Դովեղում կյանքը բնականոն հուն է վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 17:41

Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից ապրիլի 25-ին գնդակոծված Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչները վերադարձել են իրենց կյանքի բնականոն վիճակին: Ինչպես Դովեղում«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղապետ Սամվել Գորգինյանը, դպրոցականներն այսօր դասի են գնացել, իսկ ադրբեջանական զենքի հարվածը զգացած նախակրթարանի սաներին թույլատրել են տանը մնալ՝անվտանգության նկատառումից ելնելով:

Տավուշի մարզի Դովեղ գյուղն ապրիլի 25-ին’ ժամը 12:00-ի սահմաններում, շուրջ 40 րոպե գտնվել է ադրբեջանական նշանառուի գնդակոծման տակ: Վնասվել են գյուղի մանկապարտեզը և համայնքի բնակիչ Շիրազ Մեհրաբյանին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան, պտղատու ծառեր, բնակելի տների տանիքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով’ մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն’ ադրբեջանական կրակոցները լռեցվել են ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply