Ադրբեջանական ընդդիմության փոքրաթիվ հանրահավաքն աննկատ անցավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 28, 2012 15:55

Կարծիքներ կան, որ ընդդիմության ցույցի մասնակիցների սակավաթվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները ստիպեցին բողոքի ակցիան քաղաքից դուրս անցկացնել, իսկ ավտոբուսների երթեւեկությունն այդ ուղղությամբ ժամանակավորապես դադարեցվեց:

Մարտական տրամադրված ընդդիմադիր կուսակցությունները յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես արտոնված ցույց կազմակերպեցին, սակայն հանրահավաքն այնքան փոքրաթիվ էր, որ այն առանձնակի ուշադրության չարժանացավ իշխանամետ քաղաքական օղակների կողմից:
Ապրիլի 8-ին Բաքվի արվարձաններից մեկում կայացած բողոքի ակցիան կազմակերպվել էր Ադրբեջանի ընդդիմության «Հանրային պալատ» միավորման կողմից: Քաղաքային իշխանությունները նախկինում առաջարկել էին ընդդիմության ներկայացուցիչներին այս վայրը ցույցերի կազմակերպման համար օգտագործել, սակայն վերջիններս մերժել էին առաջարկը`պահանջելով թույլտվություն տրամադրել մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք կազմակերպելու համար:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին խոստովանում է, որ ընդդիմությունը ստիպված եղավ զիջումների գնալ հանրահավաքի կազմակերպման վայրի հարցում:
«Մենք զիջել ենք ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին: Ոչինչ չի փոխվել կառավարության հետ մեր հարաբերություններում», – նշվում է Քերիմլիի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով`քանի որ պոտենցիալ ցուցարարները վախենում էին Բաքվի կենտրոնում չթույլատրված ցույց անցկացնելու դեպքում հնարավոր ձերբակալություններից եւ հարձակումներից, «մենք պարզապես ստիպված ենք համաձայնվել իշխանությունների առաջարկած վայրն օգտագործել»:
Հանրահավաքին ելույթ ունեցողները, մասնավորապես, անդրադարձան լրագրողների խնդիրներին, հավաքների ազատության իրավունքի հարցին եւ պաշտոնական օղակներում տարածված կաշառակերությանը: Ցուցարարներից ոմանք կառավարությանը հրաժարականը տալու կոչ անող կարգախոսներ էին վանկարկում, սակայն այդպես էլ չստացան ընդդիմության առաջնորդների աջակցությունը:
«Այդ կարգախոսն իրատեսական կդառնա միայն այն դեպքում, եթե մեր միջոցառումների մասնակիցների թիվը հասնի հարյուր հազարավորների», – հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:
Կազմակերպիչների խոսքերով`հանրահավաքին ավելի քան 10 հազար ցուցարարներ են մասնակցել, մինչդեռ ոստիկանությունը նշում է, որ մասնակիցների թիվը չի գերազանցել 1200-ը:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովն իր հերթին արհամարհանքով է արտահայտվել ընդդիմության ցույցի մասին. «Ցանկացած հանրահայտ մարդու թաղմանն այս ցույցի մասնակիցներից երեք անգամ ավելի շատ մարդիկ կլինեին: Հանրահավաքի մասնակիցների թիվն այնքան փոքր է, որ ես այն նույնիսկ բողոքի ակցիա չէի էլ կոչի»:
Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ հանրահավաքի մասնակիցների թիվը կրճատվել է իշխանությունների ստեղծած խոչընդոտների շնորհիվ: Մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանում այդ օրը եղած ուղեւորների խոսքերով` հավաքի անցկացման վայրը մեկնող հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Դադաշ Դադաշովի խոսքերով`ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը տրանսպորտի նախարարության հրահանգով: Դադաշովն այնուհետեւ հասել է հանրահավաքի անցկացման վայրին ամենամոտ գտնվող մետրոյի կայարանը, սակայն այստեղ էլ էր նրան հիասթափություն սպասում:
«Սովորաբար, Մայիսի 28-ի մետրոյի կայարանից բազմաթիվ երթուղայիններ են մեկնում: Սակայն այդ օրը պարզվեց, որ դրանք չէին աշխատում: Ես անգամ տաքսի չկարողացա նստել, որովհետեւ երբ վարորդները լսում էին, թե որտեղ էի պատրաստվում գնալ, հրաժարվում էին ինձ այնտեղ տանել: Այդ պատճառով ստիպված եղա ոտքով գնալ եւ բաց թողեցի ցույցի սկիզբը», – պատմում է նա:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Նամիգ Հասանովը հերքում է այն ենթադրությունները, որ ավտոբուսների երթուղիները խափանված են եղել կամ պարզապես չեն գործել համապատասխան հրահանգների հիման վրա:
Նախկինում ընդդիմության շարքերը համալրող, իսկ այժմ առավելապես իշխանամետ դիրքորոշում որդեգրած «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեն այն կարծիքին է, որ բողոքի ցույցն անիմաստ էր:
«Մարդիկ անգամ չեն էլ խոսում այդ մասին: Իսկ մարդիկ ասելով`նկատի ունեմ ոչ թե քաղաքական գործիչներին կամ մարդկանց, որոնք ակտիվ են հասարակական կյանքում, այլ`շարքային քաղաքացիներին: Սա ցույց է տալիս, որ բողոքի ցույցը նշանակալի իրադարձություն չէր: Ընդհանրապես, ես կողմ եմ բողոքի ակցիաների կազմակերպման գաղափարին: Կառավարությունը չպետք է միջամտի ընդդիմության գործունեությանը, չնայած նրանք [ընդդիմության առաջնորդները] պետք է ամենասկզբում ընդունեին հանրահավաքի անցկացման վայրի վերաբերյալ առաջարկը, առանց 7 տարի կորցնելու», – ասում է նա:
Ագազադեն նաեւ նշեց, որ չի մասնակցել հանրահավաքին, քանի որ իր կուսակցությունը «Հանրային պալատի» անդամ չէ:
«Սակայն հաջորդ անգամ նրանց միանալու առաջարկ ստանալու դեպքում, մենք կքննարկենք այդ հնարավորությունը», – ասաց նա:
Սեյմուր Քազիմով, Կովկաս
Կովկասյան լրատու # 637
16-ը ապրիլի, 2012թ.
Սեյմուր Քազիմովը ազատ լրագրող է Ադրբեջանում:

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply