Երիտասարդ թեկնածուները երիտասարդների հետ քննարկեցին երիտասարդությանը հուզող խնդիրներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2012 15:49

Հանրային խորհրդի Երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովը, որը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Ազգային ժողովի մեծամասնական և համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ՝ ծանոթանալու երիտասարդությանն առնչվող նրանց ծրագրերին և քննարկելու երիտասարդությանը հուզող խնդիրներ, այսօր՝ ապրիլի 28-ին, անցկացրեց հերթական հանդիպումը մի շարք թեկնածուների հետ:

Այս անգամ երիտասարդների հյուրերն էին «168 ժամ» թերթի խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սաթիկ Սեյրանյանը, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընգրկված Դավիթ Սանասարյանը, «ՕԵԿ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Կարապետյանը և թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը:

Թեկնածուները ներկայացրեցին երիտասարդության խնդիրների վերաբերյալ իրենց նախընտրական ծրագրերի դրույթները, քննարկվեցին երիտասարդներին հուզող ամենահրատապ խնդիրները՝ կրթության, զբաղվածության, արտագաղթի և այլ ոլորտներում:

Դավիթ Կարապետյանը, ներկայացնելով «ՕԵԿ»-ի նախընտրական ծրագիրը, նախ մատնանշեց այն ծրագրերը, որոնք կուսակցությունն արդեն իրականացրել է՝ մրցակցային կրթություն, անվճար ծննդօգնություն, երիտասարդ ընտանիքներին ուղղված ծրագրեր: Նա հայտնեց, որ իրենք շարունակելու են աշխատանքներ իրականացնել, որպեսզի երիտասարդների համար հիփոթեքային վարկերից օգտվելն առավել հասանելի լինի՝ մասնավորապես, լինի պետական երաշխավորություուն և կանխավճարի բացակայություն:

Կուսակցությունը նախաձեռնելու է նաև երկու և ավելի զինվոր ունեցող ընտանիքներին սոցիալական փաթեթ տրամադրելու ծրագիր:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը երիտասարդությանն ուղղված իրենց ծրագրերում կարևորեց սպորտի զարգացումը, արտասահմանյան բարձրակարգ ուսումնական կենտրոններում հայ երիտասարդության կրթության խթանումը և ձեռք բերած գիտելիքները Հայաստանին ի նպաստ դնելը, գյուղաբնակ և սահմանամերձ բնակավայրերում մշակույթի և մարզական շինությունների, խաղահրապարակների, հանգստի և ժամանցի գոտնիների վերանորոգումն ու կառուցումը, գյուղական երիտասարդների համար ԲՈՒՀ-եր ընդունվելու արտոնյալ պայմանների ստեղծումը և այլն:

Տիգրան Գրիգորյանն իր մտահոգությունը հայտնեց երիտասարդության քաղաքականացման վերաբերյալ՝ նշելով, որ դա խտրականություն է առաջացնում երիտասարդների հավասար առաջխաղացման գործում:

Սաթիկ Սեյրանյանն էլ երիտասարդներին կոչ արեց լինել ակտիվ և հետևողականորեն հասնել բարձրացված հարցերի լուծմանը: Նա, որպես թերթի խմբագիր, իր սեփական փորձից օրինակներ բերելով, վստահեցրեց, որ ցանկացած խնդիր ունի իր լուծման ճանապարհները, եթե ցուցաբերվում է կամք և համառություն:

Այսօրվա հանդիպումը հետաքրքիր էր նրանով, որ հրավիրված թեկնածուները նույնպես երիտասարդներ էին և քննարկվող հարցերը հրատապ էին ոչ միայն ընտրողների, այլ հենց իրենց՝ թեկնածուների համար:

Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի հետ՝ անկախ նրանից՝ առաջիկա ընտրություններից հետո կլինե՞ն խորհրդարանուն, թե՞ ոչ:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply