Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակության անդամների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 26, 2012 14:29
Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին, քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը, շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները: «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ողջունելով քաղաքապետին, Օլգա Կազանսկայան նշել է, որ Երևանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է և ռուսական կողմը կարևորվում է Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը: «Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ այլ նաև որպես գործընկեր քաղաք և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»,-նշել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը:
Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումը և երկուստեք խթանել զբոսաշրջության զարգացումը։
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով բարեկամական, ջերմ ընդունելության համար, հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը:
Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը պատասխանել են լրագրողների հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
