Անի Պետրոսյան. «Մարինային սկզբում չէի սիրում, բայց հիմա շատ եմ սիրում»

Շաբաթվա լուր | | October 12, 2009 17:54

Ani PetrosyanՄիշտ գեղեցիկ հագնված, տեղըտեղին շպարված, դեղին կամ սեւ, փայլուն պարիկով «Դժբախտ երջանկություն» սերիալի Մարինայի դերակատար Անի Պետրոսյանը շատ պարզ է հագնված` սեւ տաբատ, սպիտակ մայկա, մազերը պոչ կապած: Էրոտիկ, վամպ կնոջ կերպարը, որ էկրանից դաջված էր մտապատկերումս` միանգամից վերացավ:

Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի շենքում ես ծանոթացա մի կնոջ հետ, ով աշխարհի չափ սիրում է ու նվիրված է իր մասնագիտությանը, չի տառապում շատ տարածված աստղային հիվանդությամբ, չգիտի, ինչպես օգտվել իմեյլից կամ odnoklassniki.ru կայքից, փոխարենը սիրում է գրքեր կարդալ վերջին կարդացածը` Էդիտ Պիաֆի կյանքն է: Գիշերային ակումբներ չի հաճախում, փոխարենը` սիրում է համեղ պատրաստել:

«Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալն «Արմենիա TV-ի» եթերում է մոտ երեք տարի: Այս տարիների ընթացքում Մարինան միշտ գեղեցիկ է, միշտ ցանկալի, միշտ խառնված հանցագործ աշխարհի տղամարդկանց գործերին: Ու բացասական, ինտրիգան Մարինային, ում պիտի ատեր հանդիսատեսը, հակառակը` հակահերոսի մի հմայք է ստանում, ու շատերը սերիալում սպասում են նրա հայտնվելուն:

«Ըստ սցենարի, տղամարդիկ անընդհատ պիտի սիրահետեին, ցանկանային Մարինային: Կերպարս ավելի հիմարիկ էր, ես որոշեցի, որ Մարինան շատ խելացի է լինելու ոչ թե` հիմար: Ու քիչքիչ կերպարս այդ ուղղությամբ տարա: Հիմա մեր սերիալի հեռուստադիտողը տեսնում է, որ Մարինան ոչ միայն խելացի է, այլեւ չար մարդ չի էությամբ, չէ՞ որ չար ու բարի մարդիկ չեն լինում»:

Բարձրացանք գրիմանոց, ես առաջարկեցի իջնել թատրոնի բուֆետ սրճելու. «Սո՞ւրճ եք ուզում, ես կդնեմ, պետք չի բուֆետ իջնել», –ասաց ու մինչ կհասցնեի պատասխանել` վազեց դուրս: Քիչ անց եկավ. «Պեսոկ չունենք, գուցե, իսկապես իջնե՞նք բուֆետ»: Չնայած սուրճը դառն եմ խմում, բայց չասացի, որովհետեւ շատ եմ սիրում Սունդուկյանի բուֆետը, այստեղ միշտ տաք մթնոլորտ է, տեսնում ես, թե ինչպես են իրար հետ շփվում ճանաչված դերասանները, լսում կողքի սեղանի կենացները: Կռահեցի, որ Անին այնքան էլ չի սիրում բուֆետ գնալ: Մի գաղտնիք ասեմ` թատրոնի բուֆետում հաճախ են սրճում անգործ, խմել կամ բամբասել սիրող դերասանները. Անին դերասանի այդ տիպերից ոչ մեկին չի պատկանում:

Մի քանի րոպե անց, երբ նա հասցրել էր պատմել, թե ինչպես է ամեն օր վազում երկու տարբեր ներկայացումների փորձերի` հեռուստասերիալի նկարահանումների հետ մեկտեղ, հասկացա, որ մեծ ցանկության դեպքում էլ անհնար կլիներ ժամանակ տրամադրել բուֆետային կարիերայի համար. «Ես անընդհատ վազքի մեջ եմ, քիթ սրբելու ժամանակ չեմ ունենում, այ մի քիչ քսվել եմ, չէ՞, պատկերացրեք, որ ձեր պատվին եմ քսվել, առօրեայում դրա ժամանակը չի լինում», –ծիծաղում է Անին:

«Գոյ» թատրոնում ռեժիսոր Գոհար Հարությունյանը բեմադրում է «Մի լքիր, ինձ» պիեսը` Սելինջերի եւ Հեմինգուեյի պատմվածքների հիման վրա, ուր Անին գլխավոր դերակատարն է: Պրեմիերան մոտ օրերս կլինի:

Անիի մայրը` Նառա Սիմոնյանը, 10 տարի Գյումրիի թատրոնում է խաղացել: Աղջիկը չի սիրել մոր մասնագիտությունը, քանի որ օրերով նրան չի տեսել. «Հիշում եմ, որ փոքր էի, գնում էի, գտնում մամայիս շորերը ու հոտ քաշում դրանցից, ինձ տատիկս էր պահում, երբ մամաս փորձերի ու ներկայացումների էր լինում»:

Անին ծնվել ու մինչեւ 7 տարեկանը ապրել է Գյումրիում. «Միշտ հպարտությամբ ասում եմ, որ թե հորական, թե մորական կողմից մաքուր լենինականցի եմ, պապիկս էլ մեծահարուստ ա եղել` կուլակ»: «Երկրաշարժը ո՞նց ես հիշում»: «Տարօրինակտարօրինակ հիշողություններ ունեմ: Մահացած պիտի լինեի, իմ դասատուն ա ինձ փրկել` ընկեր Գալոյանը: Այբբենարանի հանդեսի էինք պատրաստվում: Խառնաշփոթ էր: Երկու կորպուս ուներ մեր դպրոցը, երգի դասը նոր կորպուսում պիտի լիներ, բայց ընկեր Գալոյանը խնդրել էր երգի դասատուին, որ մի քիչ ուշանայինք: Երբ երկրաշարժը սկսվեց, ես հիշում եմ դասատուս, ոնց էր շարժվում, էսպես գնումգալիս էր, ես չէի հասկանում, որ մենք էլ ենք շարժվում, զարմացած իրեն էինք նայում: Դասատուս մեր ամբողջ դասարանին հասցրեց դուրս բերել փլվող շենքից: Ինքը վնասված էր, էսպես թեւերի տակ մեզ հատհատ հանել ա դուրս: Մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ ընկեր Գալոյանին: Մամայենքս գիտեին, թե ես նոր կորպուսում եմ, վազել էին դպրոց, տեսել փլված, մոտ կես ժամ հետո նոր գտել են ինձ, հիշում եմ մամաս, ո~նց էր առաջս չոքած լացում»:

Երկրաշարժից չորս ժամ հետո հայրը ընտանիքին Գյումրի մտած առաջին ուղղաթիռով տանում է Վրաստան, ուր Անին ապրում է մեկ տարի: «Ձեր տունը մնացե՞լ է», «Տունը համարյա չկա, հողատարածք կա` Օստրովսկու երկու, էդ էլ եմ հիշում: Մանկությունիցս քիչ բան եմ հիշում, այնքան խառն ա եղել, բայց երբ աչքերս փակում եմ ու փորձում հիշել` մեր տան առաջ մեծ պարտեզում մամայիս տնկած կարմիր կակաչներ եմ հիշում: Հիշում եմ առավոտյան` մանկապարտեզ գնալիս, սրթսրթալով վազում էի կակաչների մոտ: Ես Լենինական գնում եմ մենակ պապայիս գերեզմանին, ուրիշ անելու բան չունեմ այնտեղ. 10 տարի առաջ է մահացել», –ասում է Անին լցված աչքերով:img_6957

Անիի իրենից մեկ տարի փոքր եղբայրն ընտանիքով ապրում է արտասահմանում, Երեւանում երկու դերասանուհիները միասին են ապրում:

«Մամադ, երեւի, քո միջոցով է իր մասնագիտության կարոտն առնում»:

«Երեւի, մեկմեկ մտածում եմ մամայիս կյանքի մասին ու ցավում, որ իր սիրած գործով չի զբաղվում: Փաստորեն հանուն մեզ թողել է բեմը: Ես չգիտեմ, արդյոք, երբեւէ հանուն ինչոր մեկի նման բան կանե՞մ: Կարծում եմ` ոչ, չնայած երբեք մի ասա` երբեք»: «Անձնականում ի՞նչ կա»:

«Անձնականն իմն է, ուրիշ ոչ մեկինը»:

«Մեր ընթերցողին չե՞ս ասում`սիրտդ ազա՞տ է»:

«Ազատ է», –ծիծաղում է Անին ու փռշտում. «Հաստատ ժամը չորսն ա». ամեն օր ժամը չորսին նա սկսում է փռշտալ:

Սկզբում Անին լրագրող էր ուզում դառնալ, սովորել է Հրաչյա Աճառյանի անվան ինստիտուտի լրագրության ֆակուլտետում. «Մի օր արթնացա ու որոշեցի, որ պիտի դառնամ դերասանուհի, դեռ չգիտեի ինչպես, բայց գիտեի, որ պիտի դառնամ»:

Անիի մայրը դեմ է եղել աղջկա որոշմանը. «Հիշում եմ, ասեց կուլիսի հոտը, որ առար` էլ աչքիդ ոչինչ չի երեւա: Ես ինքնագլուխ մարդ եմ ու իմ ուզածն արեցի»:

Ընդունվել է Հայֆիլմի ստուդիա, մեկ տարի սովորելուց հետո անվճար ընդունվել Կինոյի եւ Թատրոնի պետական ինստիտուտ:

«Առաջին անգամ, երբ Հայֆիլմում քննություն պետք է տայի, շատ էի հուզված, ինքս ինձ մտքում ասում էի, եկել ես քննության, դե արտասանի, բայց ուզում էի փախչել: Երբ հերթս եկավ, հավաքվեցի ու արտասանեցի: Վերջում դասախոսներիս աչքերը լցված էին: Ես այնքան չէի հավատում իմ ուժերին, որ տեսա, թե ինչպես են հուզվել, ես ավելի շատ հուզվեցի»:

Անին արդեն երկրորդ կուրսից աշխատել է Սունդուկյանում. «Մեր կուրսից առաջին աղջիկն էի, որ աշխատանքի ընդունվեցի թատրոն, նույնիսկ երազանք չէր, երբեք չէի պատկերացնի, որ Ակադեմիական թատրոնում պիտի աշխատեմ: Անչափ շնորհակալ եմ իմ դասախոս Վահե Շահվերդյանից: Ես ասել եմ ու կասեմ, որ տաղանդաշատ ռեժիսոր է: Երբեք չի թողնի, որ շնորհքով դերասանը կորչի»:

Սունդուկյանում Անին խաղում է շատ ներկայացումներում.- « աղում եմ «Պատվի համար», «Անվերադարձ ապագա», «Պսիխոզ 4.48», «Եղեգնուհի», այս վերջի երկուսն իմ ամենասիրած ներկայացումներն են»:

«Մարինայի կերպարը չէ՞ս սիրում», – «Եթե չսիրեի չէի կարող նկարահանվել, ամեն օր աշխատանքի գնալ: Սկզբում չէի սիրում, բայց հիմա շատ եմ սիրում: Որովհետեւ չէի հասկանում նրան, երբ հասկացա` սիրեցի»:

Անիին երկար համոզել են այս դերում հանդես գալ. «Մի քանի անգամ կանչեցին, գնում էի, ինչոր բան ինձ չէր գոհացնում, ասում էի` չեմ ուզում ու հետ գալիս, հետո էլի էին զանգում: Ասել էին, որ բաց տեսարաններ են լինելու, կտրուկ մերժեցի: Եթե Հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմ լիներ, մեծ հոնորարով` չէի մերժի, բայց մեր ա~յ էսքան, փոքրիկ Հայաստանում ի՞նչ բաց տեսարան: Հետո զանգեցին, թե համաձայն ենք` բաց տեսարաններ չեն լինի, արի: Ես էլ գնացի, էն ժամանակվա համար բավականին լավ գումար ուզեցի, իրենք էլ համաձայնեցին»:

Հարցնում եմ.- «Արվեստագետները հաճախ վատ են արտահայտվում սերիալներում նկարահանվող դերասանների մասին. ես կարծում եմ, որ հեռուստատեսությունը օգնում է ու պետք է դերասանին»:

«Հաստատ», – պատասխանում է նա, – սկզբում վախենում էի, որ սերիալից հետո թատրոնի հանդիսատեսը ինձ կճանաչի ու դահլիճից կգոռան` «Մարինան»: Չեմ ուզում նշեմ դերասանների անունները, բայց նման դեպքեր շատ են լինում, երբ գոռում են սերիալում նկարվող դերասանի կերպարի անունը: Դա շատ է խանգարում դերասաններին, ինձ հետ այդպես չեղավ: Իհարկե, ճանաչում են, հաստատ, պարիկն ինձ չօգնեց, ըր թաքնվեմ: Ներկայացման վերջում իմ ծափերը միշտ բուռն են լինում, բայց տհաճ դեպքեր չեն եղել»: «Սոֆի Դեւոյանն ասաց, որ դժվար է ճանաչված լինելը, բայց ով կասի, որ իրեն դուր չի գալիս, հավատացեք, որ ստում է»:

«Ես չեմ ասում, որ ինձ դուր չի գալիս, իհարկե, դուր է գալիս, մենակ վատ չէր լինի, որ արեւմուտքի դերասանների պես վիլլայում ապրեի եւ թանկարժեք մեքենայով գնայի նկարահանումների, փորձի, տուն: Ամեն օր մոտ 8000 դրամ եմ ծախսում տաքսու վրա, կուզեի երթուղային նստել, ինչու չէ, բայց ռիսկ չեմ անում: Վերջին անգամ, երբ երթուղայինում արեւային ակնոցներս հանեցի, դիմացիս կինը էնպես խփեց ինձ` գոռալով. «Ըտենց էլ գիտեի, որ դու ես, ախչի», – հետո ամբողջ երթուղայինը սկսեց տնտղել ինձ, հարցեր տալ, գոռգոռալ, ծափահարել, մի խոսքով` այդ օրվանից հետո հասարակական տրանսպորտից էլ չեմ օգտվում»:

Դիտվել է 5019 անգամ:
Print Friendly

Leave a Reply