկալիքով Ադրբեջանի այլ շրջանների բնակիչների ներհոսքով:

Այլ զվարճանքներ չունենալով`«Շանհայ» թաղամասի երեխաները վոլեյբոլ են խաղում են երկաթգծերի վրա`մի կողմ փախչելով, երբ մոտեցող գնացքի սուլոցն են լսում: Եվ չնայած երկաթուղային ընկերությունը նախազգուշացրել է այս ամենի մասին երեխաների ծնողներին, միեւնույն է, ոչինչ չի փոխվել:

Այն, ինչը կարող է տագնապալից թվալ օտարին, այս թաղամասի բնակիչների համար սովորական երեւույթ է դարձել:

«40 տարի է, ինչ այստեղ եմ ապրում եւ բազում պատահարների ականատես եմ եղել», – ասում է Ալիեւան`հավելելով, որ վկա է դարձել այնպիսի դեպքերի, երբ անցնող գնացքների պատճառով մարդիկ իրենց ոտքերից են զրկվել:

«Երբ ապրանքատար գնացք է անցնում, ողջ տունս ցնցվում է», – ասում է նա:

Ալիեւան պատմում է, թե ինչպես է նրա հարեւանուհին փորձել ընդլայնել տան տարածքը`նորապսակ որդու համար սենյակ հատկացնելու նպատակով: Նա պատշգամբ էր կառուցել, սակայն ճիշտ չէր հաշվարկել հեռավորությունը, եւ անցնող գնացքը պարզապես քանդել էր այն:

Բնակիչների տեղահանման ծրագիրը չի զարմացնում Ալիեւային.

«Միշտ էլ լուրեր էին պտտվում, որ մեր տները քանդելու են: Վերջին հաշվով, ես կուզենայի, որպեսզի կամ մեզ տեղահանեին կամ երկաթգիծը քանդեին: Մենք դեմ չէինք լինի քաղաքի հարմարավետ բնակարաններ տեղափոխվել», – ասում է նա:

Այնուամենայնիվ, իշխանությունները երկաթգծի հարեւանությամբ տեղակայված թաղամասի բնակիչներին չեն պատրաստվում աջակցել այս հարցում, քանի որ պաշտոնյաները հստակ նշել են, որ ապօրինի կառուցված բնակարանների համար փոխհատուցում չի նախատեսվում:

«Բոլորը մեղադրում են երկաթգծի երկայնքով տներ կառուցած այս մարդկանց, բայց ոչ նրանց, ովքեր աչք են փակել այս ապօրինի շինարարության վրա: Բոլորն էլ գիտեն, որ Բաքվում հնարավոր չէ առանց շինթույլտվության տուն կառուցել», – ասում է իրավաբան Յալչին Իմանովը, որը քանդման ենթակա բնակարանների հետ կապված դատական գործերի ոլորտում մեծ փորձ ունի:

Մաջիդ Իմանովը մեքենա էր գնել եւ պատրաստվում էր տաքսի վարել`հուսալով թեթեւացնել ընտանիքի հոգսը, սակայն անցնող գնացքը պարզապես ջարդուփշուր էր արել այն:

«Հույս ունեի բարելավել ընտանիքիս վիճակը, բայց ճիշտ հակառակը ստացվեց: Գաղափար անգամ չունեմ, թե ինչպես եմ մարելու 5000 դոլարի չափով ստացածս վարկը: Բանկն արդեն իսկ դատարան է դիմել`իմ դեմ գործ հարուցելու նպատակով», – ասում է նա:

Իմանովի միակ մխիթարությունն այն է, որ բանկը չի կարող բռնագրավել նրա տունը, քանի որ իրավական տեսանկյունից այն նրան չի պատկանում, եւ նրա ընտանիքը որոշ ժամանակ դեռ ապրելու տեղ կունենա:

 

Դիանա Իսաեւա, Կովկաս

Կովկասյան լրատու # 638

23-ը ապրիլի, 2012թ.

Դիանա Իսաեւան «Novosti-Azerbaijan» լրատվական գործակալության թղթակիցն է:

 Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):


Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply