Հավաքականը` մեկ բռնցքամարտիկով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 1, 2012 7:00

2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը կունենա միայն մեկ մասնակից:  Մինչդեռ սպասելիքներն ավելի մեծ էին: Իսկ այն, ինչ կատարվեց օրերս Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում, ուղղակի որևէ բացատրություն չունի: Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներից ոչ մեկն էլ չկարողացավ լրացնել վարկանիշը:

Անհաջողության մատնվեցին Կորյուն Սողոմոնյանը (48 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ), Արթուր խաչատրյանը (81 կգ):

Ընդ որում, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պետությունից առատորեն աջակցություն է ստանում` տարեկան 110 մլն դրամ: Հավաքականը նախապատրաստական փուլում ուսումնամարզական մի շարք հավաքներ էր անցկացրել, նաև մեր մարզիկները կարողություններն էին փորձել միջազգային մրցաշարերում: Ընդ որում, Հայաստանի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը վստահեցնում էր,  որ մերոնք Թուրքիայում առնվազն 1-2 ուղեգիր կնվաճեն: Սակայն մեր երկրի ներկայացուցիչները հայտնվեցին կոտրած տաշտակի առջև: Ընդ որում, անկախացումից հետո առանձին թիմով օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի  բռնցքամարտի հավաքականը նախկինում երբեք եզակի մարզիկով չի ներկայացել օլիմպիական խաղերի մայրաքաղաք:

Իսկ մեր միակ օլիմպիականը Անդրանիկ Հակոբյանն է: Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային այս բռնցքամարտիկը օլիմպիական ուղեգիր է ձեռք բերել 2011-ին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: Ի դեպ, վերադարձից հետո նրան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց, իսկ Հայաստանի հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին առաջարկեցին ազատել զբաղեցրած պաշտոնը: Նրան փոխարինեց օգնականը` Երևանի մարզական պետական քոլեջի ներկայացուցիչ  Կարեն Աղամալյանը: Ի դեպ, Մեհրաբյանը վստահեցնում էր, որ Հայաստանի հավաքականը կարող է Թուրքիայում 3-4 օլիմպիական ուղեգիր նվաճել:

Ասում են` գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Իսկ վարկանիշային մրցաշարից առաջ արդյոք իմաստ ունե՞ր հավաքականի նոր մարզիչ նշանակել, դժվար է ասել:

Ի դեպ, 1996-ին Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերից առաջ էլ Մեհրաբյանին ազատել էին  հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Մեր թիմի կազմում էին անվանի մարզիկներ Նշան Մունչյանը, Մեխակ Ղազարյանը, Լեռնիկ Պապյանը, Արթուր Գևորգյանը, սակայն մերոնք օլիմպիական խաղերում ձախողվեցին:

Փաստն այն է, որ Մեհրաբյանն այժմ մարզում էՀայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը և կրկին վստահեցնում է, որ օլիմպիական ուղեգիր կունենանք: Իսկ դա կպարզվի Չինաստանում մայիսի 10-21-ը կայանալիք միջազգային վարկանիշային մրցաշարից հետո:

Ինչ վերաբերում է Աղամալյանին, ապա  մասնագետը ներկայումս բարդ իրավիճակում է: Բանն այն է, որ  հայտնի չէ, թե ով պետք է պատասխանատվություն կրի կատարվածի, նաև Թուրքիայում տեղի ունեցած խայտառակության համար: Փաստն այն է, որ այն մարզիկները, որոնք համալրել էին հավաքականը, չարդարացրին իրենց: Ընդ որում, թիմի կազմը փոքր-ինչ արտասովոր էր: 52 կգ քաշային կարգում էր հայտավորվել Հովհաննես Դանիելյանը, որը որպես 49 կգ քաշային հաջողության չէր հասել Բաքվում կազմակերպված վարկանիշային մրցաշարում, նաև պարտվել էր Հայաստանի առաջնության եզրափակչում: Փոխարենը` հավաքականում տեղ չէր գտնվել նախորդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանի համար:

Ի դեպ, Հայաստանի հավաքականն էլ Տրապիզոնում տխուր տպավորություն էր թողել: Մասնավորապես, մերոնցից համեմատաբար լավ հանդես եկած, քառորդ եզրափակիչ հասած  Պուլուզյանի մասին նրա ռուսաստանցի մրցակից Արտյոմ Զայցևի մարզիչ Վիկտոր Ֆախրուտդինովը անթաքույց հայտնել է, որ հայ բռնցքամարտիկն իր սանի համար լուրջ մրցակից չէր, և հաղթանակը հեշտ է տրվել: Անկասկած, Հայաստանի ընտրանին լավագույն ձևով չէր համալրվել: Հիշեցնենք, որ 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանն աղմկալի պատմության մեջ էր հայտնվել, երբ Բաքվում կայացած ստուգատեսում, մեղմ ասած, վիճել էր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի հետ: Փաստորեն, հավաքականի դռները փորձառու մարզիկի առջև փակվել էին: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից հեռացել էին երիտասարդ տիտղոսակիր բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը, Էդիկ Համբարձումյանը, Ցոլակ Անանիկյանը: Նրանց նախապատրաստել էին օլիմպիական թիմի համար, իսկ այդպիսի թիմ չստացվեց: Թե ինչու, ապա այդ և մնացած հարցերի պատասխանը բոլորին է հետաքրքրում: Հավելենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատասխանատուն այդ մարզաձևի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է:

 

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply