Հորմոնալ հակաբեղմնավորիչներ. այժմ ավելի անվտանգ է հղիությունից պաշտպանվելը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 12, 2009 17:32

«Հորմոնալ հաբեր» – բառակապակցության նկատմամբ ավագ սերնդի կանայք այնպիսի թերահավատություն ունեն, որ շատերի մոտ նյարդային ծիծաղ է առաջացնում: Եթե նրանց հարցնես, թե ինչ են մտածում կոնտրացեպցիայի այս մեթոդի մասին, անպայման կպատասխանեն, որ այն շատ եւ շատ վնաս է, եւ որ իրենց ծանոթներից մեկը այդ հաբերի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Այո, տարիներ առաջ, երբ հակաբեղմնավորիչ հաբերը դեռ նոր էին մտել շրջանառության մեջ, դրանց կողմնակի ազդեցությունները կնոջ օրգանիզմի վրա այնքան շատ էին, որ առանց ծայրահեղ պատճառի դրանք ընդունել ցանկացողների թիվը բավականին քիչ էր: Սակայն վերջին հիսուն տարվա ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալի զարգացում են ապրելնրանց մեջ զգալիորեն քչացել է հորմոնների քանակը, ինչի հետեւանքով քչացել են բացասական ազդեցություններն օրգանիզմի վրա:

Մասնագետները պնդում են, որ նոր սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչները, ի տարբերություն նախորդների, լուրջ վնաս չեն հասցնում կնոջ օրգանիզմին, քանի որ հորմոնների պարունակությունը նրանցում շատ քիչ է:

«Ժամանակակից հորմոնալ կոնտրացեպցիան, գրեթե, անվտանգ է, եթե այն ճիշտ օգտագործել՝ բժիշկի նշանակմամբ», – ասում է բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Սուրեն Կանայանը:

Հորմոնալ պրեպարատները պետք է ընդունել միայն բժիշկի նշանակմամբ՝ ստուգումներից հետո, քանի որ հորմոնալ հաբերը ունեն մի շարք հակացուցումներ եւ, նույնիսկ, ամենանորագույնները կարող են որոշ դեպքերում կողմնակի ազդեցություններ ունենալ կամ առողջական խնդիրներ առաջացնել:

«Նման պրեպարատներ նշանակելուց առաջ բժշկական զննումն անպայման է, քանի որ պետք է համոզված լինել, որ տվյալ կնոջ մոտ չկան հակացուցումներ եւ պրեպարատը նրան չի վնասի», – ասում է Սուրեն Կանայանը:

Որոշ դեպքերում հորմոնալ հաբերը կարող են եւ չազդել, եթե հորմոնների պարունակությունը նրանց մեջ բավարար չէ` ընդունողի ձվազատումը կանխելու համար: Հորմոնները կարող են նաեւ տվյալ անձի համար չափից շատ լինել, ինչի հետեւանքով կարող է խանգարվել դաշտանային ցիկլը: Այդ պատճառով, միայն բժիշկը կարող է ընտրել եւ խորհուրդ տալ այն հաբերը, որոնք ավելի «կսազեն» պացիենտին:

Ինչպես է «աշխատում» հորմոնալ կոնտրացեպցիան: Գինեկոլոգը բացատրում է. հորմոնալ հաբերը պարունակում են ձվարաններում արտադրվող հորմոնների սինթետիկ տեսակը: Դրանց ազդեցությունը տարբեր է. որոշ հորմոնալ պրեպարատներ կանխում են ձվազատումը, ինչի հետեւանքով բեղմնավորումը դառնում է անհնար: Այլ պրեպարատներն ազդում են արգանդի վզիկի լորձի որակի վրա՝ դարձնելով այն սպերմատոզոիդների համար անանցանելի: Կան այնպիսի պրեպարատներ, որոնքկանխում են ձվազատումը, – ազդում արգանդի վզիկի լորձի վրա:

Այսօր կան հորմոնալ պրեպարատների տարբեր տեսակներ.

1. Կոմբինացված պրեպարատներ՝ էստրոգեն հորմոնի պարունակությամբ: Այս պրեպարատներն ընդունում են ամեն օր, իսկ հորմոնների քանակն ամեն հաբում կախված է դաշտանային ցիկլի օրվանից:

2. Մինիհաբեր, որոնք պարունակում են միայն գեստագեններ, այսինքն` դրանց մեջ չկա էստրոգեն, որը կողմնակի ազդեցությունների հիմնական պատճառն է:

Կան նաեւ երկարաժամկետ ազդեցությամբ պրեպարատներ, որոնք ներարկվում են մաշկի տակ կամ ներմկանային եւ ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում հակաբեղմնավորիչ ազդեցություն են ունենում: Կան նաեւ հորմոնալ արգանդային օղակներ (սա սպիրալը չէ, դա Հայաստանում չկա) եւ սպեղանիներ: Սակայն այս տեսակի պրեպարատները Հայաստանում, գրեթե, չեն օգտագործվում՝ իրենց ժողովրդականությունը զիջելով հորմոնալ հաբերին:

Գինեկոլոգ Սուրեն Կանայանը ասում է, որ հորմոնալ հաբերով հակաբեղմնավորիչ մեթոդն անցանկալի հղիությունից ամենամեծ պաշտպանությունն է ապահովում:

«Գրականության տվյալներով, պահպանակը միայն 80% դեպքերում է պաշտպանում անցանկալի հղիությունից: Ներարգանդային պարույրը պաշտպանում է միայն մոտ 75% դեպքերում: Անցանկալի հղիությունից ամենամեծ պաշտպանությունն ապահովում է հորմոնալ կոնտրացեպցիան՝ 99%», – ասում է նա:

Հորմոնալ կոնտրացեպտիվ պրեպարատներն ունեն մի շարք հակացուցումներ: Դրանք հակացուցված են այն կանանց, որոնք լյարդի կամ սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն, ունեն շաքարային դիաբետ, գլխացավեր կամ բարձր զարկերակային ճնշում: Հորմոնալ հաբերը հակացուցված են նաեւ ծխող կանանց եւ 35 տարեկանից բարձր կանանց համար: Թեենթադրվում է, որ հղիներն այլս դրանց կարիքը չունեն, սակայն բժիշկներն, այնուամենայնիվ, զգուշացնում են, որ հղիներին հակացուցված են դրանք:ortho_tricyclen

Նոր սերնդի պրեպարատները, բացի իրենց կոնտրացեպտիվ ազդեցությունից, ունեն նաեւ մի շարք այլ դրական էֆեկտներ: Մասնագետներն ասում են, որ դրանք, օրինակ, պաշտպանում են կնոջը ձվարանների ուռուցքից եւ այլ ուռուցքներից: Այս պրեպարատները կարող են նաեւ կարգավորել դաշտանային ցիկլը եւ այն ավելի անցավ դարձնել:

«Երբեմն հորմոնալ պրեպարատներն օգտագործվում են բուժման մեջ. մենք կարող ենք նշանակել դրանք տարբեր հիվանդությունների ժամանակ», – նշում է Կանայանը:

Հորմոնալ հաբերն անհրաժեշտ է ընդունել ամեն օր: Մոռացկոտ կանայք ռիսկ ունեն հղիանալու, եթե հանկարծ մի օր մոռանան ընդունել հաբը: Այլ դեղերի ընդունումը եւ մարսողական համակարգի հետ կապված խնդիրները նույնպես կարող են պրեպարատի էֆեկտիվությունը նվազեցնել:

Բացի այդ, կարեւոր է հիշել, որ հակաբեղմնավորիչ հաբերը չեն պաշտպանում սեռավարակներից:

Այսօր հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործող հայ կանանց թիվը բավականին մեծ է: Դեղավաճառները ասում են, որ երեւանյան, գրեթե, ամեն մի դեղատուն ամսական ունենում է մոտ 10-50 հորմոնալ հաբեր գնող հաճախորդ:

Աբովյան փողոցի դեղատներից մեկում աշխատող դեղավաճառ Մարինեն ասում է, որ Երեւանի դեղատներում հորմոնալ պրեպարատները վաճառվում են միայն դեղատոմսով: «Նման դեղերի հետ խաղ անել չի կարելի», – ասում է նա:

Մարինեի խոսքերով, ամենից հաճախ հորմոնալ կոնտրացեպցիա են գնում 30-40 տարեկան կանայք, իրենց կանանց համար հաբեր գնող տղամարդիկ՝ հազվադեպ:

Նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ դեղատան աշխատող ասաց, որ Երեւանի դեղատներում կան, գրեթե, բոլոր հայտնի հակաբեղմնավորիչ հաբերը՝ մի քանի բացառություններով. «Չկան միայն 2, թե 3 տեսակի հաբեր, որոնք մեր երկրում գրանցված չեն եւ չեն բերվում»:

Հորմոնալ պրեպարատների գները տատանվում են 3000-8000 դրամի միջեւ: Շատ հայկական ընտանիքների համար այս գինը բավականին բարձր է, բայց, ինչպես նշեց գինեկոլոգ Կանայանը, աբորտը շատ ավելի թանկ կնստի՝ գործողության ու կնոջ առողջության վրա թողած հետեւանքների գինն իրար հետ վերցրած:

Կոնտրացեպցիայի այլ մեթոդների մասին կարդացեք «Անկախ»-ի հաջորդ համարներում:

23-ամյա Նարինեն մեկ տարուց ավել ընդունում էր հակաբողմնավորիչ հաբեր: Հիմա նա չի ընդունում դրանք, ասելով, որ «օրգանիզմը պետք է հանգստանա»: Նարինեի մոտ հիմա հորմոնալ խնդիրներ կան, որոնք նա չի կապում հորմոնալ կոնտրացեպցիա ընդունելու հետ, պնդելով, որ նա մինչեւ այդ հաբերն ընդունելն արդեն այդ խնդիրներն ուներ:

«Դրականը այն էր, որ երբ սկսեցի ընդունել այդ հաբերը, մաշկս լավացավ եւ կուրծքս մեծացավ, – ասաց, ծիծաղելով, Նարինեն, – իսկ բացասականըՉեմ նկատել: Կողմնակի էֆեկտներ էլ չեմ նկատել»:

Դիտվել է 7957 անգամ:
Print Friendly

Leave a Reply