Ազգագրագետ. «Տղամարդ լինելը լավ լինելու ցուցիչ է մեր հասարակության մեջ»
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 30, 2012 7:05
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ
– Տիկին Պողոսյան, ինչպիսի՞ն է եղել կնոջ դերը ավանդական հայ հասարակությունում և քաղաքական մտքի զարգացման գործում:
– Ավանդական հայ հասարակայնությունը հայրիշխանական էր, որտեղ գլխավոր դերը տղամարդկանցն էր: Սոցիալական և մյուս ոլորտներում գերակա դեր ուներ տղամարդը: Հստակ ջրբաժան կար, թե ինչ կարող է անել կինը, ինչ` տղամարդը: XX դարի սկիզբին` խորհրդային շրջանում, արդեն դերակատարությունների որոշակի փոփոխություններ են տեղի ունենում: Կանայք տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով, դաստիարակությամբ զբաղվելուն զուգահեռ ստիպված էին նաև աշխատել: Կինն այդպիսով ձեռք էր բերում որոշակի տնտեսական անկախություն, բայց դրանով հանդերձ չէր ազատվում իր ավանդական գործառույթներից: Խորհրդային շրջանում կանայք հայտնվեցին նաև այն ոլորտներում, որոնք ավանդաբար տղամարդկային էին համարվում. տրակտորիստ, շինարար կանայք և այլն:
– Արդյոք հասարակական մտքի զարգացո՞ւմը հանգեցրեց դրան, թե՞ դա ռեժիմի պարտադրանք էր:
– Դա ավելի շատ պարտադրանք էր: Ելակետը սեռերի հավասարությունն էր: Մյուս կողմից, օրինակ, դեռ առաջին հանրապետությունում կանանց դերն այնքան էր բարձրացել, որ Ազգային ժողովում էլ էին ընդգրկված: Խորհրդային շրջանում կանանց մասնակցությունը բոլոր ոլորտներում ևս խրախուսվում էր, պարզապես սեռերի հավասարությունը դեկլարատիվ բնույթ էր կրում, սեռերի հավասարությամբ նրանց միջև եղած սոցիալական, տնտեսական տարբերությունները չէին վերացվում: Թեև նրանք հիմնավոր կրթություն էին ստանում, բայց բոլոր դեպքերում աշխատում էին հավատարիմ մնալ կնոջ իդեալական մոդելին, որը շատ կարծրատիպային և ավանդական է:
– Այսինքն` հասարակությունում գործող երկակի ստանդարտները խանգարո՞ւմ են կանանց կայացմանը:
– Ընտանիքի ավանդական արժևորումը շատ է կարևորվում, և գործարար կինն էլ շեշտադրում է, որ նույնքան հաջողակ է նաև իր ընտանիքում: Հենց ղեկավար կանայք շեշտադրում են, որ իրենք նույնքան հաջողում են նաև կանացի` տնային տնտեսության մեջ: Գործող հասարակական նորմերը դա են ենթադրում: Մեզանում մոտեցում կա` եթե կինը կարիերայով է հետաքրքրվում, ապա տարբերվում է մյուս կանանցից: Դա է պատճառը, որ հաջողած կանայք հատուկ շեշտադրում են նաև իրենց հաջողություններն ընտանիքում:
Քանի որ շարունակում ենք լինել տղամարդկային, հայրիշխանական հասարակություն, այն կանանց, որոնք ղեկավար դիրքեր են գրավում, հաճախ անվանում են տղամարդ կին: Հետաքրքիր է, որ իշխելու, ղեկավարելու, կոորդինացնելու ունակությամբ կանանց տղամարդիկ չեն համարում լավ ղեկավար, այլ առաջին բնութագիրը տղամարդ կինն է, այսինքն` տղամարդ լինելը լավ լինելու ցուցիչ է մեր հասարակության մեջ: Մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները չպետք է անդրադառնան կարիերայի ընթացքի վրա:
– Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ խորհրդային տարիներին ընդունելի էր կին ղեկավարը, պատգամավորության թեկնածուն, այսօր` ոչ:
– Այն ժամանակ ավելի շատ կամավոր պարտադիր սկզբունքն էր գործում, պարտադիր էր, որ թվացյալ հավասարությունը պահպանվի: Բայց շատ կանայք ընդամենը ձեռք բարձրացնողներ էին և լուրջ հարցերի լուծման մեջ որևէ դերակատարություն չունեին:
Կին ղեկավարը դեռ որոշ ժամանակ իր գործունեությամբ պետք է ապացուցի, որ գործնականում ղեկավար լինելու իրավունք ունի: Հաճախ փորձում են կին ղեկավարի հանձնարարականը շրջանցել, այդպիսի միտումներ էլ կան:
Սակայն կին ղեկավարները և քաղաքական գործիչները անհրաժեշտ են. կանայք հակված են թիմային աշխատանքի, այնտեղ, որտեղ կանայք կան, բևեռային մոտեցումներ չկան, ընդհանրապես նրանք նվիրված են, բնազդաբար ստեղծում են ավելի խաղաղ, ընտանեկան մթնոլորտ:
– Եթե մեր այսօրվա իրադրությունը վերլուծենք, ի՞նչ խոչընդոտներ կան կանանց քաղաքականություն մուտք գործելու ճանապարհին:
– Կարծում եմ, որ հատուկ արգելքներ կանանց դեմ չկան, բայց հաջողության վախի սինդրոմը շատ կանանց հետ է պահում: Մտածում են, որ եթե չունենան ամբողջական ընտանիք, ուրեմն իրենք որպես կին չեն հաջողել: Հավանաբար վախը, որ որպես կին կարող են չհաջողել, հետ է պահում: Իհարկե, կան կանայք, որոնք հաջողել են բոլոր ոլորտներում և օրինակ են:
– Մեծամասնական ընտրակարգով կին թեկնածուների սակավությունը ինչպե՞ս կարելի է հասկանալ:
– Դա նշանակում է, որ շարունակում ենք մնալ հայրիշխանական հասարակություն, տղամարդու դերակատարությունը գերակա է համարվում նաև այսօր: Մտածում են, որ դա տղամարդկային գործունեության դաշտ է և այդտեղ առավելապես գործ ունեն տղամարդիկ:
Բայց գործնականում տեսնում ենք, որ կուսակցություններում լուրջ դերակատարում ունեցող կանայք կան, և դա հույս ներշնչում է, որ առաջիկայում կդառնանք այնպիսի հասարակություն, որ պատգամավորության թեկնածու ընտրելիս չեն նայի կին է, թե տղամարդ, այլ կնայեն, թե որքանով է արժանավոր, ինչ ճանապարհ է անցել, ինչ կառուցողական ծրագիր ունի:






Facebook
Tweet This
Email This Post
