«Բիզնեսով չեմ զբաղվելու, ուրիշի փոխարեն չեմ քվեարկելու». Գ. Նուշիկյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 27, 2012 15:00

Թիվ 10 ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորական թեկնածու Գարեգին Նուշիկյանը, որ նաև «Նուշիկյան» ասոցիացիայի հիմնադիրն է և համարվում է հաջողակ գործարար, չի վախենում, որ խորհրդարան գնալով՝ իր վարկանիշը կընկնի. «Այդ կերպ մտածելով` ոչ ոք իր վրա չի վերցնի Ազգային ժողովում աշխատելու և օրենսդրական փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը,- ասում է նա,- այո, հնարավոր է, որ վարկանիշի որոշակի անկում լինի, բայց ես ավելի կարևորում եմ մեր երկրի զարգացումը, թեկուզ դա լինի դրա հաշվին»:

Նուշիկյանի խոսքով, դեռևս 2003-ին է Հանրապետական կուսակցությունից համամասնական ցուցակով խորհրդարան գնալու առաջարկ ստացել, սակայն հրաժարվել է, քանի որ իր բիզնեսն այդ ժամանակ իր կարիքն ավելի շատ ուներ: «Այժմ, գնալով խորհրդարան,  բիզնեսով չեմ զբաղվելու, ուրիշի փոխարեն չեմ քվեարկելու, այլ աշխատելու եմ»,- հայտարարում է նա` միաժամանակ նշելով, որ լավ է հասկանում, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում:

Ճի՞շտ է համարում գործարարի մուտքը խորհրդարան, թե ոչ: Պարզվում է, որ Նուշիկյանը  դրա մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում, մանավանդ որ այդ գործարարները տնտեսագետներ կամ իրավաբաններ են. «Հիմա աղմուկ է բարձրացվում, ավելի ճիշտ՝ լրատվամիջոցներն են այդ հարցը շատ թմբկահարում, որ գործարարները չպետք է գնան Ազգային ժողով, ես էլ հարցնում եմ՝ բա ո՞վ գնա: Մենք դեռ չունենք այդ քաղաքական գործիչների ինստիտուտը, եթե նույնիսկ ունենանք էլ, միևնույն է, տնտեսագետներ և իրավաբաններ մեր Ազգային ժողովին ուղղակի անհրաժեշտ են»,- կարծում է նա:

Ավելին` Նուշիկյանը միջազգային փորձն է օրինակ բերում՝ նշելով, որ շատ երկրներում խորհրդարանի գերակշիռ մասը կազմում են իրավաբաններն ու տնտեսագետները. «Տնտեսությունը երկրի ողնաշարն է, և բոլոր հարցերը կապված են դրա հետ: Խորհրդարանում պետք է տնտեսագետները շատ լինեն»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է կուսակցությունների նախընտրական խոստումներին, ապա Նուշիկյանն ընտրողներին կոչ է անում լինել իրատես. «Հայտարարելը շատ քիչ է, պետք է նաև ասեն, թե ինչպես են անելու: Ասում են՝ երեք անգամ թոշակները բարձրացնելու ենք, բայց որտեղի՞ց են բարձրացնելու, պետք է այդ ռեսուրսների տեղն էլ ասեն: Ես էլ կարող եմ ասել՝ յոթ անգամ եմ բարձրացնելու, բայց դա ռեալ չէ»,- ասում է նա:

Նուշիկյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի խոսքերը նորք-մարաշցիների հետ հանդիպման ժամանակ, երբ նախագահը կես կատակ-կես լուրջ ասել է. «Նախընտրական շրջանում ամեն ինչի հավատացեք, բացի նախընտրական խոստումներից»: «Իհարկե, նախագահի խոսքում հումոր կար, բայց իրականություն էլ կար»,-նկատում է Նուշիկյանը:

Այդ դեպքում, ի՞նչ սկզբունքներով պետք է ընտրողը գնա ընտրության: Ըստ Նուշիկյանի` այս հարցում որոշակի պատասխան չկա. «Ամեն մեկը` իր համոզմունքով, իր պատկերացումով, բայց ընտրությունն էնպիսի բան է, որ մարդը կարող է գնա ու դիմացինի մի ժպիտի համար նրան ընտրի, կամ էլ փողկապի գույնը դուր գա,- ասում է նա,- բայց եթե մարդը կրթված է, բնական է` հասկանում է, որ այս պահին երեք անգամ հնարավոր չէ թոշակները բարձրացնել, ուստի չի հավատում և չի ընտրում այդ թեկնածուին»:

Ինչ վերաբերում է խոստումներ տալուն և չկատարելուն, ապա Նուշիկյանը կարծում է, որ պետք է կիրառել պատգամավորին հետ կանչելու մեխանիզմը:

Իր քաղաքական գործունեության մեջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ խնամիական հարաբերությունները շահարկելու մասին խոսակցություններին Նուշիկյանը լուրջ չի վերաբերվում. «Այդ հարցը բազմիցս է հնչել, և  ես դրա պատասխանը տվել եմ,- ասում է նա,- ընդամենը երեքուկես տարի է, որ մենք խնամիներ ենք, բայց ես 2003-ին, երբ վարչապետի կողմից առաջարկ ստացա խորհրդարան գնալու, նման բարեկամ-խնամի չունեի, այնպես որ շատ թեթև եմ նայում այդ հարցին»:

Գալով խորհրդարան` ի՞նչ խնդիրներ է բարձրացնելու տնտեսագետ, գործարար Գարեգին Նուշիկյանը: Թեկնածուի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները վերաբերում են տնտեսության ոլորտի բարեփոխումներին, ներառված են հարկային-մաքսային օրենսդրությանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հավասար դաշտի ձևավորմանը, մենաշնորհային տնտեսությանն առնչվող խնդիրներ: «Բոլորս էլ գիտենք, որ մեզ մոտ հավասար դաշտի ձևավորման հետ կապված խնդիրներ կան, գործարարը պետական մարմինների նկատմամբ բավարար վստահություն չունի, անհարկի միջամտություններ են լինում պետական տարբեր կառույցների կողմից հատկապես փոքր և միջին բիզնեսի նկատմամբ, մեծ բիզնեսն ավելի պաշտպանված է, հնարավորություն ունի լավագույն մասնագետներին ներգրավելու և այլն, և խորհրդարան գնալու իմ որոշումը նախ և առաջ պայմանավորված է երկրի տնտեսական զարգացման հարցերը բարձրացնելու անհրաժեշտությամբ»,- ասում է նա:

Նուշիկյանը կարծում է, որ իր երկարատև աշխատանքային փորձն ու համապատասխան գիտելիքներն այդ ոլորտում հնարավորություն կտան տնտեսական բարեփոխումներ իրականացնելու. «Ես նաև Գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամ եմ, որը համագործակցում է կառավարության և Ազգային ժողովի հետ՝ մասնակցելով տնտեսությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին ու քննարկումներին, և ներգրավված եմ եղել մի  խմբի մեջ, որը պաշտպանում էր գործարարության շահերը կառավարությունում և Ազգային ժողովում, այսինքն` այնքան էլ հեռու չեմ եղել քաղաքականությունից՝ տնտեսական քաղաքականությունից»,- ասում է նա:

Նուշիկյանն ուզում է, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, ինչպիսին, օրինակ, Սինգապուրն է. «Վերջերս եմ եղել Սինգապուրում և ուղղակի զարմացած եմ, աշխարհի կեսը ման եմ եկել, բայց այդպիսի երկիր չեմ տեսել: Այ, ուզում եմ, որ Հայաստանը ևս Սինգապուրի պես երկիր դառնա»:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply