Մաքսանենգ ոսկյա զարդեր` Երևան-Մոսկվա չվերթում, անօրինական հարգորոշում` ոսկու շուկայում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 28, 2012 16:16

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել: «Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հնարամիտ ուղևորը «թանկարժեք բեռը» թաքցրել էր ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:

Թանկարժեք մետաղների անօրինական գործունեության մի շարք դեպքեր օրերս բացահայտել են նաև օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում: Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:

Միաժամանակ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները: Պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Սարգսյանը Կորյունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի զբաղվում էր ատամնատեխնիկի գործունեությամբ:
Օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ բաժնի աշխատակիցներն Արարատի մարզի Եղեգնավան գյուղում հայտնաբերել են շուրջ 2 ամիս հարկային դաշտից դուրս գործող` Մանվել Մարտիրոսյանին պատկանող ատամնաբուժարան: Իսկ նույն մարզի Բանավանում անհատ ձեռնարկատեր Գագիկ Թորոսյանին պատկանող խանութում հայտնաբերել են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված 13 լիտր ցորենի սպիրտ:

Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply