Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 27, 2012 20:10
Երևանի քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի գլխավոր մայրուղում` Գայի պողոտայում, ընթանում էին ասֆալբետոնյա շերտի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը` ընգծելով, որ դրանց որակի պատասխանատվությունը, շինարարի հետ միասին, հավասարապես կիսելու են նաև վարչական շրջանի համապատասխան օղակները: Հաշվի առնելով, որ պողոտայում երթևեկը բավականին ծանրաբեռնված է և այս աշխատանքներն էլ լրացուցիչ խոչընդոտներ են հարուցում, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շինարարի հետ քննարկել նաև աշխատանքները երթևեկով համեմատաբար թերբեռնված, ուշ երեկոյան կամ գիշերներային ժամերին իրականացնելու հնարավորությունը:
Վարչական շրջանում շարունակվում են նաև կանաչապատման տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքները: Այս համատեքստում բարեկարգվում են Նոր Նորքի այգիներն ու պուրակները, սկսվել են բակային տարածքների կանաչապատման ուղղությամբ աշխատանքները: Նանսենի անվան այգին ևս ներառված է այս տարվա բարեկարգման ծրագրում: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ արդեն ավարտված է այգու ճեմուղիների ասֆալտապատումը: Առաջիկայում նախատեսված են սիզամարգերի թարմացման և ծաղկապատման աշխատանքներ: Քաղաքապետի այցելության պահին Նոր Նորքի բնակիչները այգում ծառատունկ էին իրականացնում: Տարոն Մարգարյանը ևս միացել է նրանց: Այնուհետ քաղաքապետը զրուցել է նոր նորքեցիների հետ, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները և ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հարցում իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքի համաչափ զարգացման ապահովումն իր առաջնահերթ նպատակներից մեկն է և այդ համատեքստում կարվի ամեն ինչ, որպեսզի, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին իրեն իրապես մայրաքաղաքի լիարժեք բնակիչ զգա: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը, բնակիչները վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն Տարոն Մարգարյանի ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
