Ծառուկյանի «Վերտուն», «Ժառանգության» վրիպակները, Դհոլի տեղակալը և մյուսները. քարոզարշավի մեկշաբաթյա քրոնիկոն

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 26, 2012 12:56

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան սրվում են ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների ու քաղաքական ուժերի և՛ հռետորաբանությունը, և՛ գործելաոճը:

Անցնող շաբաթն այնքան էլ հետաքրքիր չէր ընտրությունների դիտարկման տեսանկյունից, եթե չհաշվենք մի քանի «մանր» հանգամանքներ: Օրինակ` անցնող շաբաթվա թոփ-քննարկումների ամենառեալ հավակնորդը ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Վերտուի» պատմությունն էր: Էջմիածնում, երբ Ծառուկյանը կռացել է ընտրողների հետ «մոտիկից շփվելու» նպատակով, կոստյումի պիջակի տակից երևացել է ատրճանակի նման մի բան: Այնուհետև ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը շտապեց հավաստիացնել, թե «ա՛յ ժողովուրդ, «Վերտու» հեռախոս է եղել»: Նախ` ժողովուրդը որտեղի՞ց պետք է տեսած լիներ «Վերտու»: Առաջին հայացքից այս փաստը սովորական երևույթ կարող էր համարվել,  քանի որ կարող էր մարդը ունենալ զենք կրելու իրավունք և ազատորեն զենք կրել: Բայց արի ու տես, որ այդպես չէ, եթե անգամ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է: Ըստ օրենքի` արգելված է հանրահավաքների ու ցույցերի ժամանակ զենք կրել: Գագիկ Ծառուկյանը, հավանաբար ձանձրանալով անընդհատ հերքումներից, որոշեց  «իր ժողովրդին» տեղեկացնել, որ իրոք ինքը զենքով է եղել: Սակայն դրանից հետո ոչ ոք, փորձ չարեց Գագիկ Ծառուկյանից բացատրություն պահանջել օրենքով նախատեսված կարգով:

Երկրորդ «մանր» միջադեպը ակտիվորեն շրջանառության մեջ մտած լուրերն էին, թե «Ժառանգությունը» 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին: Սրանից հետո միանգամից սկսվեցին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի «փաղաքշական» արտահայտությունները «Ժառանգության» հասցեին: Հիշեցնենք, որ ընտրությունների վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբից «Ժառանգության» դուրս գալը մամուլը կապեց ՀՀԿ-«Ժառանգություն»  համագործակցության հետ: Չնայած այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ համակարգչային վրիպակի պատճառով է, որ ԿԸՀ է ներկայացվել ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների ոչ ամբողջական ցուցակը:  «Մեր այդ վրիպակի պատճառով «Ժառանգությունը» մի քանի տասնյակ ընտրատեղամասերում անդամներ չի ունենալու»,- հայտարարեց Հովհաննիսյանը և խոստովանեց, որ մեղավորն ինքն է:

Մեկ այլ զավեշտ էլ  տեղի ունեցավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի ասուլիսի ժամանակ, երբ դահլիճ ներխուժեց կուսակցության անդամներից մեկը` Մյասնիկ Պատվականյանը և Թովմասյանին մեղադրեց իրեն հալածելու և խոստումները չկատարելու մեջ: Ըստ նրա` ինքը 20 տարվա կոմունիստ է` երիտասարդ, ընդամենը 50 տարեկան: Նա լրագրողներին ասաց նաև, որ  իրեն խոստացել են ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում, սակայն խոստումը չեն կատարել: Նա Թովմասյանին մեղադրեց նաև իշխանությունների հետ համագործակցելու և ՀԿԿ-ի առաջատար պաշտոններում իր մերձավորներին նշանակելու մեջ` թույլ չտալով իր պես երիտասարդ կոմունիստներին ինքնաիրացվել:

Հետաքրքիր հեռակա «բանավեճ» ծավալվեց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արտաշես Գեղամյանի և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանի միջև: ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը  հայտարարեց, թե իբր իրեն անհայտ անձինք փորձել են արգելել մտնել ՀՔՄ գրասենյակ, իսկ այդ անձանց քաջալերել է Գեղամյանի կուսակից Սարգիս Մուրադխանյանը:  Վերջինիս Հ. Հովհաննիսյանն անվանել էր «դհոլի տեղակալ»: Ի պատասխան Հմայակ Հովհաննիսյանի հայտարարության, ինչպես հրապարակեց «168 Ժամ» թերթը, Արտաշես Գեղամյանն ասել է. «Ես սեռական փոքրամասնությունների բարբաջանքներին չեմ պատասխանում: Հատկապես, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի բութ զենքը հանդիսացող Հմայակ Հովհաննիսյանի մասին է: Մանավանդ որ սեռական փոքրամասնությունները գտնվում են Եվրախորհրդի պաշտպանության ներքո»:

Բայց այսքանով անցած քաղաքական շաբաթը չավարտվեց: Պարզվեց, որ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը: Նրա այդ դիմումը բացատրվեց այն հանգամանքով, որ Արթուր Բաղդասարյանը միայն իր համար է պաշտոն ուզում, ուստի ՕԵԿ-ական բազմաթիվ առաջատարներ դժգոհ են ու պատրաստվում են հեռանալ ՕԵԿ-ից: Այդ առաջատարների թվում հիշատակվեց նաև կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի անունը, որը վերջին շրջանում այլևս չէր ուղեկցում կուսակցության առաջնորդին` «ի դեմս Արթուր Բաղդասարյանի»:

ՀԱԿ-ական քաղաքական շաբաթը գրեթե ոչ մի լուրջ բանով աչքի չընկավ, քանի որ կուսակցությունը զբաղված էր մարզերի բնակիչների հետ հանդիպումներով: Նույն պատկերն էր նաև ՀՅԴ-ի առնչությամբ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա մի հետաքրքիր իրողություն պարզվեց: ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին մի քանի հանրահավաքներում ընտրողներին իր կոալիցիոն գործընկերների օգտին քվեարկելու կոչ չարեց: Սրանից հայաստանյան քաղաքական գործընթացներին ուշի ուշով հետևողները շտապեցին եզրակացնել, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ին «դեն շպրտեց» ու «կոալիցիա» կազմեց «Ժառանգություն» կուսակցության հետ:

Ինչևիցե, քարոզարշավը շարունակվում է:

Դիտվել է 2000 անգամ:
Print Friendly

Leave a Reply