Ադրբեջանական ագրեսիայի շարունակվելու դեպքում հայկական բանակը կոչնչացնի այդ երկրի հենակետերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 17:48

Ադրբեջանական բանակը ապաակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական հյուսիս-արեւելյան սահմանի վրա, որտեղ հենակետերը շատ մոտ են ադրբեջանական դիրքերին: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Ադրբեջանական բանակը նպատակաուղղված կրակ է բացել խաղաղ բնակավայրի եւ մանկապարտեզի ուղղությամբ: Սա ագրեսիա է ՀՀ-ի դեմ: Քաղաքացիական օբյեկտները չեն կարող լինել ռազմական օբյեկտ եւ թիրախ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջամալյանը: Արցախում սանիտարական մեքենայի վրա կրակի բացումն էլ նշանակում է, որ ագրեսիա կա եւ մտորելու տեղիք է տալիս: Դեպքերը տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից հետո, որը լրացուցիչ ցինիզմ է հաղորդում:

«Ադրբեջանական իշխանություններին անհրաժեշտ է  լարվածություն, սակայն պետք չէ լայնածավալ պատերազմ: Նրանք իրենց բնակչությանը պատրասում են պատերազմի եւ մյուս կողմից թշնամու կերպարը վառ են պահում, եւ երկու դեպքում սա նպատաստավոր իրողություն է ավտորիտար իշխանություն լինելը հիմնավորելու համար»,-նշեց Ջամալյանը: Նա նկատեց, որ մայիսի 9-ին Արցախում տեղի է ունենալու զորահանդես, որի ժամանակ անցնելու է Արցախի մարտունակ միավոր բանակը, եւ ադրբեջանցիներն ուզում են ցույց տալ, որ իբրեւ իրենք են դրության տերը առաջին գծում: «Հրադադարի խախտումը բերելու է մեր ադեկվատ պատասխանին, եւ հետեւանքները իրենք պետք է կրեն: Նրանք դրության տերը չեն, քանի որ իրենք ավելի մեծ կորուստներ են ունենում, որոնք փորձում են հիմնավորել դժբախտ պատահարներով եւ ավելի անհարամար իրավիճակում են դնում իրենց»,-նշեց փորձագետը: Նրա խոսքով` եթե այս ագրեսիան շարունակվի, հայկական բանակն ունի բոլոր հիմքերը ոչնչացնելու այն կրակակետը, որից կրակ է ուղղվում խաղաղ բնակչության ուղղությամբ:

Փորձագետը նաեւ համոզմունք հայտնեց, որ Դովեղ գյուղի հրամանատարության եւ գյուղի բնակչության շրջանում խուճապ չկա  եւ չի էլ եղել կրակոցների ժամանակ, եւ սա մեր հոգեբանական առավելություններից մեկն է: Այնտեղ վտանգն ակնառու է, սակայն դրա զգացումը բթանում է:

Տավուշի մարզի Դովեղ գյուղի կենտրոնական հատվածում ապրիլի 25-ին ժամը 11:00 – 12:00 –ի միջակայքում 30 րոպե տեւողությամբ կրակոցներ են հնչել:Հակառակորդի կրակահերթերն ուղղված են եղել գյուղի կենտրոնական հատվածներին: Տուժողներ եւ վիրավորներ չկան: Կրակահերթից առաջինը տուժել է գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Կրակահերթն ուղղվել է նաեւ մանկապարտեզի, դպրոցի եւ խանութի ուղղությամբ: Խանութի պատերը եւս վնասվել են: Մանկապարտզի եւ դպրոցի սաներին տարհանել են մեքենաներով: Դովեղն ունի շուրջ 580 բնակիչ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply