«Իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների միջեւ համագործակցությունը»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 28, 2012 15:48

Ապրիլի 26-ից 27-ը Երևանի «Անի» հյուրանոցում անցկացվեց ԵՄ/ԵԽ Արևելյան «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի հերթական տարածաշրջանային սեմինար՝ «Իրավապահ մարմինների

եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների միջեւ համագործակցությունը» թեմայով: Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական ՍարգսյանըՀայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներն ու փորձագետները։
Միջոցառմանը հրավիրված էին նաեւ ինտերնետ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ։
 Իր ելույթում անդրադառնալով արդիական թեմայով տարածաշրջանային նմանօրինակ սեմինարի անցկացման կարևորությանը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշեց. «Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև կիբեռհանցագործությունները՝ դառնալով տրանսնացիոնալ, մտնելով տնտեսության բոլոր ոլորտները և ձեռք բերելով նոր ձևեր: Կիբեռհանցագործություններն այսօր սկսվում են մի երկրում, կարող են շարունակվել տարբեր երկրներում և ավարտվել բոլորովին այլ երկրում: Հանցագործներն օգտվում են պետությունների օրենսդրական դաշտի տարբերություններից, թերություններից և հակասություններից: Այս չարիքի դեմ ոչ մի պետություն չի կարող պայքարել առանձին վերցրած և գտնում ենք, որ «Կիբեռհանցագործությունների մասին» եվրոպական  կոնվենցիան այսօր այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս պետություններին միավորել իրենց ջանքերը, մշակել ընդհանուր մոտեցումներ և մեխանիզմներ այս հանցատեսակների դեմ պայքարում:
ՀՀ իրավապահ մարմիններն այսօր ստեղծել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարով մասնագիտացած ստորաբաժանումներ՝ ոստիկանության կազմում գործում է մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանում, գործում է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի և Մեծ ութնյակի (G-8) 24/7 ազգային կոնտակտային կետը:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի խնդիրները գտնվում են ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընդգրկված են ոստիկանության բարեփոխումների ծրագրում: Բացի այդ այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ:  2011 թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան օգնությամբ վերազինվեց ՀՀ ոստիկանության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, իսկ այս տարի ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նույն բաժնին աջակցելու այս ոլորտում գործող օրենսդրության միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան օրենսդրական փոփխությունների փաթեթի մշակման խնդրում:  Մշակվել է համատեղ գործողությունների ծրագիր:
Եվրոմիության/Եվրոխորհրդի Արևելյան գործընկերություն – «Միջոց» ձեռնարկի շրջանակներում «Համագործակցություն կիբեռհանցագործության դեմ պայքարի ոլորտում» այս ծրագրի արդյունքներից կարելի է համարել նաև այն, որ ՀՀ Գլխավոր դատախազությունում այս ամսվա սկզբին ստեղծվեց Կիբեռհանցագործությունների գործերով վարչություն, իսկ Ոստիկանությունում ներկայումս քննարկվում է Քննչական գլխավոր վարչությունում կիբեռհանցագործությունների գործերով մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման հարցը:
Կարծում ենք, սակայն, որ դեռ շատ անելիքներ ունենք, թե օրենսդրական դաշտում և թե պրակտիկ աշխատանքում:
Այս առումով անչափ կարևոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը, փորձագետների այցելությունները և փորձի փոխանակությունը:
Գտնում եմ, որ այս սեմինարը արդիական է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանի մյուս մասնակից պետությունների համար»:
Սեմինարի ընթացքում քննարկվել են հետեւյալ հարցերը.
–     Ծրագրում ընդգրկված երկրներում իրավապահ մարմինների եւ ինտերնետ
ծառայություններ մատուցողների միջեւ համագործակցության ներկա վիճակը,
–    Կիբերհանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության մասին 2008 թ. ուղեցույցի հիման վրա կողմերի միջեւ համագործակցության համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը,
–  Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում իրավապահ մարմինների եւ ինտերնետ ծառայություններ մատուցողների համագործակցության վերաբերյալ կոնկրետ քայլերը։
Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply