Թոշակառուի անհնարին կյանքը. նվազագույն կենսաթոշակը 8 հազար դրամ է. այն 3.8 անգամ քիչ է նվազագույն աշխատավարձից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 12, 2009 18:17

72-ամյա Հրունիկ Աբրահամյանը երիտասարդ տարիքում ամուսնուն կորցնելուց հետո մենակ մեծացրել է իր 2 որդիներին: Բայց հիմա` օր ծերության, նա մենակ է մնացել որդիներից մեկը զոհվել է դժբախտ պատահարից, իսկ մյուսն ապրում է Ռուսաստանում եւ բազմանդամ ընտանիքը հազիվ է պահում, չի կարողանում մորը ֆինանսապես օգնել:

Հրուն տատը 40 տարվա աշխատանքային ստաժ ունի եւ պետք է ստանար 31 400 դրամ կենսաթոշակ, սակայն ստանում է 28 հազար դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատճառաբանում է, թե պահածոների գործարանում 30 տարվա աշխատանքը սեզոնային է եղել, հետեւաբար` ողջ տարով հաշվելու դեպքում այն, գրեթե, կիսվում է:

Հրուն տատը թոշակի անցնելուց հետո դեռ երկար տարիներ աշխատել է դպրոցում` հավաքարար: Սակայն արդեն 5-6 տարի է էլ չի կարողանում աշխատել` հազիվ է ոտքի վրա կանգնում (սրտի կաթված է ստացել մի քանի ամիս առաջ): Բժիշկներն ասում են, որ նա պետք է վիտամիններով հարուստ սնունդ ընդունի, մինչդեռ նրա կենսաթոշակը միայն բավարարում է, որ վճարի կոմունալ վարձերը, եւ հաց ու ջրով սնվի: «Ձմռանը հատկապես, երբ նաեւ պետք գումար վճարեմ ջեռուցման համար, թոշակս չի հերիքում` կամ պիտի սոված նստեմ, կամ էլ ցրտից սառչեմ», – ասում է նա:

Առողջական վիճակի պատճառով նա նաեւ չի կարողանում հող մշակել կամ էլ անասուն պահել. «Եթե կարողանայի, լավից վատից յոլա կգնայի: Գոնե 50 հազար դրամ ստանայի, կապրեի եւ նորմալ կսնվեի եւ վարձերը կվճարեի, ոչ թե երեկոյան լույսերն անջատած կպառկեի, որ խնայեմ», – ասում է նա:

Հրուն տատը մի անգամ դիմել է նաեւ Փարոս համակարգից նպաստ ստանալու համար, սակայն մերժում է ստացել` օրենքով իրեն նպաստ չի հասնում:

Հրունիկ Աբրահամյանը մեկն է միայն Հայաստանում ապրող հազարավոր միայնակ կենսաթոշակառուներից:

Հայաստանում բնակվում է 318 985 տարիքային կենսաթոշակառու եւ 4580 սոցիալական տարիքային կենսաթոշակառու ( ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում 65 տարին բոլորած այն անձը, որի ապահովագրական ստաժը 5 տարուց պակաս է):

Սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո գործող 4 տունինտերնատներում 2009թ. հունվարի 1-ի դրությամբ խնամվում է 1010, իսկ տնային պայմաններում` 1500 կենսաթոշակառու: Տունինտերնատներում խնամվող մեկ բնակչի խնամքի միջին օրական ծախսը կազմում է մոտ 2900 դրամ, որից սննդի համար` միջինը 1200 դրամ:

Սակայն Հայաստանում նվազագույն, առանց աշխատանքային ստաժի կենսաթոշակը 8 հազար դրամ է:

Պետական հաշվարկներով` եթե ինտերնատում բնակվող յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար օրական նախատեսվում է 1200 դրամ սննդի ծախս, ապա նվազագույն կենսաթոշակը պետք է կազմի 36 հազար դրամ` ամսվա յուրաքանչյուր օրվա համար 1200 դրամ գումարի բաշխումով. 36 հազարը եւ 8 հազարն անհամեմատելի են:

Մինչդեռ բազմաթիվ են այն ծերունիները, ովքեր ամբողջ ամիսն ապրում են իրենց կենսաթոշակով, որը հաճախ չի բավականացնում, անգամ, բազմամյա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուներին:

67-ամյա Քնարիկ Դարբինյանը միայնակ թոշակառու է` ապրում է իր հաշմանդամ քրոջ` 58-ամյա Հայկանուշի հետ: Երկուսն էլ չեն ամուսնացել եւ ծնողների ու երկու եղբայրների մահից հետո մեկը մյուսի միակ հարազատն է մնացել:

Քնարիկն ունի 43 տարվա աշխատանքային ստաժ` 10 տարի աշխատել է սովխոզում, 33 տարի` Մարտունու էլեկտրալամպերի գործարանում: «Ամբողջ կյանքս օրնիբուն աշխատեցի, որ օր ծերության, գոնե, կյանքից մի բան հասկանամ, էն էլ հիմա էլ մի վայրկյան հանգիստ չունեմ», – ասում է նա:

Քնարիկ տատը պատմում է, որ խորհրդային տարիներին բարձր աշխատավարձ է ստացել` 200 ռուբլի, եւ ըստ պահանջի ապրել են դրանով:

«6000 ռուբլի էլ ես ու քույրս հետ էինք գցել` մտածելով, որ մի օր պետք կգա: Բայց սովետները փլուզվեցին, մեր փողերն էլ գնացին կորան, հիմա ասում են, մինչեւ 80 տարեկան չդառնամ, ավանդների վերադարձի ցուցակում չեմ կարող ընդգրկվել` բա էս պայմաններում մարդ սկի իր վաղվա օրվա վրա վստահ չէ, մինչեւ 80 տարեկան կհասնե՞մ», – ասում է նա:

Այժմ Քնարիկը ստանում է 33 հազար դրամ թոշակ, ինչին գումարվում է նաեւ հաշմանդամ քրոջ 16 հազար դրամ թոշակը եւ 10 հազար դրամ անապահովության նպաստը:

Երկու քույրով ամեն ամիս ունեն 59 հազար դրամ եկամուտ, ինչը նրանց հնարավորություն չի տալիս առանց աշխատելու հանգիստ ապրել. ստիպված 1 կով են պահում եւ մշակում տնամերձ փոքրիկ հողակտորը:

«Մեր ուտածն ինչ ա` օրական 2 անգամ կարտոլ ենք ուտում, էդ որ չլինի, սովամահ կլինենք, – ասում է Քնարիկը, – Դրա համար էլ` չնայած հոդացավերին, հող եմ մշակում»:

Միակ կովը ինքն է անտառ տանում, քանի որ նախիրն արոտավայր տանող նախրապանին վճարելու համար գումար չունեն:

«Մի նկարի, մենք սուգի մեջ ենք, մի ամիս ա, ինչ միանգամից կորցրինք մեր երկու եղբայրներին», – արցունքոտած աչքերով ասում է Քնարիկ տատը, երբ փորձում եմ նկարել նրան` կռացած 20 կգանոց պարկի ծանրության տակ: «Բա որ ես էս ծանրությունը չշալակեմ, ով պիտի անի, անգամ դանակ սրող չունեմ», – ասում է նա ու բողոքում, որ տան կտուրը քամիներից վնասվել է, ու ջուրը ներս է լցվում, բայց որեւէ մեկը չկա, որ վերանորոգի տանիքը:

Տարեց համարվում է այն անձը` ըստ միջազգային դասակարգման, որի 65 տարին լրացել է, դա կազմում է Հայաստանի բնակչության մեկ վեցերորդը կամ 13 տոկոսն է (420 000), իսկ 80 անցերը` 1, 2%-ը:

2003-ից գործող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն` կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում 63 տարին լրացած 25 տարվա աշխատանքային ստաժ ունեցողը:

2009թ. ապրիլի 1-ի տվյալներով, բոլոր տեսակի կենասաթոշակառուների թիվը 522 հազար է: Նրանց 61, 9%-ը տարիքային կենսաթոշակառուներ են:

Եթե զարգացած երկրներում մարդիկ աշխատելիս վստահ են, որ ծերության ժամանակ հանգիստ կապրեն` (պատահական չէ, որ զբոսաշրջիկների մի զգալի մասը կենսաթոշակային տարիքի մարդիկ են), ապա Հայաստանում ստիպված են նաեւ ծերության ժամանակ աշխատել. տասնամյակների աշխատանքային ստաժն արժանապատիվ եւ բարեկեցիկ ծերություն չի ապահովում:

Սոցիալական ծառայության 2007-ի ուսումնասիրությունների տվյալներով, նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը տարիքային կենսաթոշակների թվով 11-րդ հորիզոնականում է` հաջորդում են Վրաստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Առաջին հորիզոնականներում Մերձբալթյան երեք երկրներն են (Էստոնիա, Լատվիա, Լիտվա), որտեղ տարիքային կենսաթոշակը մոտ 6 անգամ գերազանցում է Հայաստանի կենսաթոշակը: Ցուցակում կենսաթոշակների նվազման կարգով հաջորդում են Ռուսաստանը (4-րդ հորիզոնական), Բելառուսիան, Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Մոլդովան:

Հայաստանում նվազագույն աշխատավարձը գերազանցում է նվազագույն կենսաթոշակը 3, 8 անգամ: Սակայն նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում կենսաթոշակն է գերազանցում նվազագույն աշխատավարձը: Օրինակ` Վրաստանում նվազագույն կենսաթոշակը 3, 5 անգամ բարձր է նվազագույն աշխատավարձից, իսկ Ադրբեջանում` դրանք հավասար են:

Դիտվել է 2144 անգամ:
Print Friendly

Leave a Reply