Հավատա՞նք, որ կփոխվեք, կամ ինչպե՞ս վստահենք, եթե չեք արել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 27, 2012 7:00

Առաջիկա ԱԺ ընտրությունների համար ընտրապայքարի մեջ մտած բոլոր կուսակցություններն էլ առաջարկեցին իրենց նախընտրական ծրագրերը: Այդ ծրագրերում յուրաքանչյուր քաղաքացի, հանրապետության յուրաքանչյուր բնակիչ` անկախ սեռից, տարիքից, քաղաքական և կրոնական պատկանելությունից, կարող է գտնել իրեն հետաքրքրող խոստումներ: Ստացվում է, որ ընտրություններից առաջ աջամետ, ձախամետ, ազգայնական, ազատական` բոլոր ուժերը դարձել են ազգային-սոցիալիստական գաղափարախոսության կրող ու կենտրոնամետ հայացքների տեր ուժեր:

Բայց ուշագրավ է հատկապես նախորդ հինգ տարիներին երկրի գլխավոր քաղաքական ուժերի` քաղաքական մեծամասնություն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացրած ծրագրերը` նախորդ ընտրություններում իրենց իսկ ներկայացրած ծրագրերի իրագործման խորապատկերում:

«Առհասարակ բոլոր կուսակցությունների ծրագրերում հիմնականում ասվում է` ինչ պետք է արվի: Իսկ թե ինչպես պետք է արվի, կա՛մ չի ասվում, կա՛մ մեխանիզմներն իրական չեն: Այդ թվում` նաև ՀՀԿ-ինը: Այսինքն` ես բոլոր կուսակցությունների ծրագրերը գնահատում եմ որպես բաժակաճառ, այլ ոչ որպես ծրագիր, որը կարելի է ի կատար ածել»,- ծրագրերի մասին արտահայտվեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

ՀՀԿ  ծրագրում նշվում է. «Հանրապետական կուսակցության արժեհամակարգում կարևորվում է սեփական աշխատանքով արժանավայել ապրելու երաշխիքների ստեղծումը յուրաքանչյուր քաղաքացու համար»: Երևի պետք է ուղղակի հասկանանք, որ մինչ այժմ` այս 5 տարիների ընթացքում, այդպիսի երաշխիքներ իշխող քաղաքական ուժը չի ստեղծել և հիմա դրա անհրաժեշտությունը գիտակցում է:  Իսկ վիճակագրությունն  աշխատելու և վաստակելու հնարավորությունների մասին բավականին հետաքրքիր պատկեր է ներկայացնում:  Պաշտոնական վիճակագրությամբ` կյանքը մեր երկրում  նախորդ տարի, եթե հավատանք,  փոխվել է: Մասնավորապես,  տնտեսության մեջ զբաղվածների թիվն ավելացել է 16 հազարով: Այս հանգամանքը, սակայն, Երևանի և մարզերի  մոտ 4000 տնային տնտեսություններում կատարված հետազոտությունների արդյունքների վրա էական ազդեցություն չի թողել` տարեվերջին արձանագրելով 18,4% գործազրկություն: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր 5-րդ բնակիչ գործազուրկ է, եթե բնակչության թվաքանակ համարենք ԱՎԾ-ի հրապարակած տվյալը` ՀՀ բնակչության թվի վերաբերյալ: Իսկ եթե ընդունենք, որ այդ թվից շատ-շատերը վաղուց Հայաստանում չեն ապրում ու աշխատում, արդեն գործազուրկ հանդիպելու հաճախականությունն ավելի է մեծանում:

«Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ, տնտեսական աճից բացի և գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր»,- նշում են հանրապետականներն իրենց ծրագրում: Իսկ թե ինչ  են նկատի ունեցել` տնտեսական աճ ասելով, մնում է անհասկանալի: Քանի որ 2010 թ. տվյալներով (2011 թ. տվյալները դեռ չկան) հանրապեությունում աղքատ է եղել բնակչության 35,8%-ը` 2008 թ. 27,6%-ի համեմատ: Նույն ժամանակահատվածում ծայրահեղ աղքատների թիվը 1,6%-ից հասել է 3%-ի: Մինչդեռ քաղաքային բնակավայրերում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 4%: Ծայրահեղ (պարենային) աղքատության գիծը մեկ շնչի հաշվով 2010 թ. կազմել է 19 հազար դրամ, իսկ աղքատության ընդհանուր գիծը` 33,5 հազար դրամ: Այսպիսով,  պաշտոնապես հաստատվում է, որ  երկրի յուրաքանչյուր երրորդ քաղաքացու ամսական սպառումը չի գերազանցում նշված 33,5 հազար դրամը: Սրանք, Հանրապետականի ընկալմամբ,  արժանավայել ապրելու իրական երաշխիքներն են:

Հանրապետականը նաև «ծրագրում է» արմատական փոփոխություններ արդյունաբերական քաղաքականության մոտեցումներում: Մասնավորապես. «Այսուհետ պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը»: Փառք Աստծո, որ գոնե ՀՀԿ-ն խոստովանում է, որ մինչև այժմ բարենպաստ բիզնես միջավայրի համար պետությունը պատասխանատու չի եղել, այնինչ բարձրաստիճան հանրապետական չինովնիկները միշտ հակառակն էին ասում: Դեռ չխոսենք այն մասին, թե արդեն քանի տարի է` ՀՀԿ-ն խոսում ազատ տնտեսական գոտիների գործարկման, տեխնոպարկերի և բիզնեսինկուբատորների զարգացման մասին, որոնք, սակայն, ոչ ոք այդպես էլ չտեսավ:

Հանրապետականները նշում են, որ վերջին 5 տարիների ընթացքում` ֆինանսատնտեսական ճգնաժամի և հետճգնաժամի ժամանակահատվածում, հաջողվել է ապահովել ֆինանսական համակարգի կայունություն` առանց որևէ բանկի սնանկացման, ինչպես նաև առանց որևէ ավանդատուի միջոցների կորստի դեպքերի: Այստեղից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ի ղեկավարած երկրում բանկերն ու ֆինանսական համակարգի ներկայացուցիչներն ավելի կարևորված են ու պաշտպանված պետության կողմից, քան իր հազարավոր քաղաքացիները:

«Հինգ տարվա արդյունքները տեսնում ենք: Նախորդ ընտրությունների ժամանակ առաջարկած ծրագրի կետերն էլ չեն կատարել: Ընդ որում, չի կատարվում տարբեր պատճառներով: Հիմա էլ մի մեծ «պատճառ են հայտաբերել»` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Երբ այդ ճգնաժամը չկար, այլ պատճառներ էին բերվում: Շատ պարզ մի օրինակ բերեմ. մինչև ճգնաժամը աղքատների թիվը պաշտոնապես 20%-ից ցածր էր, իսկ հիմա 40%-ից բարձր է: Այս է նախորդ ծրագրի արդյունքը»,- ՀՀԿ ծրագրի կատարման առիթով ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Հանրապետականները խոստանում են նաև. «Իրականացնելու ենք մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեության նկատմամբ հսկողություն և չարաշահումների կանխարգելում, և ոչ մի հակամրցակցային գործողություն անպատիժ չի մնալու: Վերացնելու ենք շուկա մուտք գործելու խոչընդոտները և ապահովելու ենք հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար»: Ահա ևս մեկ անգամ փաստվում է, որ նախորդ 5 տարիներին ՀՀԿ-ն արել է ճիշտ հակառակը, կամ չի արել այն, ինչ պետք է ու ճիշտ է, և ենթադրելի է, որ պետք է աներ:

Չի կարելի խոսել ՀՀԿ-ի մասին, և չհիշել, որ վերջին 5 տարիներին այս կուսակցությունը միայնակ չի կառավարել երկիրը, այլ ստեղծել է կոալիցիոն կառավարություն, որի անդամներն են մինչ օրս ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

Կոալիցիոն մյուս կուսակցությունը` ԲՀԿ-ն, իր ծրագրում ասում է. «Մեր գլխավոր նպատակը բարգավաճ և բարեկեցիկ երկրի կառուցումն է, որի նյութական հիմքն ազատական հարաբերությունների, արտադրողականության ու մրցունակության վրա հիմնված և դինամիկ զարգացող տնտեսությունն է: Այս առումով կուսակցությունը կարևորում է ոչ միայն քանակական, այլև որակական այնպիսի տնտեսական աճի ապահովում, որի դրական ազդեցությունն իր վրա կզգա յուրաքանչյուր քաղաքացի»:

Այսինքն` ստացվում է, որ էլի ազատականությանը հղում անելով` պետք է վայրի կապիտալիզմի ճիրաններում թողնել երկրի տնտեսությունը` հույս ունենալով, որ մի օր ազատ շուկան բոլոր հարցերը կկարգավորի: Մի՞թե կարող է Հայաստանի պես ու Հայաստանի վիճակում գտնվող երկիրն իրեն այդքան մեծ շռայլություն թույլ տալ: Ամեն դեպքում, կուսակցությունն ասում  է նաև, որ  ձեռնարկատիրական ունակություններով օժտված յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գործարար ներուժն ազատորեն իրացնելու, իր և այլոց համար աշխատատեղեր ստեղծելու և օրինական գործունեության միջոցով բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:  «Մեր համոզմամբ,-նշվում է կուսակցության ծրագրի հիմնադրույթներում,- նման միջավայրի ձևավորման գրավական կարող է հանդիսանալ տնտեսական առողջ մրցակցության պաշտպանությունը, հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացումը, ներդրողների օրինական շահերի պաշտպանությունը և այլն»:

Վատ առաջարկ չէ, եթե հաշվի չառնենք, թե ով է այս կուսակցության նախագահը և ինչ բնույթի ու ինչ մեխանիզմներով գործունեություն է ծավալել ոչ միայն վերջին 5, այլև 20 տարիների ընթացքում, և ինչքանով է պահել իր կուսակցության առաջարկած այս նորմը:

ՕԵԿ-ը համոզված է, որ Հայաստանը պետք է դառնա արտադրող և արտահանող երկիր` արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսական համակարգով:

Արդյունաբերության զարգացումը պետության առաջնահերթ խնդիրներից է: ՕԵԿ-ը անհրաժեշտ է համարում, օրինակ, արտահանման խթանման պետական նպատակային համալիր ծրագրի մշակումը և իրականացումը, արտաքին շուկաների նվաճման գործում հայրենական ձեռնարկություններին անհրաժեշտ շուկայագիտական պետական աջակցությունը: Հարց է ծագում, իսկ ի՞նչն էր խանգարում կոալիցիայի անդամ կուսակցությանը նախորդ 5 տարիների ընթացքում իր կոալիցիոն գործընկերներին առաջարկել և կազմակերպել  իր այս ծրագրային կետը:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply