Արթուր Աբրահամ. «Երազանքս է Հայաստանում մրցամարտ անցկացնելը»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 29, 2012 7:09

Գերմանիայում բնակվող և այդ երկիրը ներկայացնող գերմիջին քաշային կարգի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կրկին կարող է դառնալ աշխարհի չեմպիոն: Այդպիսի հնարավորություն հայ բռնցքամարտիկն ունի: Օրերս նա մի քանի օրով Հայաստանում էր և սիրով պատասխանեց  մեր հարցերին:

– Այժմ Հայաստանում Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների նախընտրական եռուն քարոզարշավ է ընթանում: Ձեր այցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի՞:

– Ամենևին, պարզապես, սովորության համաձայն, եկել եմ հարազատ միջավայրում նշելու իմ վերջին հաջողությունը` Գերմանիայի Քիլ մարզապալատի ռինգում Լեհաստանի ներկայացուցիչ Պետեր Վիլշևսկու նկատմամբ տարած հաղթանակը, ոգեշնչվելու, նոր լիցք ձեռք բերելու: Օտարության մեջ բնակվելով` կարոտում եմ հայրենիքը և, հնարավորության դեպքում, փորձում եմ տարվա ընթացքում այստեղ անցկացնել մի քանի շաբաթ:

– Վերջին մրցամարտի ժամանակ ձեր մարզիչը` Ուլի Վեգները, շարունակ դժգոհում էր, փորձում հուշել, որ պարտվելու վտանգ կա: Ի՞նչն էր պատճառը:

 – Մրցակիցս WBO վարկածով  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն էր, պինդ տղա: Նրա հետ հանդիպման ժամանակ լավ չարչարվեցի: Կարևորը` կարողացա հաղթել: Առանց ջանքեր թափելու դա հանարավոր չէր: Այդ հաջողության շնորհիվ իմ վարկանիշը բարձրացավ և WBO վարկածով առաջինն եմ: Եվ ես իրավունք ստացա օգոստոսի 25-ին Բեռլինում կամ Համբուրգում մրցելու այդ վարկածով աշխարհի չեմպիոնի հետ: Ինչ վերաբերում է մարզչիս, ապա լավ հասկանում էր, որ գրեթե բոլոր ռաունդներում հաղթում եմ, սակայն ցանկանում էր, որ մրցակցիս նոկաուտի ենթարկեմ: Բայց դիմացինդ տանձիկ չէ, նա էլ ուժեղ չեմպիոն է, ուզում է ապագա ունենալ: Մրցամարտի ընթացքում երբեմն լինում են պահեր, որ օգտվում ես առիթից  և մրցակցիդ նոկաուտի ենթարկում: Ես էլ կուզեի առաջին ռաունդում նոկաուտով հաղթել, բայց միշտ չէ, որ դա ստացվում է:

– Ո՞վ է առաջիկա հավանական մրցակիցը:

– WBO վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին պետք է մրցամարտ անցկացներ անգլիացի Ջորջ Գրովսի հետ, սակայն Գրովսը պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել և չի կարող ռինգ դուրս գալ: Շտիգլիցին ժամանակ է տրվել 90 օրվա ընթացքում նոր մրցակից գտնելու: Ինձ համար կարևորն այն է, որ հնարավորություն ունեմ կրկին դառնալու աշխարհի չեմպիոն:

– Շտիգլիցը հայտարարել էր, որ վերջին հանդիպման ժամանակ նոր քաշային կարգում հայտնված Արթուր Աբրահամն իր վրա այնքան էլ լավ տպավորություն չի թողել:

– Ամենայն հավանականությամբ նա կլինի իմ հաջորդ մրցակիցը, և կփորձեմ ռինգում «համոզել», որ ինքը սխալվում է:

– Արդեն սկսե՞լ եք նախապատրաստվել այդ մրցամարտին:

– Դեռ ոչ: Լեհ բռնցքամարտիկի հետ հանդիպումից հետո գնացել էի հանգստանալու, հետո եկա այն Հայաստանում շարունակելու: Շտապում եմ Գերմանիա, որպեսզի ապրիլի 26-ին ներկա գտնվեմ մարզչիս ծննդյան 70-ամյակի հանդիսությանը: Այն շուքով է նշվելու, ներկա է գտնվելու 550 մարդ: Դրանից հետո կրկին կվերսկսեմ մարզումները:

– Իսկ ո՞ր,  72,5 կգթե՞ 76 կգ քաշային կարգում է Արթուր Աբրահամն իրեն ավելի լավ զգում:

– Գործնականում 72,5 կգ քաշային կարգում ամեն բան նորմալ է ստացվել, մեծ հաջողությունների եմ հասել, իսկ 76 կգ քաշային կարգում դժվարություններ ունեցել եմ: Բայց կփորձեմ դասեր քաղել և մյուս մրցամարտերի ժամանակ թույլ տված սխալները չկրկնել:

– 72,5 կգ քաշային կարգ վերադառնալու ցանկություն չկա՞:

– Դա ինձ համար դժվար կլինի: Բանն այն է, որ կպահանջվի շուրջ 10 կգ քաշ գցել: Իմ մարմնում յուղայնությունը 10-13 տոկոս է, այդ ժամանակ կդառնա 0 տոկոս, որն անթույլատրելի է:

– Բռնցքամարտում  ինչքանո՞վ են կանխատեսելի մրցմարտերի արդյունքները:

– Բռնցքամարտում, երբ հանդիպումը սկսվում է, հնարավոր է, որ ամեն վայրկյան անակնկալ լինի: Չի կարելի ասել, թե այս րոպեին կամ վայրկյանին սա է կատարվելու: Եթե մեկ ակնթարթ աչալուրջ չեղար, հնարավոր է` մրցակիցդ հարված հասցնի և նոկաուտի ենթարկի: Չի բացառվում, որ նույն բանն էլ դու անես մրցակցիդ հետ:

– Վերջին հանդիպումից հետո Վիլշևսկին հայտարարել էր, որ իր դեմ անազնիվ պայքար է եղել, հարվածներ է ստացել ծոծրակին:

– Բռնցքամարտում պատահում է, որ հարվածում ես մրցակցիդ թիկունքին: Ինքն էլ մի քանի հարված իմ մեջքին հասցրեց: Սակայն չեմ բողոքում, որովհետև պատահում է: Բռնցքամարտում միշտ չէ, որ ուղիղ նշանակետիդ ես հարվածում, երբեմն ձեռքերդ քրտնում են, սահում: Կատարվածը նորմալ է:

– Կելի Պավլիկի փրոմոութերը հայտարարել է, որ հավանական է` տարեվերջին այդ մարզիկի հետ ռինգում հանդիպեք: Հնարավո՞ր է դա:

– Ինքս միայն ուրախ կլինեմ: Պավլիկը համբավ ունեցող բռնցքամարտիկ է, ու եթե առաջարկ լինի նրա հետ մրցելու, ապա առանց վարանելու կընդունեմ մարտահրավերը: Նա բարձրակարգ մարզիկ է, և կաշխատեմ պայքարել, պատվով դուրս գալ այդ փորձությունից:

– Գերմանիայո՞ւմ, թե՞ ԱՄՆում կցանկանայիք, որ կազմակերպվի այդ մրցամարտը:

– Ցանկալի է հանդես գալ Գերմանիայում: Բանն այն է, որ ԱՄՆ-ում անդրկուլիսյան խաղերը շատ են, և դժվար է հաղթանակի հասնելը: Բռնցքամարտը նաև բիզնես է, և դա դեր խաղում է: Եթե ԱՄՆ-ում պարտվում է մի բռնցքամարտիկ, որն այդ երկրում աստղ է, ապա հեռուստաընկերությունները չեն ցանկանա  կազմակերպիչներին մեծ փողեր տրամադրել: Երբեմն հակառակ բաներ լինում են, բայց համակարգն այդպիսին է: Այդ է պատճառը, որ կուզենամ մրցել որևէ այլ երկրում:

– Իսկ ցանկություն չունե՞ք Հայաստանում մրցամարտ անցկացնել:

– Ցանկություն կա, սակայն դրա իրականացման հնարավորությունը փոքր է: Ինքս չեմ կարող այդպիսի պատասխանտվություն վերցնել: Երազանքս է Հայաստանում մրցամարտ անցկացնելը:

– Ամեն մարզիկ պարտություններից հետո ապրումներ է ունենում: Ինչպե՞ս  եք հաղթահարում այդ հոգեբանական դժվարությունները, ի՞նչն է օգնում:

-Անկեղծ ասած, ոչինչ էլ չի օգնում: Պարտությունը մարդու սրտում ասես սպի է մնում, կյանքում չի մոռացվում: Հաղթանակը շուտ է մոռացվում, բայց պարտությունը ծանր է: Ինչքան էլ փորձում ես չմտածել կատարվածի մասին, հոգու խորքում նստվածքը մնում է: Ինքս փորձում եմ ինձ տրամադրել, այդ մասին հնարավորինս չխոսել և պարզապես մոռանալ:

– Ամեն անգամ նոր ձեռնոցներով ռինգ դուրս գալու սովորություն ունեք: Իսկ հաղթանակած ձեռնոցներն ի՞նչ եք անում:

– Համապատասխան հիմնադրամ կա, իմ հանդերձանքն այդ կազմակերպությանն եմ նվիրում: Ձեռնոցները, նաև մարզահագուստն աճուրդով վաճառվում է, իսկ հասույթը տրամադրվում է լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը:

– Ի՞նչ կարծիքի եք Գերմանիայում բնակվող և մրցելույթներ ունեցող մեր հայրենակից բռնցքամարտիկներ Դավիթ Գրաֆի և Սյուզի Քենտիկյանի մասին:

– Դավիթը երիտասարդ, շնորհալի բռնցքամարտիկ է, և նրան լավ ապագա է սպասում: Մնում է, որ մրցամարտերում հաջողությունը նրան ուղեկից լինի, և նա կարողանա ապացուցել, որ բարձր կարգ ունի: Իսկ Սյուզիին ներկայացնելու կարիք չկա, նա անպարտելի է: Մայիսին էլ Քենտիկյանը կրկին ռինգ է դուրս գալու: Ով էլ լինի նրա մրցակիցը, կասկած չունեմ, որ Սյուզին նրան ոչ մի հնարավորություն չի տա և կհաղթի:

– Ե՞րբ եք մտադիր ամուսնանալ:

– Անակնկալ եմ նախապատրաստում, այդ մասին հրապարակավ կասեմ: Միայն նշեմ, որ հարսնացուս Հայաստանից է:

– Հայաստանում ի՞նչն է ձեզ ոգևորում և ի՞նչն է նյարդայնացնում:

– Հայաստանում ես հանգստանում եմ, տատիկիս, քույրիկներիս, եղբայրներիս, ընկերներիս կողքին եմ լինում, մարդկանց հետ զրուցում, հայկական կերակուրների համն ու հոտն առնում: Պարտադիր չէ, որ բնության գեղատեսիլ վայրերում լինեմ, անտառների գրկում: Ինձ հարազատ է Ներքին Չարբախը, որտեղ մեծացել եմ: Իսկ զայրացնում է կեղտոտությունը: Կուզեի, որ փողոցներում աղբ թափողներին առնվազն 5 հազար դրամ տուգանեն, որ այդպիսի բան անողներ չլինեն:

 

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply