ԱԺ ընտրություններ 2012. Ապրիլի 27-ի դրությամբ ստացվել է 22 հաղորդում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 27, 2012 21:03

 Տեղեկանք

2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ զինվորական կենտրոնական, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների,  մարզերի եւ կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ

27.04.2012թ.,  ք.Երեւան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման աշխատանքները համակարգելու, այդ ոլորտում դատախազական հսկողության արդյունավետությունը եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի`  2012թ. մարտի 23-ի թիվ 6 հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Հրամանի համաձայն՝ ՀՀ գլխավոր եւ զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր եւ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը, մինչև ժամը 11:00-ն, ամփոփ տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի եւ արդյունքների մասին:

Հրամանի 4-րդ կետով հանձնարարվել է նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավոր խորհրդականին եւ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին` ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները եւ դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու եւ արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար:

Սույն տեղեկանքում արտացոլված են Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ զինվորական կենտրոնական, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ դատախազության կողմից ուսումնասիրված լրատվության միջոցներում տպագրված նյութերը.

1. 2012թ. մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է եղել Էջմիածին քաղաքի թիվ 19 ընտրատարածքում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանի դիմումն այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել  քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, մինչդեռ իր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը տեւական ժամանակով, որն ընդգրկում է 2010թ. մայիսի 15-ից մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, սակայն թիվ 19 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովին է ներկայացրել փաստաթղթեր, որ իբր վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:

Հեղինակը դիմումում նշել է նաեւ, որ նույն կերպ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ են գրանցվել Խաչիկ Սուքիասյանը եւ Է.Մադաթյանը, որոնք նույնպես տեւական ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:

Դիմումատուն խնդրել է քննարկել Ս.Սեդրակյանին` ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելու հարցը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Նկատի ունենալով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու հարցի քննարկումը վերապահված է ընտրական հանձնաժողովին` Հ.Հակոբյանի դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել է դիմումատուին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012թ. մարտի 24-ի որոշմամբ ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունների շրջանակում ԱԺ պատգամավորի թեկնածու Սեդրակ Սարոյանի` որպես պատգամավորի թեկնածուի գրանցման հարցը քննարկելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասով վերահասցեագրել է թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի` 2012թ. մարտի 27-ի թիվ 6-Ա որոշմամբ Հ.Հակոբյանի դիմումը մերժվել է:

2. 2012թ. մարտի 26-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Ռուբեն Թորոսյանի 2012թ. մարտի 24-ի Ը-049 հաղորդումն այն մասին, որ ՀՀ վարչապետը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, քարոզչություն է իրականացրել՝ օգտագործելով պետական միջոցները:

Հաղորդումում նշվել է նաև, որ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ քարոզչություն են իրականացրել «Համերաշխություն», «ՄԱ», «ԺԱԿ», «ՍԻՄ» կուսակցությունները, օտարերկրյա կազմակերպությունների անունից ԵԺԿ նախագահը՝ հօգուտ ՀՀԿ-ի, Լուռու մարզպետը՝ հօգուտ իր կուսակցության շահերի, իսկ ՀՀ վարչապետի` մարզերում անցկացրած քարոզչական հանդիպումները հեռարձակվել են հեռուստաընկերություններով, ինչով խախտվել է իր ընտրական իրավունքն ու անցանկալի ազդեցություն  ունեցել իր կամքի ազատ արտահայտման վրա: Նշվել է, որ ՀՀԿ-ի ղեկավարն անդամատոմսեր եւ կրծքանշաններ է հանձնել մի շարք անձանց, այդ թվում` Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ղեկավարին, ինչը նույնպես հեռարձակվել է եթերով, Հանրային ռադիոյով, եւ այդ մասին տեղեկատվություն է տարածվել Արմենպրեսով, եւ ՀՀԿ-ի վերջին համագումարում ՀՀԿ Նախագահի քարոզչական ելույթն ու ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ՀՀԿ անդամատոմսերի հանձնման միջոցառման մասին տեղեկոթյուները հրապարակվել են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները,  իրականացրել է քարոզչություն` հեռարձակելով «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» եվրոպական կազմակերպության սոցիալական հարցման արդյունքները:

Նկատի ունենալով, որ ստացված հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Ռ.Թորոսյանի դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել է դիմումատուին:

Վերոնշյալ փաստարկների մասին դիմումատուն նշել է նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրած իր նախորդ դիմումներում, որոնց քննարկման արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով մերժվել էին, իսկ միեւնույն առարկայի եւ միևնույն հիմքերով ներկայացված դիմումներով (բողոքներով), որոնց քննությամբ առկա են եղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումներ, վարչական վարույթները կարճվել են:

3. 2012թ. ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի դիմումն այն մասին, որ ՀՀ ոստի-կանության հրապարակած տվյալների համաձայն` ընտրողների թիվը 2 մլն 482 հազար է, այսինքն` Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է մոտ 170.083-ով, այն դեպքում, երբ մարդահամարի տվյալներով, ըստ որոշ լրատվամիջոցների հրապարակումների, Հայաստանում բնակչության թիվը մոտ 100 հազարով նվազել է, եւ սովորաբար ընտրողների թիվը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 60-65 տոկոսը, որը Հայաստանում կկազմի մոտ 1,6 մլն մարդ:

Դիմումի հեղինակի գնահատմամբ ընտրացուցակներում տեղ գտած տվյալներն ուռճացված են, ինչի կապակցությամբ խնդրել է ստուգել ընտրացուցակներում արտացոլված տվյալների իսկությունը եւ դրանց տալ իրավական գնահատական:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի` 2012թ. ապրիլի 15-ի գրությամբ հայտնվել է, որ 2008թ. փետրվարի 18-ի` ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.311.917 ընտրող, իսկ 2012թ. մայիսին 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար` 2.482.000 ընտրող, այսինքն` 170.083-ով ավելի, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ 2012թ. ապրիլի  15-ի դրությամբ ընտրացուցակներում ընդգրկվել է 359.614 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի` ՀՀ Նախագահի ընտրությունների ցուցակներում:

Այսպես` 185.236 ընտրողների 18 տարին լրացել է 2008թ. փետրվարի 19-ից հետո, իսկ 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառել են 2008թ. փետրվարի 18-ից հետո: Նշված թվով ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում գրանցվել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում (2007թ. ՀՀ քաղաքացիություն է ընդունել 223 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2008 թվականից մինչև 2011 թվականը` 27.780 օտարերկրյա քաղաքացի), պետական նպաստներ ստանալու նպատակով (ՀՀ Կառավարության` 2010թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1763-Ն որոշմամբ նպաստառու ընտանիքի կազմը որոշելու համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում սահմանվել է նաեւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը` նախկին բնակության վայրից տեղեկանքների փոխարեն):

Բացի այդ, զգալի թվով քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի եւ նշված օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ՀՀ ոստիկանության պետի` 2008թ. օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանով սահմանված պահանջներից ելնելով, որի համաձայն` անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

2008թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434 անձի մահվան պատճառով:

Այսպիով, վերոնշյալ դիմումի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած եւ նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը 2012թ. ապրիլի 15-ի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:

Վերոգրյալի մասին հայտնվել է նաեւ դիմումի հեղինակին:

4. 2012թ. ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, «ԷԳԱ» ՍՊ ընկերության  հետ կնքված պայմանագրի համաձայն` Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում, «ՎԻՎԱ» խանութի դիմաց գտնվող վահանակի վրա իր գովազդային պաստառը տեղադրելու ժամանակ եկել է Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, սպառնալիքներ տվել պաստառը տեղադրող երկու աշխատակիցներին եւ չի թույլատրել այն տեղադրել:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Անուշավան Նիկողոսյանը բացատրություն է տվել, որ ՀՀ ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու գրանցվելուց հետո պայմանագիր է կնքվել «ԷԳԱ»  ՍՊ ընկերության հետ` վերջինիս պատկանող, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում գտնվող, գովազդային վահանակներին իր նախընտրական գովազդային  պաստառները  տեղադրելու վերաբերյալ: 2012թ. ապրիլի 8-ին  Վանաձոր քաղաքի բնակիչներ Կարեն Գոգյանը եւ Արտյոմ Մանուկյանը, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, Ստեփանավան քաղաքում պաստառները տեղադրելուց հետո նույն նպատակով մեկնել են Տաշիր քաղաք:

Ժամը 18:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Կարեն Գոգյանը եւ հայտնել, որ Տաշիր քաղաքում պաստառը տեղադրելու ընթացքում մի քանի անձանց ուղեկցությամբ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը եւ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել է տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել:

Կարեն Գոգյանը եւ Արթուր Մանուկյանն իրենց բացատրություններով ամբողջու-թյամբ հերքել են Նշան Սողոյանի կողմից սպառնալիքներ տալու եւ քաղաքից հեռանալու պահանջ դնելու մասին Անուշավան Նիկողոսյանի ներկայացրած հանգամանքը եւ հայտնել են, որ վերջինիս նախընտրական պաստառը փակցնելու աշխատանքների կատարման ընթացքում մի քանի անձանց հետ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, պահանջել է ներկայացնել գովազդը տեղադրելու թույլտվությունը եւ դրա հիմքերի վերաբերյալ  փաստաթղթեր, ապա տեղեկանալով, որ դրանք բացակայում են` առաջարկել է դադարեցնել աշխատանքները եւ դրանք շարունակել` համապատասխան փասաթղթերի առկայության դեպքում, որից հետո հարցուփորձ անելով, թե ում գովազդային պաստառն է տեղադրվում` հեռացել է:

Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը բացատրություն է տվել, որ 2012թ. ապրիլի 8-ին տեղեկանալով, որ Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղում` «Վիվա» հանրախանութի հարեւանությամբ, անծանոթ անձանց կողմից  փակցվում են գովազդային պաստառներ, իր ծառայողական ավտոմեքենայով գնացել է նշված վայրը, որտեղ, նրան տեսնելով` մոտեցել են նույն քաղաքապետարանի քաղաքային տնտեսություն սպասարկող հիմնարկի տնօրեն Նորայր Բաղդասարյանը, ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Միսակ Քերոբյանը եւ Տաշիր քաղաքի բնակիչ Սարիբեկ Մարգարյանը:

Տեսնելով անծանոթ 2 անձանց կողմից գովազդային պաստառներ փակցնելու փաստը` ներկայացել է եւ նրանցից պահանջել է այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան թույլտվությունը եւ տեղեկանալով, որ դա բացակայում է` պարզաբանել է, որ պաստառները կարելի է տեղադրել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո` դրանց հիմնավոր լինելու դեպքում եւ կարճ ժամանակ անց իր գործընկերների հետ հեռացել է:

Նշան Սողոյանը հայտնել է նաեւ, որ ինքը որեւէ մեկի չի սպառնացել, քաղաքից հեռանալու պահանջ չի ներկայացրել,  ընդամենը իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները:

Նշան Սողոյանի բացատրությունում նշված հանգամանքներն ամբողջությամբ հաստատել են Նորայր Բաղդասարյանը, Միսակ Քերոբյանը եւ Սարիբեկ Մարգարյանը:

Վերոգրյալի մասին հայտնել են նաեւ ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ՃՊԾ ավագ տեսուչ Ռուդիկ Օհանյանը եւ տեսուչ Ռադիկ Ներսիսյանը`  միաժամանակ նշելով, որ այդ ժամին այնտեղ են գտնվել եւ վարչական իրավախախտում կատարելու` երթեւեկությանը խոչընդոտելու համար տեղում պաստառ փակցնող վերամբարձ ավտոմեքենայի վարորդին բանավոր նախազգուշացում են արել եւ հեռացել:

Վերոգրյալը հիմնավորվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրությամբ:

Նախապատրաստված նյութերով Նշան Սողոյանի կամ մեկ այլ անձի կողմից Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզչական պաստառը փակցնելու, նրա ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորությամբ ապօրինաբար խոչընդոտելու, ինչպես նաեւ Արտյոմ Մանուկյանին եւ Կարեն Գոգյանին սպառնալինքեր տալու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այլ հիմնավորվել է, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, իր պաշտոնական լիազորություններն իրականացնելով, փորձել է պարզել  գովազդային պաստառը փակցնելու հիմնավորվածությունը, դրա առնչությամբ որեւէ մեկին սպառնալիքներ չի տվել եւ ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք չի կատարել:

Նախապատրաստված նյութերով 2012թ. ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

5. 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 19:40-ին, Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:40-ի սահամաններում, անհայտ անձինք Երեւան քաղաքի Սվաճյան փողոցի 44 շենքի 1-ին հարկի շքամուտքում ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին՝  պատճառելով մարմնական վնասվածքներ:   Բացի այդ, նույն օրը ՀՀ ոստիկանության  Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ  քթի վնասվածքով բուժօգնության է դիմել  Բաբկեն Գարոյանը:

Փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, որոշում է կայացվել` Բ.Գարոյանին տուժող ճանաչելու մասին:   Գ.Առուստամյանը հայտարարել է, որ մարմնական վնասվածքներ չի ստացել՝ հրաժարվելով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Նախաքննության ընթացքում՝ 2012 թ. ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է  ներկայացել Երեւան քաղաքի  բնակիչ Վ.Վարդանյանը՝ հայտնելով, որ 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի շքամուտքում վիճաբանել է  պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին, ինչի հետեւանքով վերջինիս ակնոցները կոտրվել են դեմքին:

Նախաքննությունը շարունակվում է:

6. 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանից այն մասին, որ անհայտ անձինք Սվաճյան 36 հասցեում  խոչընդոտում են իրենց նախընտրական քարոզչությանը՝ թույլ չտալով բաժանել քարոզչական նյութեր` նշելով, որ  խոչընդոտող մարդկանց մեջ կա Հարութ անունով անձնավորություն:

Նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ հայտնել, որ Երեւան քաղաքի Սվաճյան 34 հասցեում անհայտ  անձինք խոչընդոտում են  ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանի կողմնակիցներին քարոզչական նյութերի տարածմանը: Նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել նաեւ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանից այն մասին, որ անհայտ անձինք Երևան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասում խոչընդոտում են իրազեկման աշխատանքներին:

Հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի ընթացքում պարզվել է ոմն Հարութի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի Հարություն Վարդումյանը: Վերջինս, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանը տվել են բացատրություններ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

7. 2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Սոկրատ Մկրտչյանից այն մասին, որ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից ծրարներով բաժանվել են քարոզչական նյութեր՝  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների անունով՝ մեկական օրինակով, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտչական տեղեկություններ ՀՀԿ-ի եւ թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ:

Հաղորդման կապակցությամբ նախապտարստովում են նյութեր:

8. 2012թ. ապրիլի 17-ին` ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել ՀՀ ԱԺ պատգամավորության ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ Կարեն Հարությունի Թովմասյանից այն մասին, որ անհայտ անձինք, Երեւան քաղաքի Սեբաստիա 22 հասցեում գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց իրեն կանգնեցնելով, ձեռքից վերցրել են քարոզչական նյութեր` 25 ծրար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Երեւան քաղաքի Սեբաստիա 22 շենքի 58-րդ բնակարանի բնակչուհի Ալիսա Սարգսյանը, նույն շենքի 22-րդ բնակարանի բնակիչներ Հովհաննես եւ Խաչատուր Գալստյանները, 24-րդ բնակարանի բնակչուհի Օվսաննա Կուպչյանը տվել են բացատրություններ այն մասին, որ լինելով ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներ` նշված երիտասարդի ձեռքում նկատել են այն նույն ծրարները, որոնց մեջ առկա են եղել Ս.Ալեքսանյանի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, ուստի մոտենալով նրան` վերցրել են այդ ծրարները նրա ձեռքից եւ պատռել:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

9. 2012թ. ապրիլի 20-ին` ժամը 15:11-ին, թեժ գծով ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ստացվել Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 4 շենքի 15/1 բնակարանի բնակչուհի Լաուրա Լեւոնի Թելունցից այն մասին, որ ընտրացուցակում նշված են թիվ 1358 համարի տակ` Աշոտ Գրիգորյանի, թիվ 1362 համարի տակ` Մերի Մանուկյանի,  ինչպես նաեւ` Արթուր Գրիգորյանի անուններն ու ազգանունները, որոնք 2000 թվականից, իսկ Վերգինե Գրիգորյանը 2005 թվականից դուրս են գրվել Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 4 շենքի 15 բնակարանի հաշվառումից, սակայն դեռևս մնացել են ընտրացուցակում ներառված: Ըտրացուցակում նշված է նաեւ նույն բնակարանի նախկին բնակիչ Դավիթ Գրիգորյանի անունը եւ ազգանունը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը:

10.  2012թ. ապրիլի 19-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Ռուբեն Թորոսյանի` 2012թ. ապրիլի 18-ի Ը-119 հաղորդումն այն մասին, որ ՀՀ Նախագահը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, պաշտոնեական իր լիազորություններն իրականացնելիս 2012թ. ապրիլի 11-ին քարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի օգտին Արմավիրի մարզում, մարդկային ռեսուրսներ է օգտագործել (ՀՀ փոխվարչապետ եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ) ՀՀԿ-ի օգտին նույն օրն իրականացրած քարոզչության ժամանակ, եւ 2012թ. ապրիլի 13-ին քարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի օգտին Արարատի մարզում, 2012թ. ապրիլի 16-ին` Սյունիքի մարզում ու քարոզչություն իրականացնելիս (Քաջարան), խախտելով վերոնշյալ օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, ընտրողներին խոստումներ է տվել` ընթացք տալ նրանց խնդիրներին:

Հաղորդումում նշվել է նաեւ, որ «Հ1» հեռուստաընկերության 1-ին լրատվականը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները եւ ցուցաբերելով ակնհայտ խտրական մոտեցում, 2012թ. ապրիլի 11-ին քարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի օգտին` հեռարձակելով «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության` ՀՀԿ-ի օգտին քարոզչական հաղորդումը, ԱԺ պատգամավորները, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի     1-ին մասի 1-ին կետի պահանջը, պաշտոնեական իրենց լիազորություններն իրականացնելիս շարունակում են նախընտրական քարոզչությամբ զբաղվել եւ որպես հետևանք` ԱԺ նիստ չի գումարվում ս.թ. ապրիլի 10-12-ը, ՀՀ Նախագահի աշխատակազմը եւ  «Հ1» հեռուստաընկերությունը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, «Հ1» հեռուստաընկերության 1-ին լրատվականով 2012թ. ապրիլի 11-ին լայնածավալ տեղեկատվություն են տարածել` քաղաքական պաշտոն զբաղեցնող (ՀՀ Նախագահ), ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Ս.Սարգսյանի պաշտոնեական գործունեության մասին Ծաղկաձորում, ՀՀ Նախագահի աշխատակազմը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը,

«Հ1» հեռուստաընկերության 1-ին լրատվականով 2012թ. ապրիլի 12-ին տեղեկատվություն է տարածել` նորանշանակ դատավորի երդման արարողությանը քաղաքական պաշտոն զբաղեցնող, ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Ս.Սարգսյանի մասնակցության մասին, «Հ1» հեռուստաընկերության 1-ին լրատվականը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, 2012թ. ապրիլի 12-ին` իր 2100 թողարկման ժամանակ, տեղեկատվություն է տարածել ՀԱՊԿ ինտերակտիվ խորհրդակցության մասին, որով լուսաբանել է քաղաքական պաշտոններ զբաղեցնող (ԱԱԽՔ, ԱԺ պատգամավոր) ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը, նման տեղեկատվություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ, տեղակատվություն է տարածել` «Երևանն աշխարհի գրքի մայրաքաղաք» միջոցառման ժամանակ քաղաքական պաշտոն զբաղեցնող ՀՀ Նախագահ ԱԺ պատգամավորի թեկնածուի ելույթի մասին, մշակութային միջացառման մասին` լուսաբանելով նաեւ քաղաքական պաշտոն զբաղեցնող ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար ԱԺ պատգամավորության թեկնածուի գործունեության մասին, ՀՀ Նախագահի աշխատակազմը,

«Հ1» հեռուստաընկերության 1-ին լրատվականը եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, 2012թ. ապրիլի 13-ին լայնածավալ տեղեկատվություն են տարածել քաղաքական պաշտոն զբաղեցնող (ՀՀ Նախագահ), ՀՀԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորության թեկնածու Ս.Սարգսյանի` Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի մասին, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունը 2012թ. ապրիլի 13-ին իր լրատվական ծրագրով լուսաբանել է քաղաքական պաշտոն զբաղեցնող ՀՀ քաղաքաշինության նախարար ԲՀԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորության թեկանծուի գործունությունը:

Նշվել է նաեւ, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, 2012թ. ապրիլի 13-ին տեղեկատվություն է տարածել` քաղաքական պաշտոն զբաղեցնող (նախարար), ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Ա.Աշոտյանի գործունեության մասին, ԱԱԽՔ-ը և «Հ1» հեռուսաընկերությունը` ՀԱՊԿ նիստի մասին, որով լուսաբանել է քաղաքական պաշտոն զբացեղնող (ԱԱԽՔ) – ՕԵԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորության թեկնածու Ա.Բաղդասարյանի գործունեությունը, ՀՀ Նախագահի աշխատակազմը, «Հ1» հեռուսաընկերությունը եւ Արմենպրսը 2012թ. ապրիլի 14-ին տեղեկատվություն են տարածել` ՀՀ Նախագահ ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից ոսիկանության մի խումբ աշխատողների պարգեւատրման մասին,

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը 2012թ. ապրիլի 15-ին իր եթերում հեռարձակել է լայնածավալ հաղորդում շաբաթօրյակի մասին, որով լուսաբանել է Երեւանի քաղաքապետ ԱԺ պատգամավորի թեկնածուի գործունեությունը, Հանրային ռադիոն «Ռադիոլուր» ծրագրով հեռարձակել է սոցիալական հարցման արդյունքները, Արմենպրեսը եւ Հանրային ռադիոն 2012թ. ապրիլի 16-ին լուսաբանել են ՀՀ Նախագահ, ՀՀ վարչապետ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը, Հանրային հեռուստաընկերությունն իր «1-ին լրատվական» ծրագրով, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, 2012թ. ապրիլի 16-ին լուսաբանել է ՀՀ Նախագահ, ՀՀ էներգետիկայի նախարար, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը` աշխատանքային այցը Սյունիքում,

Արմենպրեսը,  «Շանթ», «Երևա», Հանրային հեռուստաընկերությունը 2012թ. ապրիլի 16-ին իրենց ծրագրերում լուսաբանել են համապատասխանաբար` ՀՀ Կառավարության աշխատակազի ղեկավարի գործունեությունը, ՀՀ Նախագահ ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը` աշխատանքային այցը Սյունիքում, ՀՀ Նախագահ ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը` ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարմ ԱԺ պատգամավորի թեկնածուի գործունեությունը` մասնակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ վարչապետ ու Երեւանի քաղաքապետ ԱԺ պատգամավորի թեկնածուների գործունեությունը` մասնակցությունը «Հին Երևան»  միջացառումներին:

Նկատի ունենալով, որ ստացված հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Ռ.Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել է դիմումատուին:

11.  2012թ. ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է եղել թիվ 38 ընտրատարածքի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի դիմումն այն մասին, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնատար անձ Արամ Խաչատրյանը եւ Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը սպառնում են աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ձայն չտալ ՀՀԿ-ին ու նրա մեծամասնական թեկնածուին, իսկ կասկածվողները հրավիրվում են անձամբ եւ վերը նշված անձանց կողմից անհատապես զգուշացվում են, որոշ դեպքերում էլ ձայն տալու պարտավորվածությամբ ստորագրություն է կորզվում, ինչի արդյունքում, ըստ հաղորդման հեղինակի, ստեղծվում է վախի մթնոլորտ, ինչն անհերքելի ազդում է քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Հաղոդման հեղինակը խնդրել է դիմումում արծարծված փաստարկների կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Հաղորդման կապակցությամբ նախապտարստվում են նյութեր:

12. 2012թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Ռուբեն Թորոսյանի` 2012թ. ապրիլի 25-ի Ը-255 հաղորդումն այն մասին, որ ՀՌԱՀ-ն պարտավոր է հրապարակել եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել օրենքով սահմանված մոնիթորինգի արդյունքները, որի նպատակով ՀՌԱՀ-ի կողմից ընդունվել է անգամ համապատասխան մեթոդաբանություն, սակայն ՀՌԱՀ-ն հրապարակել եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել օրենքով չսահմանված ինչ-որ տեղեկանք` եթերաժամանակի մասին ու առանց որևէ դիտարկում անցկացնելու իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող եզրահանգում է արել, որ հաշվետու ժամանակաշրջանում հեռուստաընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսդրությամբ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ չեն արձանագրվել, իսկ պաշտոնեական այս անփութության հետևանքով, հեռուստառադիոընկերությունների կողմից խախտումները գնալով մեծ չափերի են հասնում` խոչընդոտելով իր ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Նշվել է նաեւ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր հերթին ՀՌԱՀ` վերը նշված տեղեկանքը տեղադրել է իր կայքում «նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքներ» անվան տակ` ավելի խճճելով ստեղծված իրավիճակը եւ խթանելով խախտումների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ ստացված հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազոությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ռ.Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել է դիմումատուին:

ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներ

1. 2012թ. մարտի 27-ին «Panorama.am» կայքում «Ա.Բախշյանն ահազանգում է. ՀՀԿ-ն 8 հազար, իսկ ԲՀԿ-ն` 13 հազար է բաժանում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Մանանդյան փողոցում ոմն Արսեն (մականունը` Այվազ)  ՀՀԿ-ի անունից 8.000 դրամ է բաժանում քաղաքացիներին` կուսակցությանը ձայն տալու համար, իսկ նույն փողոցում տեղակայված ԲՀԿ-ի գրասենյակում ոմն Վոլոդյա ԲՀԿ-ին ձայն տալու ակնկալիքով բաժանում է 13.000 դրամ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վոլոդյա Մանուկի Մկրտչյանը Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ենթաշտաբի ղեկավարն է, իսկ Այվազ մականունով Արսենը` Արսեն Վիլհեմի Այվազյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ինչպես Վ.Մկրտչյանը, այնպես էլ Ա.Այվազյանը բացատրություն են տվել, որ ընտրակաշառք չեն բաժանել, իսկ կայքում արձանագրված փաստերն իրականությանը չեն համապատասխանում:

Անահիտ Բախշյանը բացատրություն տալու համար գրավոր ծանուցմամբ եւ հեռախոսագրով հրավիրվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ` պատճառաբանելով, որ կայքում տեղադրված փաստերի մասին իրենց գրասենյակ է հեռազանգել անհայտ անձ, որի հեռախոսի համարը չի ֆիքսվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել նաեւ Մանանդյան փողոցի թիվ 17 հասցեում գործող կտորեղենի խանութի աշխատակից Ալեքսանդր Առուշանյանից, Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գործող արագ սննդի պատրաստման կրպակի աշխատակից Կարեն Սուքիասյանից, Մանանդյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց գտնվող «Բոլեռո» հյուրանոցի մենեջեր Հայկ Մանուկյանից, որոնք իրենց բացատրություններով հերքել են ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:

2012թ. ապրիլի 5-ին քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2. «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի` 2012թ. մարտի 28-ի համարում «Լուսին, լուսին, լուսերես` քանի տոկոս կբերես» անվանմամբ հրապարակված ընտրացուցակի  կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ լիազոր մարմինը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընտրացուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով հանձնել է թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, սակայն ընտրացուցակները հանձնելուց մեկ ժամ անց պարզվել է, որ «Microsoft excel» ծրագրով աշխատելու ընթացքում տեխնիկական վրիպման արդյունքում թիվ 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված 562 քաղաքացու անուններ փոխվել է «Լուսինե» անվամբ:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը նշված անճշտությունն անհապաղ շտկել է եւ նույն օրը` 2012թ. մարտի 27-ին, թիվ 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին է հանձնել ուղղված ընտրացուցակները, իսկ տեխնիկական վրիպման հետևանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են:

Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրությանը, եւ 2012թ. մարտի 29-ին հրապարակված «Ոստիկանության արձագանքը «ՉԻ» հրապարակմանը» վերտառությամբ հոդվածում զետեղվել է անճշտությունն ուղղելու մասին տեղեկությունը:

3.«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2012թ. մարտի 29-ին եթեր է հեռար-ձակել հեռուստառեպորտաժ` ըստ որի Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի թիվ 11 բնակարանում (թիվ 11 ընտրատարածք) գրանցված է 101 հոգի, ինչի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաեւ մամուլում` 2012թ. մարտի 30-ին:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակած տեսաերիզը ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը եւ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է նախապատրաստել նյութեր:

4.«Հրապարակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 3-ի համարում հրապարակված հոդվածում նշվել է. «Արարատի մարզի Մասիս քաղաքից ստացված ահազանգի համաձայն, Հանրապետական կուսակցությունն այս օրերին ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողին` յուրաքանչյուրին խոստանալով 10 հազար դրամ: Ընտրակաշառքը խոստանում են ՀՀԿ շտաբի աշխատակիցները: Ընդ որում` նրանք ՀՀԿ-ի համար բերած յուրաքանչյուր ձայնի դիմաց ստանում են 2 հազարական դրամ: Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ ՀՀԿ շտաբում խիստ վերահսկողություն է. շտաբի աշխատակիցները պատասխանատու են, որ 10 հազարը վերցրած քաղաքացին անպայման ձայն տա ՀՀԿ-ին: Քաղաքի հանրապետական պաշտոնյաներին` դպրոցի տնօրեն, համատիրության ղեկավար եւ այլն, զգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, իրենք հրաժարականի դիմումներ են գրելու»:

Հոդվածում արծարծված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում թիվ 16 ընտրատարածքի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գարիկ Վարդանյանի, շտաբի պետի տեղակալ Ստեփան Խաչատրյանի, ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության կազմակերպիչ Հայրապետ Հովհաննիսյանի, ՀՀԿ Մասիսի շրջանային երիտասարդական թեւի ղեկավար Արմեն Կիրակոսյանի, ՀՀԿ անդամներ Նիկոլայ Սարգսյանի եւ Հայկ Գեւորգյանի տված բացատրություններով հերքվել է վերոնշյալ հոդվածում արծարծված փաստարկները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել նաեւ Մասիս քաղաքում գտնվող թիվ 1-6-րդ դպրոցների տնօրենները, որոնք հայտնել են, որ «Հրապարակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 3-ի համարում հրապարակված հոդվածում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ իրենց երբևէ որևէ մեկը նման ցուցում կամ հրահանգ չի տվել ու իրենց համար անհասկանալի է զանգվածային լրատվության միջոցներով նման հերյուրանքների տարածման նպատակը:

2012թ. ապրիլի 6-ին Մասիսի քաղաքապետարանի տված տեղեկանքի համաձայն` Մասիս քաղաքում համատիրություններ չկան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում` 2012թ. ապրիլի 3-ին, գրություն է ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին` տեղեկություն ստանալու` խմբագրությանը դիմած քաղաքացու եւ ՀՀԿ-ի այն աշխատակիցների մասին, որոնք ընտրողների ձայներ բերելու համար ստանում են 2000-ական դրամ, սակայն 2012թ. ապրիլի 4-ին հիշեցման գրությունն ուղարկելուց հետո էլ գրությանը չի պատասխանվել:

Հոդվածում նշված հանգամանքները պարզելու, իրավախախտում թույլ տված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նույնպես հերքվել են օրաթերթի` նշված հոդվածում հիշատակված հանգամանքները, եւ նախապատրաստված նյութերով 2012թ. ապրիլի 11-ին քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

5. «Հայկական ժամանակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 4-ի համարում հրապարակված «Ընտրակաշառք` 25 հազար դրամ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու Գուրգեն Եղիազարյանը հայտնել է, որ Աբովյան քաղաքում հարյուրապետեր կան, որոնք ցուցակագրում են 100-ական մարդ` 25 հազար դրամով:

Հոդվածում արծարծված փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

6.«Առավոտ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 5-ի համարում հրապարակված «Ձայների «պլան» են դրել» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Առավոտի» թղթակիցն ականատես է եղել, երբ Տավուշի մարզի բնակչին է զանգահարել Երեւանի բիզնես կառույցներից մեկի անվտանգության ծառայությունում աշխատող նրա որդին եւ հայտնել, որ աշխատավայրում, որի տերը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից է, իրենից 15 «ձայն են ուզել» ՀՀԿ-ի համար եւ պետք են 15 հոգու անձնագրային տվյալները, այլապես սպառնացել են ազատել աշխատանքից, իսկ երիտասարդի ծնողը, որը գործազուկ է, առարկել է եւ հայտնել. «Չեմ կարող, առանց փողի ձայն չեմ տալու, ահագին պարտքեր ունեմ»:

Հոդվածում արծարծված փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում «Տեսանկյուն» թերթի խմբագիր, վերոնշյալ հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանը բացատրություն է տվել, որ լրատվության աղբյուրը չի կարող բացահայտել եւ հայտնել հոդվածում նշված անձանց անունները, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոդվածում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:

2012թ. ապրիլի 12-ին քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի  բացակայության հիմքով:

7.«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի` 2012թ. ապրիլի 11-ի համարում  «Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում ընդհանուր հաշվով մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա», եւ որպես օրինակներ` նշվել են, որ Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Հայկուհի եւ Նարինե Նիկողոսյանները` Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում, «Հարակից շենքի հարակից ավտոտնակ» անորոշ հասցեում գրանցված է Քնարիկ Հարությունյանը, Մարինե Վարդանյանը նույնպես ավտոտնակի բնակիչ է, Արշավիր Սիմոնյանն ու Հասմիկ Սիմոնյանը դպրոցի հարակից տնակի բնակիչներ են, իսկ թիվ 12 ընտրատարածքի Արին- Բերդի 5-րդ փողոցի նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա»  ձևակերպման տակ տեղ են գտել Լիանա Թագվորյանի եւ եւս 20 անձանց անուններ ու ազգանուններ, նույն ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանն էլ գրանցված է 104 մարդ: Նշվել է նաեւ, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ, եւ որպես օրինակ բերվել է թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությունը, որի մեջ է մտնում Նոր Արեշի 41-րդ փողոցը, սակայն ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան:

Հոդվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը:

8.«Ժամանակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 11-ի համարում հրապարակված «Բուժեք կատարակտը ԲՀԿ հետ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ ԲՀԿ-ն մարզերում գյուղացիներին «աջակցում» է դեղամիջոցներով, ինչպես նաև գումարներ է հատկացնում` աչքի կատարակտի վիրահատության համար, որը շուրջ 220.000 դրամ արժե:

Հոդվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը:

9. «Ժողովուրդ» օրաթերթի`  2012թ. ապրիլի 20-ի համարում հրապարակված «Շնորհակալական բացիկ, թե ընտրակաշառք» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Գալուստ Գուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում հյուրընկալվել են ԱԺ պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Արեքսանյանը (Լֆիկ Սամո) ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, քանի որ դպրոցի տնօրինության կողմից միջոցառում է կազմակերպվել նրանց պատվին` դպրոցականները հայրենասիրական թեմաներով երգել են եւ պարել: Միջոցառման ընթացքում Դավիթ Օհանյանը ծրարով 700.000 դրամ է հանձնել դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանին, ինչի կապակցությամբ վերջինս շտապել է դահլիճին տեղեկացնել, որ գումարը որպես ընտրակաշառք չընկալեն եւ հայտնել է. «Այն տրվել է ի շահ դպրոցի և աշակերտների: Այս գումարը ծախսվելու է «Փառքի սրահ»-ի կառուցման համար»:

Հոդվածում արծարծված փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

10. «Հայկական ժամանակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 21-ի համարում հրապա-րակված «ՄԱՊ-ի Ալիկը սարսափած է» վերտառությամբ հոդվածում նշվել է. «ՀՀԿ թեկնածուներից ոմանք այնքան վախեցած են առաջիկա ընտրություններում պարտվելու հեռանկարից, որ սկսել են գյուղապետրանների միջոցով ժողովրդին համատարած կաշառք առաջարկել: Մեր ձեռքում հայտվել է մի հայտարարություն, որն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բոլոր բնակիչները (տուն առ տուն) ստացել են գյուղապետարանից:

Թղթի վրա գրված է. «Հայտնվում է Բամբակաշատ համայնքի բնակչությանը, որ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը պատրաստ է աջակցել 2011 թվականի կարկուտից տուժած հողատերերին` իրենց ունեցած վարկերը սառեցնելու, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող բոլոր գյուղացիներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար: Դիմել գյուղապետարան: Ալեքսան Մակարի Պետրոսյանը թիվ 21 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածուն է և նրա հետ նույն տարածքում առաջադրվել է նաև Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ-ի ներկայացուցիչ Սեդրակ Հովհաննիսյանը: Իսկ Բամբակաշատ գյուղի գյուղապետ Արբակ Եղիազարյանը, մեր տեղեկություններով, Ալեքսան Պետրոսյանի բարեկամն է»:

Հոդվածում արծարծված փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այսպիսով`  ստացվել է 22 հաղորդում, այդ թվում 10 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներում, որոնցից` 

4-ն ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, 

2-ին տրվել է պարզաբանում, 

1-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 

4-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 

11 հաղորդումների քննարկումն ընթացքում է:

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply