Փախստական ընտանիքն օվկիանոսից այն կողմ նոր կյանք է սկսել. Արմանն ու Նատաշան՝ ԱՄՆ-ում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 28, 2012 7:29

1989 թ. Բաքվում տեղի ունեցած Արման և Նատաշա Ցարիանովների միությունը նշանավոր իրադարձություն էր ոչ միայն իրենց համար, այլև՝ շրջապատի: Պարզվում է՝ դա վերջին հայկական հարսանիքն էր ազգային բախումներից առաջ: Այժմ ամերիկյան մի քաղաքում Ցարիանովների (Ցարիանովյան) ընտանիքը համեմատաբար բարեկեցիկ կյանքով է ապրում, որը ստեղծել են իրար սիրող երկու ջերմ սրտեր ավելի քան երկու տասնամյակների տքնաջան աշխատանքի ընթացքում:

Արմանի ու Նատաշայի հետ մենք հանդիպեցինք երևանամերձ ակումբներից մեկում:

Ամուսիններն ավելի քան 20 տարի Հայաստանում չէին եղել: Բայց այսօր էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր բնակվող նախկին փախստական ընտանիքների պես Ցարիանովները հաճախ են հիշում խորհրդային տարիների իրենց կյանքն Ադրբեջանում, որտեղ հայ լինելը դարձել էր հալածվելու, հետապնդվելու և սպանվելու պատճառ:

Քանի որ ամուսնու ազգանունը չէր ավարտվում «յան»-ով, ինչն անմիջապես կմատներ նրա ազգային պատկանելությունը, ամուսնացող զույգին ինչ-որ կերպ հաջողվում է հասնել հարսանեկան հանդիսության վայր` առանց մտահոգվելու իրենց հայ լինելու մասին: Մինչև հիմա շատերն են հիշում Արմանի ու Նատաշայի հարսանիքը, կես կատակ-կես լուրջ պատմում ու ծիծաղում… Նատաշայի մայրը` 75-ամյա Անահիտ Նավասարդյանը, պատմում է, որ իրենց բարեկամներից մեկը կենաց խմելիս ասաց, թե սա վերջին հայկական հարսանիքն է ադրբեջանական հողի վրա, և մատուցողները միայն այդ ժամանակ իմացան, որ հայի հարսանիք է:

Արման Ցարիանովը, հիշելով իրենց հարսանեկան մեքենան վարող ադրբեջանցի վարորդին, ասում է.

– Եթե չլինեին մեր զագսի վկաները, որոնք մեր մոտ ընկերներն էին`ազգությամբ ադրբեջանցի, ապա վարորդն ինձ ու Նատաշային տեղում կսպաներ, այնքան ատելությամբ էր լցված մեր հանդեպ:

Ցարիանովների տոհմածառը հյուսված է քաջության պատմություններով: Արման Ցարիանովը հիշում է, որ պապի պապը կամ հայրը անվանի հայդուկապետ է եղել, ազնվական տոհմի ներկայացուցիչ… Ցարիանովների ընտանիքի անդամները ծնվել ու մեծացել են Բաքվում, այնտեղ էլ անցկացրել իրենց կյանքի մեծ մասը կամ գրեթե կեսը:

Ալյոնա Ցարիանովան 21 տարի աշխատել է Բաքվի արդյունաբերական շինարարության նախարարությունում, ամուսինը` Հենրիխ Ցարիանովը`Խորհրդային Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում աշխատող միակ հայն էր ռադիոֆիզիկայի բնագավառում:

Փաստորեն Ցարիանովները Բաքվի ջարդերից առաջ քաղաքը լքած վերջին ընտանիքներից էին:

– Հարևանս` Ահմեդ Ասբանովը, որի հետ նույն նախարարությունում էինք աշխատում, վաղուց գիտեր, որ հայերի ազգանուններով ցուցակները կազմվել են, ու հայերին արտաքսելու են, սպանելու ու անարգելու են, սակայն ամաչում էր մեզ ասել այդ մասին ասել,- պատմում է Նատաշան ու շարունակում,- սակայն շուտով ամուսնուս ակադեմիայում ասում են, որ լավ կլինի` ժամանակավորապես լքենք երկիրը: Դա կարծես ազդակ էր, որ հասկանայինք՝ երկրում ինչ-որ արտասովոր բան է կատարվելու:

Ընտանիքը լքում է Բաքուն 1989 թ. հունիս-հուլիս ամիսներին: Իսկ վերջնական հարձակումները հայերի վրա տեղի են ունենում 1990 թ. հունվարին: Մեկ տարում Ադրբեջանը լքում է շուրջ 450 հազար հայ:

Վերհիշելով կամ վերապրելով այդ ժամանակաշրջանը, ապրած այդ սարսափելի օրերը, Նատաշան ասում է.

– Ոչինչ չվերցրինք մեզ հետ, փակեցինք բնակարանի դուռն ու միանգամից հեռացանք: Այլ ելք չունեինք, տեղեկատվությունը հստակ էր:

Բայց մի անգամ ամուսիններով վերադառնում են Բաքու: Վերադառնալու օրն ու ժամը լավ են հիշում՝ 1989 թ. նոյեմբերի 20: Նրանք հասցնում են ընդամենը մի քանի իրեր վերցնել ու արագ հետ դառնալ: Այդ ընթացքում նրանց Բաքվում օգնում են ադրբեջանցի ընկերները:

– 10-15 րոպեն մեկ զանգում էին մեր բնակարան ու ասում. «Դեռ այդտե՞ղ եք, սպանելու ենք ձեզ…»: Սարսափելի էր: Մեր ընկերներից այլևս մարդ չէր մնացել՝ ո՛չ հայերից, ո՛չ հրեաներից, անգամ` ռուսներից: Ես ամուսնուս ասացի` ուզում եմ հեռանալ ու այլևս երբեք չվերադառնալ Բաքու,- հիշում է Նատաշան:

Երեք տարի Մոսկվայում ապրելուց հետո, ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ` Շառլոթ (այն այժմ շուրջ 730.000 բնակչություն ունի): Մեր օրերում նրանց նման ընտանիքների թիվը Շառլոթում հասնում է 40-50-ի: Ադրբեջանից եկած հայերն են կազմում տեղի հայկական շատ փոքրիկ համայնքի կորիզը:

Նատաշան ասում է, որ երկրից հեռանալու համար վաղուց էին իրենց թղթերը ներկայացրել Մոսկվայի ԱՄՆ դեսպանություն: Իմացել էին, որ ԱՄՆ-ում գործող «Կաթոլիկ սոցիալական-հասարակական ծառայություն» ոչ կառավարական կազմակերպությունը ծրագիր է իրականացնում`ապահովելով հայ փախստականների մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

– Մենք դիմել էինք ծրագրին մասնակցելու համար, սակայն մեզ ելքի թույլտվություն շատ երկար ժամանակ չէին տալիս: Խորհրդային իշխանությունները հայտարարում էին, որ մեր երկրում փախստականներ չկան,- պատմում է Արմանը:

– Սակայն այդ ընթացքում երկիրը քանդվում էր, և շուտով ստացանք թույլտվությունը: ԱՄՆ կառավարությունն առանց վիզայի մեզ արտոնություն էր տալիս ապրելու երկրում: Իսկ մեկ տարի անց ստացանք գրին քարտ: Այդ ժամանակ արդեն 41 տարեկան էի, ամուսինս՝ 46: Մեզ տուն էին տվել: Փաստորեն, զրոյից նոր կյանք սկսեցինք՝ նոր նպատակներով ու ծրագրերով, ապագայի հանդեպ նոր ցանկություններով ու հույսով,- ասում է Նատաշան:

Ցարիանովների մեծ ընտանիքն այսօր բնակվում է մի հարկի տակ, ինչպես հատուկ է հայկական ավանդական ընտանիքներին:

Նատաշայի անգլերենի գերազանց իմացությունը շատ է օգնել լավ աշխատանք գտնելու հարցում: Սկսում են աշխատել ընտանիքի բոլոր անդամները:

– Ցավալի էր տեսնել, թե ինչպես է 67-ամյա հայրս ամեն առավոտ ժամը 6-ին գնում ու կանգնում հաստոցի առաջ աշխատելու, երբ երկար տարիներ եղել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Բայց մենք նաև դրա կարիքն ունեինք,-հիշում է Նատաշան:

Այժմ` 20 տարի անց, Ցարիանովներն ԱՄՆ-ում ապրում են արդեն բարեկեցիկ կյանքով: 1995-1996 թթ. սկսած` Նատաշան զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով: Այստեղ են ծնվել նաև նրա երեք տղաները: Եղբայը` Աշոտը, Շառլոթում բացում է ռուսական խանութ, զուգահեռ բժշկական կրթություն ստանում: Նատաշայի քույրը՝ Ժաննան, ինչպես 20 տարի առաջ, այսօր էլ շարունակում է դաշնամուրի դասեր տալ ամերիկացի և ռուս ընտանիքների երեխաներին:

Նատաշան ասում է, որ եթե աշխատասեր ես, ապա ԱՄՆ-ում չես կորչի:

– Երբ մեկն ասում է, որ իր բախտը չի բերել, չի հաջողվել, այդպես չէ: Եթե աշխատես, աստիճանաբար կբարձրանաս, քեզ կգնահատեն: Հայերն այստեղ հաջողություններ ունեցան, որովհետև աշխատասեր են,- ասում է Արման Ցարիանովը:

Ցարիանովների տան լուսանկարները նրանց անցած կյանքն են ներկայացնում: Բաքվում ապրած կյանքի լուսանկարները ընտանեկան ալբոմի լուռ էջերում են:

– Նատաշան պահարանից զգուշորեն հանում է մի քանի հախճապակե թեյի բաժակներ ու կարոտով ասում. «Բաքվից եմ այստեղ հասցրել: Ամեն անգամ թեյ խմելիս մտովի գնում եմ այն կյանք, որը մնաց օվկիանոսի այն ափում, որը մերն էր ու մերը չէր»,- կես կատակ պատմում է ամուսինը՝ Արմանը:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 2080 անգամ:
Print Friendly

Leave a Reply