Վանա իշխանը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 1, 2012 13:21

Իշխանը` Նիկոլ Պողոսյանը (Միքայելյան) XX դարասկզբի հայ ազատագրական պայքարի երևելիներից է: Ծնվել է 1882 թ. Արցախի Վարանդա գավառի Քառասնա գյուղում, ունևոր առևտրականի ընտանիքում: Փոքրուց Նիկոլի մեջ ծնողները բացահայտեցին ուսման սերը, և հայրը նրան կրթության տվեց Շուշիի թեմական դպրոցում, որն այդ տարիներին հայ կրթության առաջատար դարբնոցներից էր: Ավելորդ չէ նշել, որ Շուշիի թեմական դպրոցը դարբնոց էր նաև հայկական ազատագրական շարժման համար: Այստեղ են «թրծվել» Արամ Մանուկյանը, Մենակը, Թորգոմը և այլք:

Հենց Շուշիի թեմական դպրոցից է գալիս Իշխանի և Արամ Մանուկյանի ծանոթությունն ու մտերմությունը:

Լինելով ըմբոստ ու չհանդուրժող բնավորության տեր պատանի` Նիկոլ Պողոսյանը կոնֆլիկտի մեջ մտավ դպրոցի տնօրեն Բենիկ վարդապետի հետ և ստիպված լքեց դպրոցը` տեղափոխվելով Երևան, ուր շարունակեց ուսումը տեղի թեմական դպրոցում:

Երևանում ավելի բացահայտվեց Նիկոլի ըմբոստ ոգին, և նա անմիջապես ներգրավվեց գործող գաղտնի խմբակներում, որոնց նպատակը երիտասարդության շրջանում ազգային ինքնագիտակցության ձևավորումն էր: Այս խմբակներում էլ ծանոթացավ հայ ազատամարտի ևս մեկ նշանավոր ներկայացուցչի` Արտո Շահխաթունու հետ, որը հետագայում Արամի հետ կազմակերպեց Երևանի նահանգի ինքնապաշտպանությունը թուրքական ներխուժման դեմ:

Երևանում Նիկոլը, տակավին պատանի, ընկնում է Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության գաղափարական ազդեցության տակ և անդամագրվում ազատագրական պայքարի ելած կուսակցությանը:

Արդեն 1902 թ., կիսատ թողնելով ուսումը, անցնում է Կարս` հայոց հեղափոխության հնոցը: Այդ տարիներին ՀՅԴ Կարսի կոմիտեն թերևս ամենակազմակերպվածն ու ամենաուժեղն էր: Այստեղ գործել է անձամբ Արամ Մանուկյանը, որը փաստորեն Կարսում ստեղծել էր պետություն պետության մեջ: Կարսի ողջ հայությունն այնքան կազմակերպված էր, որ պետական իշխանության փոխարեն շարժվում էր տեղի ՀՅԴ կոմիտեի ցուցումներով: Անգամ վիճելի հարցերը, դատարանի փոխարեն, լուծվում էին Կարսի կոմիտեի միջոցով:

Սակայն Նիկոլը Կարսում երկար չմնաց և կուսակցության առաջադրանքով Մենակի հետ մեկնեց Բասեն` կազմակերպելու տեղի հայությանը: Բասենում նա գործում էր Գրիգոր ծածկանունով:

Նիկոլը ստացավ առաջին մարտական մկրտությունը, երբ 1903 թ. Նևրուզ Օնիկի հեծյալ խմբով շարժվեց դեպի ապստամբության նախապատրաստվող Սասուն: Ճանապարհին խումբը բախվեց թուրքական կանոնավոր բանակի հետ: Արյունահեղ բախման ընթացքում թուրքերը, մոտ հազար զոհ տալով, փախուստի դիմեցին:

Այդպես էլ Սասուն չհասնելով` Նիկոլը ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կոմիտեի առաջադրանքով հաստատվեց Վանում` ղեկավարելով ՀՅԴ Լեռնապարի կոմիտեն:

Փաստորեն Վանն այդ տարիներին դարձել էր Արևմտյան Հայաստանի ազատագրական շարժումների կենտրոնը: Այնտեղ էր Երկրի զինանոցը, Վանում էին կենտրոնացած ՀՅԴ գործիչները, և պայքարը փաստացի ղեկավարվում էր Վանից: Ուստի կային մի քանի օբյեկտիվ պատճառներ. նախ` Վանը Արևմտյան Հայաստանի ամենահայաշատ քաղաքային բնակավայրն էր, բացի այդ, գտնվում էր Պարսկաստանից Թուրքիա տանող բանուկ ճանապարհին. հենց այդ ճանապարհով էին հայկական ջոկատները թափանցում Երկիր, զենք-զինամթերք տեղափոխում: Ահա ինչու ՀՅԴ ղեկավարությունը հենց Վանն ընտրեց որպես Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարի հնոց:

Այդ տարիներին Վանում հավաքվել էր Դաշնակցության սերուցքը` Իշխանը, Արամ Մանուկյանը, Մալխասը, Վռամյանը…

Վասպուրականում (Լեռնապարի կոմիտե) Իշխանը ձեռնամուխ է լինում մարտական թռուցիկ խմբերի ձևավորմանը, որոնց խնդիրն էր արագ արձագանքել հայությանը կեղեքող թուրքական և քրդական խմբերի գործունեությանը: Թռուցիկ խմբերի ստեղծումը ժամանակի պահանջ էր. Վասպուրականի գյուղերի բնակչությունը անպաշտպան էր հրոսակներից, և Իշխանի շնորհիվ հայ աշխատավորը ոչ միայն իրեն ապահով ու պաշտպանված զգաց, այլև հավատաց իր վաղվա օրվան, հաղթանակին:

Իշխանը Վասպուրականում իր թռուցիկ խմբերով բազմիցս ջարդել է քուրդ աշիրաթապետերին և թուրքական բանակի ջոկատները:

Նա առհասարակ խստապահանջ էր, աչքի էր ընկնում անհաշտ ու անկոտրում կամքով և կարճ ժամանակամիջոցում դարձավ Վասպուրականի հայության սիրելի ու առաջնորդ, իսկ թուրքական իշխանությունների համար` սարսափ: Լինելով խստապահանջ ու երբեմն նաև դաժան ղեկավար`  միաժամանակ մտավորական ու հոգևոր խառնվածք ուներ: Սիրում էր երգել, ստեղծագործում էր: Անգամ Վանում երգչախումբ ու թատերախումբ էր ստեղծել, որտեղ ազատ ժամանակ անձամբ խաղում էր:

Իշխանը Վասպուրականի գյուղերում նաև խրախուսում էր ուսումը, կրթությունը: Նրա ջանքերով Աղթամարում բացվեց Կենտրոնական վարժարանը, որտեղ նաև անձամբ դասավանդում էր: Աղթամարի վարժարանը հայրենասեր սերունդ կրթելու դարբնոց էր: Այստեղ նաև ընդհատակյա թերթ էր տպում` «Արյան ձայնը»: Հետագայում` թուրքական հեղափոխությունից հետո, նա Վանում տպագրեց «Աշխատանք» թերթը, որի խմբագիրն ինքն էր: Միաժամանակ աշխատակցում էր «Դրոշակին» և ԱՄՆ-ում լույս տեսնող «Հայրենիքին»:

Վանում գործելու տարիներին Իշխանը սիրահարվեց և ամուսնացավ վանեցի Սիրանույշի հետ: Վանի նահանջից հետո Սիրանույշը որդու հետ հաստատվեց նախ Արցախում, ապա` Երևանում:

1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո որոշ ազատություն եղավ, և Իշխանն ու իր գործընկերները դուրս եկան ընդհատակից: Ցավոք, երիտթուրքերի հեղափոխությունը փափուկ բարձի դերակատարություն ունեցավ հայ քաղաքական ուժերի, մասնավորապես` հայոց ազատամարտի առաջատարի` Հայ Յեղափոխական դաշնակցության համար: Քաղաքական իրադրության փոփոխությունը կարճ ժամանակով ննջեցրեց դաշնակցական գործիչներին, որոնք, հուսավառված թուրքերի սուտ խոստումներից, անգամ եղբայրության և բարեկամության կոչեր էին անում:  Միայն սակավաթիվ գործիչներ, այդ թվում` Արամ Մանուկյանն ու Իշխանը, ամենուր զգաստության կոչ էին անում և ասում, որ հայ-թուրքական բարեկամություն երբեք չի կարող լինել: Նա անգամ հրաժարվեց ենթարկվել կուսակցության պահանջին, այն է` ցրել հայդուկային թռուցիկ խմբերը:

Ցավոք, Իշխանի նման մտածողները ճիշտ էին: Ադանայի կոտորածներն ապացուցեցին երիտթուրքերի նենգ դիտավորությունները, չնայած, պետք է խոստովանել, որ անգամ դա չսթափեցրեց հայ քաղաքական գործիչներից շատերին, որոնք դեռ միամտաբար շարունակում էին սիրախաղը երիտթուրքերի հետ:

Հայերի գլխին աստիճանաբար կուտակվում էին սև ամպերը, և Առաջին համաշխարհային պատերազմի սպառնացող վտանգը ստիպեց ավելի շոշափելի քայլեր ձեռնարկել: Վանում կազմակերպվեց Զինվորական մարմին, որի մեջ մտան Իշխանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը:

Իշխանը Վասպուրականը բաժանեց մանր շրջանների, այնտեղ զինավառ թռուցիկ խմբեր ստեղծեց, նշանակեց պատասխանատուներ, Վանում և հարակից գյուղերում զենք-զինամթերքի պահեստներ հիմնեց: Ճիշտ է, հետագայում դաշնակցական Դավոյի դավաճանության հետևանքով թուրքերը ձեռք գցեցին հայերի զինապահեստների մի մասը, սակայն Իշխանի հեռատեսության շնորհիվ Վասպուրականի հայությունը զինվեց:

Թուրքերն իրենց դիվային ծրագիրն իրականացնելու համար արհեստականորեն հայ-քրդական բախումներ են հրահրում: Քրդերը, որոնք անկազմակերպ, ազգային ինքնագիտակցությունից զուրկ տարր էին, հեշտությամբ էին տրվում սադրանքների:

1915 թ. գարնանը թուրքերին հաջողվեց հրահրել Շատախի շրջանի քրդերին, մի քանի արյունահեղ բախումներ եղան քուրդ աշիրեթների և հայկական խմբերի միջև: Վանի կուսակալ Ջևդեթ փաշան խնդիրը «խաղաղ» կարգավորելու համար Արամ Մանուկյանին առաջարկում է Շատախ ուղարկել Իշխանին` տեղում հարցը քննելու և պարզաբանելու համար: Թվում է` անմեղ առաջարկ էր, քանզի Իշխանն իսկապես մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն հայերի, այլև թուրքերի և քրդերի շրջանում:

Իշխանը մի քանի ընկերների (Պողոս Թութունջյան` Քոթոթ, Միհրան Տեր-Մարգարյան, Վահան Խռանյան), թուրք ոստիկանապետի և ոստիկանական ջոկատի հետ ուղևորվում է Շատախ: Ճանապարհին գիշերելու համար կանգ են առնում քրդական Հիրճ գյուղում` Իշխանի բարեկամի տանը: Այստեղ էլ կատարվում է սոսկալի նախճիրը: Վանի կուսակալի ուղարկած չերքեզ մարդասպանները, ներխուժելով Իշխանի և ընկերների ապաստանած տուն, սպանում են բոլոր հայերին:

Լուսաբացին քրդերը, իմանալով եղելությունը, ըմբոստանում են. քրդի համար մեծ անարգանք է, երբ հյուրընկալության պատրվակով մարդ են սպանում սեփական տանը: Գյուղի քրդերը կատարվածի մեղավորը համարելով թուրքերին` սպանում են Իշխանին ուղեկցող թուրք ոստիկաններին: Վանի կուսակալի հրամանով կոտորվում է Հիրճի ողջ խաղաղ բնակչությունը:

Առաջին քայլն արված էր, և թուրքերը, առանց կանգ առնելու, շարունակում են իրենց գործը: Կուսակալ Ջևդեթը կարողանում է խաբեությամբ ձեռք գցել նաև Արշակ Վռամյանին և սպանել նրան: Ձերբակալությունից խույս է տալիս միայն Արամ Մանուկյանը, որն էլ պիտի լիներ Վանի հաղթական ապստամբության կազմակերպողն ու հետագայում Հայաստանի Հանրապետության կերտողը:

Արամը Վասպուրականի հայությանը ըմբոստության կոչ է անում: Հայությունը ապստամբում է Վանում և մինչև ապրիլի 2-ը հերոսական դիմադրություն կազմակերպում` բազմիցս ջարդելով թուրքական կանոնավոր զորքերը: Ապրիլին հայկական կամավորական ջոկատները և ռուսական բանակը մտան Վան:

Միայն ապրիլ ամսին` Վանի հաղթանակից հետո հնարավոր եղավ կազմակերպել Իշխանի և ընկերների մարմինների հուղարկավորությունը, որ իսկական զինվորական միտինգի վերածվեց` զորաշարժով, հայրենասիրական երգերով: Նրա դիակը դրվեց Սուրբ Վարդան եկեղեցում, ապա թաղվեց Այգեստանի հայկական գերեզմանատանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 2465 անգամ:
Print Friendly

Leave a Reply