Չեխահայությունը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2012 15:23

Չեխական երեք քաղաքներում` Յիհլավայում, Բռնոյում եւ Պրահայում  անցած երեք օրերին չեխահայերը տարբեր ձեռնարկներով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ի առավոտյան  Պրահայում չեխահայերի մի խումբ՝ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծնված տան եւ ապրած շենքի հուշաքանդակի եւ հուշատախտակի մոտ, ինչպես նաեւ դրանց հարեւանությամբ գտնվող  ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանին։ Այստեղ Հայաստանի դեսպանը հանդես եկավ նաեւ հակիրճ ելույթով , ներկայացնելով ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Վիլսոնի ընդունած որոշումների կարեւորությունը։ Այնուհետեւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մեծ պաստառներով ու Հայաստանի ու ԼՂՀ  դրոշներով անցան Պրահայի Հանրապետության հրապարակից մինչեւ Հին քաղաքի Ստարոմեստսկա հրապարակ՝ հանրահավաք-երթի ընթացքում  չեխերենով ու անգլերենով կարդալով հայ ժողովրդի պահանջները եւ ակնկալիքները։ Չեխահայերը Թուրքիայից պահանջում էին իր կատարած հանցանքների ճանաչում, իսկ Չեխիայից` հետեւելու եվրոպական ընտանիքի անդամ այն պետություններին, ովքեր արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Օրվա երկրորդ կեսին, Սուրբ Եղիայի եկեղեցում Չեխահայոց հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան ժամերրգություն, որի ավարտին հանդես եկավ ապրիլքսանչորսյան քարոզով, նշելով, որ «ոչ միայն սգում ենք, այլեւ աշխարհին ցույց ենք տալիս, որ ոճրագործները պետք է պատժվեն»։ «Քրիստոսի հարությունը տեսած ազգը չի կարող մահանալ»,- ասաց հայր սուրբը։  Ժամերգությանը ներկա էին Չեխիայում ներկայացված մի շարք երկրների դեսպաններ, խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ։ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ցեղասպանության տված դասերին, այլեւ հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ արեց համախմբվել Չեխիայի հայկական կազմակերպությունների, եկեղեցու եւ դեսպանության շուրջ ` մեր հակառակորդներին արժանի հարված տալու, եւ Չեխիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով աշխատանքներ տանելու համար։

Այնուհետեւ ելույթ ունեցավ «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը, ով ներկայացրեց ոչ միայն ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականության փաստը, անցած տարիներին կազմակերպված կարեւոր ձեռնարկները, այլեւ  չեխ հումանիստ Կարել Հանսայի գրած անգնահատելի աշխատանքը` «Արեւելքի սարսափները» գիրքը, նրա հայանպաստ գործունեությունը անցած դարի քսանական թվականներին։

Ընթերցվեցին նաեւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի եւ սենատոր Յարոմիր Շտետինայի ուղերձները, որոնցում նրանք իրենց աջակցությունն էին հայտնում հայ ժողովրդին եւ մեկ անգամ եւս  հիշատակում Վերֆելի հայտնի գիրքը։

Ելույթներից հետո, հանդես եկավ Կարլի համալսարանի երգչախումբը՝ հայտնի դիրիժոր Հայկ ՈՒթիջյանի ղեկավարությամբ։ Չեխ համալսարանականները կատարեցին Կոմիտասի եւ Եկմալյանի ստեղագործությունները, հատվածներ պատարագից։ Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Մարիամ եւ Հրայր Ղարիբյանների GH պատկերասրահում բացվեց  չեխ հայտնի նկարիչ  Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էր նկարչի այրին։

Նախօրեին, ապրիլի 22□ին Վիսոչինայի երկրամասի Յիհլավա քաղաքում «Ուրարտու» հայ չեխական կազմակերպության  նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառումը , որին իրենց մասնակցությունն էին բերել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ու  Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայկական խաչքարի մոտ ծաղիկներ դնելուց հետո, հայր Բարսեղը «Սուրբ Հոգի» եկեղեցում կատարեց հոգեհանգստյան ժամերգություն, որից հետո ելույթներ ունեցան Հայաստանի դեսպանն ու «Ուրարտու» կազմակերպության նախագահը, անդրադառնալով ցեղասպանության ճանաչման կարեւորությանն ու հայ ժողովրդի արդար պահանջին։ Ներկաները դիտեցին Հայոց Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, իսկ այնուհետեւ՝  եկեղեցու շրջակայքում բացված ցուցահանդեսը։ Հաջորդ օրը, ապրիլի 23□ին Չեխիայի Բռնո քաղաքի եկեղեցիներից մեկում հայր Բարսեղը մատուցեց հոգեհանգստյան կարգ, որից հետո տեղի հայության առջեւ ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, մի անգամ եւս նշելով, որ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը  եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է։ «Հանցագործության հետքերը սրբելու չուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է», ասաց նա։ Իսկ երեկոյան, ՀՀ դեսպան  Տիգրան Սեյրանյանը, Պրահայից «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը եւ «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը  ներկա գտնվեցին հանրաճանաչ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգին` Բռնոյի Ջազֆեստ փառատոնի շրջանակներում։ Տիգրանի անկրկնելի ելույթը հայ  ժողովրդի վերածննդի ռեքվիեմն էր, որ ամենաջերմ ընդունելությանն արժանացավ չեխ հանդիսատեսի կողմից։ Տիգրանի նման հայ տաղանդները մեկ անգամ եւս ապացուցում են, որ հայ ժողովրդին երբեք հնարավոր չի լինի ոչնչացնել։ Այս մասին խոսեց նաեւ Հայաստանի դեսպանը, տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Չեխահայ համայնքի միջոցառումներին անդրադարձան նաեւ չեխական հեռուստատեսության երկու ալիք՝  «ՉՏ 24»ը եւ «Պրիման»։

«Օրեր» ամսագիր , Պրահա

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply