«Ինչպես ջրերը չխեղդեցին Արարատը, արյունն ալ պիտի չխեղդե հայ ժողովուրդը»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 3, 2012 7:00

Երևանի պատմության պետական թանգարանում պահվող մի բացառիկ ցուցանմուշ կա` համրիչ-ուլունքաշար, որի մասին տարբեր թերթերում մի քանի հոդվածներ եմ գրել դեռևս 2000 թ., բայց որ դրա 30-րդ հատիկի անվանակրի թոռնուհին` Բյուրակն Չերազ-Անդրեասյանը ապրում է մեր կողքին, ինձ համար բացահայտում էր:  Ասեմ, որ դեռևս1965-ից թանգարանում պահվող ցուցանմուշն իր մասին խոսել տվեց միայն 1984 թ: Այն, թանգարանի հնագիտության բաժնի վարիչ Եվգենյա Մուշեղյանի ուղղորդմամբ, հանրության ուշադրության առարկա դարձրեց թանգարանի հնագետ-պատմաբան Կարինե Ավագյանը: Երբ նա որոնումների նպատակով տարբեր թերթերում հայտարարություններ տվեց, զարմանալի զուգադիպությամբ առաջին արձագանքողները  ուլունքաշարի 4-րդ և 30-րդ հատիկների անվանակիրների թոռնուհիները եղան: Գիտաշխատողն առաջինը հանդիպեց Չանղըրըի աքսորական Գասպար Չերազի թոռնուհու` բանասեր Բյուրակն Չերազ-Անդրեասյանի հետ, որը երկար տարիներ եղել է ԳԱ արվեստի ինստիտուտի Շեքսպիրագիտության հայկ. կենտրոնի գիտաշխատող և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում`  հայոց լեզվի դասախոս:

Ըստ Ավագյանի` համրիչ-ուլունքաշարի անհամաչափ առաջին հատիկին փորագիր հիշատակում կա` «Չանղըրը, 1915 թ., ապրիլ 11, յիշատակ»: Իսկ 99 հատիկներին փորագրված է Չանղըրըի103 մտավորական աքսորականների անուն- ազգանունները: Ասել է թե` 103 մտավորական աքսորականի ճակատագիր: Առաջին հատիկին Կոմիտասի անունն է, 5-րդին` Ռուբեն Սևակի,  40-րդին` Վարուժանի, իսկ ամփոփիչ հատիկաշարին` Գրիգորիս ծ.վ. Պալաքյանի, որը վերապրեց, որպեսզի հետագայում  գրեր հայ Գողգոթայի մասին: Բոլորն էլ Մեծ եղեռնի առաջին հավաքի ընտրյալներ էին, անվանի մտավորականներ, ազգային գործիչներ:

Իսկ ո՞վ էր ուլունքաշարի 30-րդ հատիկի անվանակիր Գասպար Չերազը: Նա հանրությանն առավել հայտնի  հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, ուսուցչապետ Մինաս Չերազի ավագ եղբայրն էր, որ դեռ  1889-ից Պոլսից Եվրոպա էր մեկնել, իսկ 1914 թ. արդեն Փարիզում հաստատվել:

Գասպար Չերազը ծնվել է 1850 թ. Պոլսում,  Խասգյուղի Պատեմլիկ թաղամասում` Ոսկեղջյուրի վրա, որը Շահնազարյանն  անվանել է «Պոլսո Աթենք»: Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի հայկական վարժարանում: Այունուհետև ավարտել է Պոլսի  իրավաբանական համալսարանը: Գրական բազմաթիվ աշխատություններով, ինչպես նաև Խասգյուղի մասին պատմող բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ» հանդեսում, ինչպես նաև «Բյուզանդիոն» օրաթերթում: 1896-1904 թթ. գրել է «Մեր տան երգերը» մանկական բանաստեղծությունների գրքույկը` նվիրված իր որդիներին, որը հրատարակվեց 1922 թ. ավագ որդու` Վահան Չերազի օժանդակությամբ: «…Փափագած էի, որ անոնք [որդիները -Ա.Ե.] գրական ու գիտական ուսումներե առաջ և ավելի բարեկիրթ մարդիկ ըլլալու դաստիարակությունն առնելով` ըլլան պարտաճանաչ քաղաքացիներ` միշտ պատասխանատվության մը գիտակցությունովը շարժվող, ու մտքի մշակության հետ ունենան նաև նախաձեռնարկ ոգի, ստանան կամքի ամրապնդում, ուժեղացում և իրենց խառնվածքին մեջ մի քիչ երկաթ ալ գոյանա»,- գրում է Գասպար Չերազը գրքույկի առաջաբանում:

Թոռնուհու վկայությամբ` Գասպար Չերազը  որպես իրավաբան մշտապես պաշտպանել է այլևայլ շինծու մեղքերով անբաստանված «գավառացի» երիտասարդներին և աշխատավորներին` շատերի մահվան դատավճիռը փոխարինել տալով բանտարկությամբ: Դա նրան հաճախ էր հաջողվում, որովհետև  հմուտ իրավաբան էր և մի քանի օտար լեզվի էր  տիրապետում:

Արհավիրքի  առաջին  զոհերը երևելի մտավորականներ, ազգային գործիչներ էին, և 1915 թ. Չերազն էլ հայտնվեց Չանղըրըի աքսորականների այդ «սև ցուցակում» ու աքսորվեց: Սակայն այդ աքսորից  փրկվեց համալսարանական թուրք դասընկերոջ ջանքերի շնորհիվ:

Տուն վերադարձավ, բայց արդեն  հոգեկան հավասարակշռությունը խանգարված: Նրա վիճակն ավելի ծանրացավ, երբ որպես վկա ներկա գտնվեց Պոլսում թուրք ջարդարարների դեմ շինծու դատավարություններին, որոնք անարդար ավարտ ունեցան: Դատավարությունների ընթացքից, պարտվածների ճակատագրից անչափ հուսախաբ ու վշտահար` կորցրեց հանգիստն ու առողջությունը: 1920-24 թթ.Պոլսում եղած ժամանակ Բյուրակնի հոր` Վահան Չերազի խնդրանքով Բյուրակնի մայրը` Վարդանուշ Անդրեասյանը, 4 տարի հանձն առավ Գասպար Չերազի խնամքը:

Գասպար Չերազն իր մահկանացուն կնքեց 1928 թ.:  Նա չորս զավակ ուներ` Վահան, Լևոն, Ներսես,Շաքե: Անչափ հպարտ էր իր Վահան զավակով, սակայն ճակատագիրն առավել անողոք գտնվեց Վահան Չերազի նկատմամբ, որն իր փափագած հայրենիքի փոխարեն  հայտնվեց հեռավոր Սիբիրում, այնուհետև` Մետեխի բանտում, որտեղից այլևս չվերադարձավ:

1920 թ. Վահան Չերազն իր երկու ընկերների` Տիգրան Խոյանի և Օննիկ Յարճանյանի հետ Հայաստան է գալիս առաջին հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով: Գալիս են զարկ տալու մարզական կյանքին, նաև ստեղծելու սկաուտական կազմակերպություն: «1924 թ. հորս խնդրանքով մայրս Հայաստան է գալիս: Ամուսնանում են, որից 15 օր անց հորս ձերբակալում և աքսորում են Սիբիր: Վերադառնում է 1926 թ., իսկ 1927 թ. ես եմ ծնվում: 1927թ. նոյեմբերին հորս կրկին ձերբակալում են, այս անգամ արդեն Վրաստան են ուղարկում: 1928 թ. հունվարի 10-ին Մետեխի բանտում Բերիայի ձեռքով գնդակահարվում է»,- մեծ դժվարությամբ հուզմունքը զսպելով`  ասում է տիկին Բյուրակնը, որին ոչ միայն  պապից են կցկտուր տեղեկություններ  հասել, այլև հարազատ հորից` Վահան Չերազից: Թեև հայրը հարուստ արխիվ և գրադարան է թողել, օգտվել չի հաջողվել: Հորը կորցրել է, երբ մեկ տարեկան չկար, իսկ մորը` 10 տարեկանում  և, բնականաբար, նրանց մասին  ժամանակին քիչ բան է իմացել: Բայց այսօրվա պես հիշում է 1937 թ. այն մղձավանջային գիշերը, երբ չեկան  հայտնվեց իրենց տանը: Հոր ողջ արխիվը գրադարանի  շատ գրքերի հետ  տարան, մի մասն էլ բակում լցրեցին, որպեսզի այրեն: Բայց 10-ամյա Բյուրակնին հաջողվում է կրակի բերանից «թռցնել» Թոթովենցի, Չարենցի մի քանի գիրք: Այսօրվա պես հիշում է նաև դռան մեջ  շվար կանգնած մորը, որ լուռ հետևում էր, թե ինչպես են տակնուվրա անում իր տունը:

Անգլիայում, Ֆրանսիայում ուսանած Վահան Չերազը մի քանի օտար լեզու գիտեր: Իսկ գաղտնիք չէ, որ ստալինյան բռնությունների օրերին ուրվականի պես մի միտք էր նաև շրջում Հայաստանում. «Քանի լեզու գիտես, այնքան լրտես ես»: Նա Անդրանիկ զորավարի մտերիմն ու թարգմանիչն էր: Որպես կամավոր միացել է Անդրանիկի ջոկատին և  բազմաթիվ մարտերի մասնակցել: Իսկ երբ Բյուրակն լեռան մոտ փոքրաթիվ ջոկատով թուրք հրոսակախմբի դեմ փայլուն հաղթանակ են տարել, ընկերոջ հետ որոշել են, որ երբ ամուսնանան, իրենց առաջնեկի անունն անպայման Բյուրակն դնեն: Այդպես էլ եղավ, բայց Վահանը երազած դստեր ծնունդով ուրախանալու քիչ ժամանակ ունեցավ: Վահան Չերազը հավանաբար հրաշալի գիտակցում էր, թե ինչ է սպասում իրեն հայրենիքում, բայց համարձակ եկավ ու դեռ սերունդներին էլ ավանդեց.«Ինչ որ ալ պատահի ինձի հետ, Հայրենիքս մեղավոր չէ»:

Կնոջ` Բյուրակնի մոր` Վարդանուշ Չերազի համար էլ ճակատագրական եղավ 1935 թ., երբ սփյուռքահայ մի խումբ գրողներ, այդ թվում նաև Վիլյամ Սարոյանը, Հայաստան եկան` մասնակցելու հանրապետության խորհրդայնացման 15-ամյակին նվիրված տոնակատարությանը: «Ես 8 տարեկան էի: Այդ խմբի մեջ էր նաև մորեղբայրս` Անդրանիկ Անդրեասյանը: Եղբոր այս վերադարձն էլ ճակատագրական եղավ մորս համար: Արտասահմանում երկու եղբայր ունենալուն գումարվեց դաշնակցականի կին լինելը, թեև հայրս որևէ կուսակցության անդամ չի եղել»,- ասում է տիկին Բյուրակնը և հուզմունքը ցրելու համար բացում սեղանին դրված գիրքը:

Հայաստանում որբախնամությամբ զբաղվող մորը նույնպես լրտես համարեցին և ձերբակալեցին: Վարդանուշն աշխատում էր Գյումրու (Լենինականի) որբանոցում: Այնքան սիրված դաստիարակչուհի էր, որ որբերը նրան «քույրիկ» էին անվանում: Սակայն դա էլ չխանգարեց, որպեսզի Երևանի բանտի անվերադարձ ճամփան բռնի և գնդակահարվի: Դեռ լավ է, որ նրա դստերը` Բյուրակնին, արհավիրքից փրկելու համար մորեղբոր կինը ժամանակին վտանգավոր  ընկալվող Չերազ ազգանունը Անդրեասյան (մայրական) դարձրեց: «Երբ մորս տարան, շատ որբուհիներ այնքան հիշողություններ պատմեցին մորս քնքուշ, գորովալից վերաբերմունքի մասին, որ անպատմելի է…»,- հուզմունքն ու թախիծը այս էլ որերորդ անգամ խեղդեցին  պատկառելի տիկնոջ կոկորդը:

Եվ ահա տարիներ անց Փարիզում բնակվող մորեղբայր Վազգեն Անդրեասյանը որոշում է հավերժացնել տիկին Բյուրակնի հոր և մոր հիշատակը: Տարբեր պարբերականներում տված նրա հայտարարությունների շնորհիվ աշխարհի հայկական գաղթօջախներից հսկայածավալ նյութեր, լուսանկարներ հավաքվեցին, և 1977 թ. Բեյրութում հրատարակվեց. «Վահան Չերազը  և իր երգը Հայաստանի» գիրքը:  550 էջանոց  գրքում Չերազյան ողջ գերդաստանի պատմությունն է` ուշագրավ ու հետաքրքիր նամակներով, հիշողություններով, փաստերով լեցուն: Գրքում տեղ են գտել նաև Վահան Չերազի բանտային կյանքի որոշ մանրամասներ Մետեխի բանտային ընկերների հուշերից: Տիկին Բյուրակնը այսօր անչափ երախտապարտ է մորեղբորը, որի շնորհիվ այդքան կարևոր տեղեկություններ իմացավ ծնողների մասին, որի ջանքերով հրատարակված գիրքը կենդանի հուշարձան  դարձավ անգերեզման մնացած ծնողների հիշատակին:

Հայրենասեր կամ նվիրյալ բնութագիրը շատ մեղմ է թվում Չերազների համար, որոնք տարբեր ճակատներում ոչ միայն  պայքարեցին հանուն Հայաստանի, հանուն հայության հարատևման, այլև երբեք հուսալքություն չապրեցին: «Ինչպես ջրերը չխեղդեցին Արարատը, արյունն ալ պիտի չխեղդե հայ ժողովուրդը»,- այս էր Վահան Չերազի դավանանքը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1926 անգամ:
Print Friendly

Leave a Reply