«Մուսա լեռան քառասուն օրը» ` Շուշիի ՆԱՄ կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 16:53


Ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Կենտրոնի թատրոնի, մանրանկարչության խմբակների եւ հեքիաթասացի անկյան սաները հանդիսատեսին ներկայացրեցին Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից մի հատված: Պատանի դերասաններին հաջողվեց ներկայացնել հայ ժողովրդի հերոսական այդ դրվագը, իսկ պատանի հանդիսատեսից շատերը ոգեւորությամբ հայտնեցին, որ անպայման կկարդան «Մուսա լեռան քառասուն օրը». «Ես այս ներկայացման շնորհիվ իմացա բաներ, որ մինչ այս չգիտեի հայ ժողովրդի մասին: Անպայման կարդալու եմ «Մուսա լեռան քառասուն օրը», որ ավելի տեղյակ լինեմ 1915 թվականի դեպքերի մասին»,- ասաց հանդիսատեսներից 11-ամյա Մերին:
Նշենք, որ ներկայացման բեմադրող-ռեժիսորն էր Մարատ Դավթյանը, ռեժիսորի ասիստենտը` Նաիրուհի Ավետիսյանը: Ներկայացման նկարչուհին է Լուսինե Չալումյանը, նվագակցում էր Աշոտ Փափազյանը:

«Նարեկացի» արվեստի միության /ՆԱՄ/ Շուշիի մասնաճյուղը գործում է 2006թ. Սեպտեմբերից:
Արդեն ավելի քան 5 տարի է` կենտրոնում գործում են գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, ձեռագործության, ասմունքի, պարի, թատերական, փայտի փորագրության եւ այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա։ ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժման համար, ինչի շնորհիվ հաշմանդամ արվեստագետներն ու արվեստասերները հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր միջոցառումներին։ Իրականացվում են մի շարք ծրագրեր, միջոցառումներ թե’ կենտրոն հաճախող երեխաների, թե’ ՀՀ-ից եւ արտերկրից ժամանած արվեստագետների մասնակցությամբ։
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը իր կարևորագույն դերն է կատարում շուշեցի երեխաների առօրյայում` մեծ ներդրում ունենալով նաեւ ողջ Արցախի հանրապետության մշակութային կյանքի զարգացման գործում:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply