Նոր փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 4, 2012 7:00

2012 թ. փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» (ՎԻՎ) օրենսգրքում: Դրանք վերաբերում են օրենսգրքի տարբեր հոդվածներին, սակայն տվյալ դեպքում կցանկանայինք խոսել այն նոր փոփոխությունների մասին, որոնց հետ անմիջականորեն և համարյա ամեն օր առնչվում են շատ վարորդներ:

Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից, բացառությամբ 5 հոդվածների, որոնք ուժի մեջ են մտել մարտի 17-ից: Այսպես, ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն, բարձրացվել են տուգանքի չափերը: Համաձայն այդ հոդվածի` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի (5000 ՀՀ դրամի)  հնգապատիկի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում 20000 դրամի չափով, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 20000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 20000 դրամի չափով` նախկին 5000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելն առաջացնում են տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով առաջացնում է տուգանքի նշանակում 20000 դրամի չափով` նախկին 30000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում 10000 դրամի չափով` նախկին 20000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում 20000 դրամի չափով` նախկին 30000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելն առաջացնում են տուգանքի նշանակում 20000 դրամի չափով` նախկին 10000 դրամի փոխարեն, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկին 3000 դրամի փոխարեն:

 

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 3101 անգամ:
Print Friendly

Leave a Reply