Ազատանցիները ՀԴԿ առաջնորդի մոտ բամբասեցին Բագրատյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2012 13:43

Այսօր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի Ազատան ոտք դնելուն պես, նրա հետ զրուցելու եկած գյուղացիներից մեկն ասաց . «Սահակյան ջան,  միավորվեք պրծնենք էլի , անունն ի՞նչ եք դրել, որ էսքան կուսակցություն եք ստեղծել»: Պարոն Սարգսյանը ուղղելով, որ իր ազգանունը Սահակյան  չէ, նեղսրտեց . «Միավորվելով հո չէ, ես հիմա գնամ ո՞ւմ հետ միավորվեմ: Նախորդ ընտրություններին 23 կուսակցություն էր մասնակցում, այսօր 9-ն են , սա նշանակու՞մ է, որ բավականին կրճատվել են:  Չարենցը  ժամանակին  ասել է լավ, հանճարեղ խոսքերը. «Ով հայ ժողովուրդ , քո միակ փրկությունը  հավաքական ուժի մեջ է», ինքը դրա մեջ անհամեմատ ավելի խոր իմաստ է դրել, չէ՞, հո նա չի՞ ասել ստորի, չարի, թալանչու, սրա հետ էլ, նրա հետ էլ համախմբվի: Էդպես ո՞նց կարող է  լինել»:

Պատասխանը կարծես թե չբավարարեց ազատանցիներին, կանանցից մեկը համառորեն  շարունակեց. «Գոնե դուք ու կոմունիստական կուսակցությունը միավորվեք»: «Կմիավորվենք, եթե պառլամենտում երկուսս էլ հայտվենք, բայց հարցը նրանում է , որ էդքան մենք նույնը չենք, որովհետև նրանք  չեն կարող ձերբազատվել հին, հնամաշ բաներից»,-պատասխանեց պարոն  Սարգսյանը:

Եվ երբ նա սկսեց քննադատել այսօրվա համակարգը` նշելով, որ նորածին  երեխայից սկսած 1500 դոլար պարտք ունեն, քանի որ երկրի իշխանությունները 4 միլիարդ դոլարի վարկ են վերցրել արտերկրից, զրուցակից պապիկներից մեկը հուզվեց. «Ներողություն, հարգելի Սարգսյան, լավ օր չտեսնի էն Հրանտ Բագրատյանը. երբ որ վարչապետը էր , թալանի տվեց էս ռայոնը, ես ճշմարտությունն եմ ասում, էնքան անարխիստ մարդ էր, որ Լեննագանից բռնացրած մենք ջրագիծ ունեինք, մինչև սահման էր հասնում, մեծ հարստություն էր, բոլոր տռուբեքը քանդեց,  անցրեց արտասահաման»: Ի պատասխան պապիկի, Արամ Սարգսյանը հավելեց. «Բա հիմա չե՞ք լսում ինչեր է խոսում, սուրբ է  դարձել»:

Այնուհետ Դեմկուսի առաջնորդն ասաց, որ վերջին 20 տարում իշխանության գլուխ կանգնած մարդիկ բոլորն էլ նույնն են, և եթե մեկը մյուսի հետ կռիվ է տալիս, իշխանությունն ամբողջական մեկի ձեռքը վերցնելու համար է: «Գիտեք գաղափարական կռիվ ունե՞ն, մեկը մյուսին չի՞ հավատում, ուզո՞ւմ  է ավելի լավ գաղափարախոսություն  բերի: Գալիս ձեզ ասում են՝ իշխանություն պիտի փոխվի, իշխանություն փոխելով չէ, իշխանության գաղափարախոսությունը պետք է  փոխվի, 3 նախագահ ունեցել ենք, 3-ն էլ նույն քաղաքական գիծն են տարել, մեկը հիմքն է դրել էս ամեն  ինչի, մյուսը ծաղկացրել է, մյուսն էլ  փորձում է ինչ-որ բաներ անի, ոնց որ թե կիսատ-պռատ քայլեր են», -ասաց Դեմկուսի ղեկավարը:

Ի դեպ, Արամ Սարգսյանի  Ազատան կատարած այցի ժամանակ եռուզեռ էր գյուղում: Այնտեղ, որտեղ նստած էր Դեմկուսի ղեկավարը իր ութ տարեց զրուցակիցների հետ, 1-2  մետր հեռավորության վրա գյուղացիները հավաքվել, լվանում էին զոհվածների հիշատակին նվիրված արձանը, ասֆալտապատում էին Ազատանի փողոցները, պարզվեց այս ամենը երկրի նախագահի պատվին է. նա կիրակի հյուրընկալվելու  է այս գյուղում:

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply