Կուսակցությունների նախընտրական «բարեմաղթանքները» կրթության և գիտության ոլորտում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 26, 2012 13:05

5-րդ գումարման ԱԺ-ում ներկայացվածության համար պայքարող բոլոր կուսակցություններն էլ իրենց նախընտրական ծրագրերում տեղ են հատկացրել կրթությանն ու գիտությանը` որոշակիորեն ներկայացնելով, թե ինչ կարող են սպասել իրենցից տվյալ ոլորտների ներկայացուցիչները, եթե  իրենք  ներկայացված լինեն  խորհրդարանում: Կուսակցությունների հիմնական բացթողումն այն է, որ շատ դեպքերում բացակայում է «ինչպե՞ս» հարցի պատասխանը: Իսկ երբ չես մտածում իրագործման ուղիների մասին, ծրագրային դրույթները նմանվում են բաժակաճառային մաղթանքների:

Իշխող Հանրապետական կուսակցությունը ծրագրում ներկայացրել է, թե ինչ արդյունքներ են գրանցվել նախորդ տարիների ընթացքում. «Լույս» հիմնադրամի միջոցով համախմբել են գործարարներին` օժանդակելով առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին, կառուցվել է Մատենադարանի նոր մասնաշենքը, նորոգվել են դպրոցներ, կառուցվել մանկապարտեզներ, ստեղծվել է հանրակրթական դպրոցների ինտերնետային համացանցը և այլն:

Այնուհետև ներկայացվում է, թե ինչ է անելու կուսակցությունն առաջիկա տարիներին, բայց չի ասվում` ինչպես: Այդպես էլ անհայտ է մնում, թե ինչպես պետք է «բուհերը դառնան ժամանակակից հասարակության հենքը` միավորելով գիտությունը, դասավանդումը, նորարարական արտադրությունը»: Ի՞նչն էր խանգարում, որ նշված դրույթն իրագործված լիներ մինչ ընտրությունները, և ի՞նչ պայմաններ կան դա հետագայում իրագործելու համար:

Մյուս դրույթը. կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն են ապահովելու սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը): Դարձյալ ինչպես հարցն է ծագում, չէ՞ որ մի քանի տարի առաջ զգալիորեն կրճատվեցին բուհերում պետպատվերների տեղերը, կրթության ոլորտի պաշտոնյաներն էլ ամեն առիթով հիշեցնում են, որ կապիտալիստական աշխարհում ուսանողն իր գիտելիքը շատ թանկ է գնում, որը հայաստանյան գների հետ համեմատելի չէ:

Յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի անվճար տրամադրելու են համակարգիչ. սա որ հաստատ ֆանտաստիկայի ժանրից է: Ճիշտ է, ամիսներ առաջ Վրաստանի կառավարությունը նման հայտարարություն արեց, սոցիալական ցանցերն էլ լեցուն էին մաղթանքներով, որ այդ պրակտիկան նաև Հայաստան հասնի: Խոստման ձևով հասել է, մնում է` գործնականում:

ՀՀԿ-ն նաև խոստանում  է հեշտացնել բուհական ընդունելությունը դիմորդների համար,  բուհերում սահմանել ուսման վարձերի վերին շեմ, եռապատկել  հայալեզու էլեկտրոնային  կրթական բովանդակության ծավալները և այլն:

Գիտության համար էլ նշվում է, որ բուհերում ուժեղացնելու են գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ: Սակայն, թե որոնք են ժամանակակից մեթոդները` չի մանրամասնվում:

ԲՀԿ բուկլետային ծրագիրն էլ իսկևիսկ բարեմաղթանք է հիշեցնում. «Որակյալ կրթություն- կիրթ հասարակություն» խորագրի ներքո նշվում է, որ ԲՀԿ  առաջնահերթ նպատակն է լինելու որակյալ և հասանելի կրթության ապահովումը և կրթական համակարգի մրցունակության բարձրացումը: «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա կրթություն ստանալու և իր մասնագիտությանը համապատասխան արժանավայել աշխատավարձով  աշխատանք գտնելու հնարավորություն»: ԲՀԿ-ն կարևորում է նաև գիտության համար համապատասխան պայմանների ապահովումը և ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության հետ գիտության կապի խորացումը, գիտության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը և ոլորտին բյուջետային հատկացումների ավելացումը:

Վերացական բարեմաղթանքների շարքից է նաև ՕԵԿ-ի ծրագրի կրթության և գիտության հատվածը: Կրթության ոլորտի զարգացման համար ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազան, պահպանել դրանց շենքերի սեփականաշնորհման արգելքը, 1-ին դասարանից երեխաներին ուսուցանել 2 օտար լեզու և համակարգչային գիտելիքներ տալ, ամրապնդել կրթության, գիտության և տնտեսության միջև փոխշահավետ կապը, ուսանողներին տրամադրել երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր  ուսման ծախսերը հոգալու համար և այլն:

Գիտության ոլորտում էլ ՕԵԿ-ը նախատեսում է վերականգնել նախկին ավանդույթները, այն է` ընդունել գիտության զարգացման ռազմավարություն, իրականացնել գիտության ֆինանսավորման արդյունավետ քաղաքականություն, սարքավորումների ներկրման համար բերենպաստ պայմանների ապահովում, ԳԱԱ դերի և հեղինակության բարձրացում և այլն:

Կրթության և գիտության ոլորտին առնչվող կուսակցական ծրագրերից առավել մշակված ու համապարփակ է ՀՅԴ ծրագիրը, որը որոշ դեպքերում պատասխանում է ինչպես հարցին կամ գոնե հուշում, թե տվյալ քայլն ինչ ժամանակահատվածում և ինչ տեմպերով պետք է իրականացվի:

ՀՅԴ-ն նախատեսում է 10 անգամ ավելացնել գիտության ֆինանսավորումը` հասցնելով ՀՆԱ-ի 1-2 տոկոսին, ընդ որում  գիտության բնագավառի յուրաքանչյուր տարվա ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր:

ՀՅԴ-ն  միակն է, որ նախատեսում է բարձրացնել գեղարվեստական կրթության և դաստիարակության ոլորտի մանկավարժների աշխատավարձերը` մոտեցնելով դրանք հանրակրթության ոլորտի մանկավարժների միջին աշխատավարձին:

Այդուհանդերձ,  ՀՅԴ ծրագիրն էլ զերծ չէ ցանկալի, բայց ոչ իրականանալի չափազանցություններից. «Մասնագիտական կողմնորոշման համակարգը լիարժեք կգործադրվի, որի շրջանակներում յուրաքանչյուր երիտասարդ  կունենա անվճար մասնագիտական կրթության իրավունք և երաշխավորված աշխատանք:  Ուսումնական հաստատություններում ուսման վճարի չափը կկապակցվի շահառուների եկամուտների, ինչպես նաև տրամադրվող կրթության որակի և գիտելիքների հետ»:

Ուսանողներին  կտրվի կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով` կախված առաջադիմությունից: Մինչև 25 տարեկան երիտասարդներից էլ առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս աշխատանքային փորձ չեն պահանջի:

Քաղաքական ուժերից կրթությանն ու գիտությանը առավել ծավալուն ու մանրակրկիտ է անդրադարձել «Ժառանգությունը»: Կուսակցության ծրագրում ներկայացվում է միջազգային փորձը, հայաստանյան ներկայիս իրավիճակը և արդյունքը, որին պետք է հասնել, ապա ներկայացվում է, թե նշված նպատակին հասնելու համար ինչ օրենքներ են հարկավոր:

«Ժառանգությունն» առաջարկում է մինչև 2020-ը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին, ընդ որում, արդեն 2013-ի պետբյուջեում գիտության ֆինանսավորումը սահմանել ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով:  Նախատեսում է նաև ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները հարկերից և տուրքերից, խթանել գիտություն-արտադրություն կապը, Հայաստանում սկսել արտադրել գիտատար ներդրում պահանջող զինատեսակներ, որոնք ներկայումս ներկրվում են և այլն:

Կրթության ոլորտում «Ժառանգությունը» կարևորում է կրթությունը հայոց լեզվով իրականացնելու դրույթը, ինչին մյուս կուսակցությունները չեն անդրադառնում:

Իսկ կրթության  ֆինանսավորումը նախատեսվում  է  հասցնել ՀՆԱ-ի 5,5 տոկոսին: Ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունն առաջարկվում է սահմանել 18 ժամը` ներկայիս  22-ի փոխարեն, ապահովել նաև ավագ դպրոցների ուսուցիչների աշխատավարձի 20 տոկոս հավելավճարը, դպրոցների տնօրենների համար էլ վարչական պատիժ է նախատեսվում օրենքով արգելված քայլերի, մասնավորապես` կրոնական և քաղաքական քարոզչության իրականացման համար:

Նշվածներն ընդամենը մի քանի դրույթ են «Ժառանգության» ծրագրից. վերջինս այնքան ծավալուն է, որ մեկ հրապարակման մեջ բոլոր դրույթներին հնարավոր չէ անդրադառնալ:

Նույնքան ծավալուն է նաև ՀԱԿ-ի կրթության և գիտության հեռանկարի տեսլականը: Այստեղ ևս նկարագրված է ներկա վիճակն ու լուծումները ֆինանսավորման, կառավարման ու սեփականության ձևի առումով:

ՀԱԿ-ը նախատեսում է վերացնել ավագ դպրոց-բուհ անցման գործընթացում միասնական ավարտական քննությունները. ամեն բուհ ինքը կսահմանի ընդունելության կարգը: Բացի այդ, ուսանողներին կտրվի դրամաշնորհ` ուսման վարձը վճարելու համար, իսկ դրամաշնորհի քանակն էլ կախված կլինի ցուցաբերած առաջադիմությունից:

ԳԱԱ ակադեմիկոսների ինստիտուտը կվերափոխվի ՀԿ-ի: Իսկ գիտության ֆինանսավորումն էլ ՀԱԿ-ը նախատեսում է ավելացնել գոնե մինչև ՀՆԱ-ի 1 տոկոսը` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսավորման կայուն աճ, կկատարվի նաև գիտական մշակումների ներդրման և գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիա, կստեղծվեն «գիտելիք-պահանջարկ» և «պահանջարկ-գիտելիք» գործընթացները կարգավորող կառույցներ:

Վերացական մի քանի դրույթներով է սահմանափակվում «Միավորված հայեր» կուսակցության ծրագրի կրթական հատվածը` գիտության խթանում, սերնդափոխության ճիշտ քաղաքականության ներդրում, բուհերում ուսման վարձերի սահմանում` հաշվի առնելով կրթության ինքնարժեքը և ազգաբնակչության տնտեսական մակարդակը,  շուկայի պահանջների մշտական հաշվառում մասնագիտական կրթության գործընթացում և այլն:

ՀԴԿ ծրագրում ուշագրավ է ավանդույթների և բարոյականության դեմ ուղղված, կեղծ արժեքներ քարոզող հեռուստահաղորդումների և սերիալների  դեմ պայքարի դրույթը:

Կոմունիստական կուսակցության ծրագիրն էլ գիտության ու կրթության ոլորտում  անգամ բաժակաճառի չի ձգում. երկու կարևորագույն ոլորտներին երկու նախադասություն է հատկացվել. «Պետական  բյուջեում ծանրակշիռ հատկացումներ կատարել գիտության, ինչպես ֆունդամենտալ, այնպես էլ կիրառական և ճյուղային ուղղություններին: Սահմանել ժամկետներ և ընտրել ժամանակին համահունչ ուղղությունները՝ հիմք ընդունելով Սովետական Հայաստանում գիտության նվաճումներն ու համաշխարհային հռչակը, Սովետական տարիներին ստեղծված գիտական բազաները»:

Թե կուսակցությունների խոստումների ու ծրագրերի որ մասը կիրականանա, և որոնք կմնան ընդամենը գեղեցիկ ցանկություն, պարզ կդառնա մի քանի տարի անց` հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply