Միգուցե առաջարկեք ցրե՞լ ազգային բանակը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 26, 2012 13:00

Օրեր առաջ, դիտելով «Հ1» հեռուստաընկերության հաղորդումները, պատահական  լսեցի  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ և ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական  ելույթից մի հատված, որը ոչ այնքան զարմանալի, որքան վախեցնող էր:

Անվտանգության խորհրդի հարգարժան նախագահն առաջարկում էր, որ  սահմանամերձ գյուղերի զորակոչային տարիքի երիտասարդները ծառայեն իրենց բնակավայրերում կամ դրանց առավել մոտ գտնվող զորամասերում` ծառայությանը զուգահեռ առօրյա գործերում օգնելով իրենց ընտանիքներին:

Բազմիցս կարդացել եմ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթները, բայց ակամա նորից վերցրեցի այն ու սկսեցի ուշադրությամբ կարդալ: Ու, այ քեզ զարմանք, «Սահմանամերձ բնակավայրերին` կրկնակի ուշադրություն» բաժնում հանդիպեցի նույն մտքին` հետևյալ ձևակերպմամբ. «Սահմանամերձ բնակավայրերում ներկայիս իրավիճակը բարելավելու համար ՕԵԿ-ը կարևորում է սահմանամերձ բնակավայրերի զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության անցկացումը տեղի զորամասերում և պայմանագրային զինծառայողների համամասնության ավելացումը»:

Ստացվում է, որ ինձ չի թվացել, իրականում Արթուր Բաղդասարյանն այդպիսի արտահայտություն-առաջարկ արել է: Այստեղից պարզ է դառնում ՕԵԿ-ի ծրագրային մեկ այլ կետի` «զինված ուժերի անընդհատական արդիականացում և մարտունակության բարձրացում» նախադասության բուն նպատակն ու իմաստը: Փաստորեն, արդիականացում ասելով, ՕԵԿ-ը նկատի ունի նաև հիշյալ առաջարկը, որը, ինչ խոսք, կարող է շատերին դուր գալ և նույնիսկ որոշ ձայներ բերել կուսակցությանը: Նաև այն «մամայի բալաների», թուլամորթների ու «կակղամորթների» ձայները, որոնք վախենում են սեփական բնակավայրից հեռու անցկացնել իրենց զինվորական ծառայությունը:

Հիմա անդրադառնանք բուն երևույթին: Նախ` ի գիտություն Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ի ծրագրի հեղինակների և բոլոր նրանց, ովքեր այս առաջարկին լուրջ են վերաբերվում. բանակում զինծառայողները սովորում, վարժվում ու հմտանում են զինվորական գործում, ոչ թե առօրեական-ընտանեկան: Բանակի խնդիրը ոչ թե մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերի լուծումն է կամ սեփական ընտանիքներին առօրյա գործերում օգնելը, այլ երկրի պաշտպանությունն ու նրա սահմանների անվտանգության ապահովումը:  Զինծառայողները պետք է սովորեն կռվել, ոչ թե հող վարել, բոստան ջրել կամ անասուններին կերակրել:

Երկրորդ` Հայաստանի Հանրապետության նման երկիրը, որը սառեցված հակամարտություն ունի, հրադադարի ռեժիմում գտնվող  փաստացի պատերազմ, չի կարող իրեն թույլ տալ նման ճոխություն: Նախևառաջ այն պարզ պատճառով, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերում չէ, որ կան անհրաժեշտ թվով զորակոչային տարիքի երիտասարդներ, իսկ պաշտպանել պետք է սահմանի ամբողջ երկարությունը: ՀՀ սահմաններից բացի, կա նաև Արցախի սահմանների պաշտպանության հարցը: Իսկ այնտեղ ազգաբնակչության թվաքանակն այնքան չէ, որ հերիքի սեփական ուժերով սեփական երկրի ինքնապաշտպանության կազմակերպմանը:

ՕԵԿ-ն առաջարկում է նաև աստիճանական անցում պայմանագրային զինվորական ծառայության: Սա, իհարկե, վատ առաջարկ չէ, բայց կիսատ է: Հարցն այն է, որ  Հայաստանի Հանրապետության պես երկրի համար դարձյալ անընդունելի է ամբողջական պայմանագրային զինծառայության անցումը: Նախ` այժմ մեր երկիրը կարողանում է պայմանագրային զինծառայողներ ընդգրկել այն պարզ պատճառով, որ այդ մարդիկ ծառայել են բանակում և փոքրիշատե հմուտ են զինվորական գործում: Բացի այդ, նույն պատերազմի առկայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն պետք է լինի անխտիր, թեկուզ` կարճ ժամկետներով, բայց գոնե այն նպատակով, որ ազգաբնակչության մարտունակ հատվածը կռվել սովորի, քանի որ մեր տարածաշրջանը մեզ այլ ելք ու ընտրություն չի թողնում:

Չորրոդ, որ կարող է ապացուցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անտեղյակությունը սեփական բանակից և նրա բարոյահոգեբանական նկարագրից: ՕԵԿ-ը բանակի վերաբերյալ իր ծրագրային դրույթներում նշում է «զինծառայողների, հատկապես շարքայինների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ձևավորում, ոչ կանոնակարգային հարաբերությունների վերացում» սկզբունքը:

Այս կետն արդեն հակասում է Արթուր Բաղդասարյանի` սահմանամերձ գոտիների բնակիչների իրենց բնակավայրերին մոտ ծառայություն անցնելու մասին առաջարկին: Հարցն այն է, որ յուրաքանչյուր մարդ, որ բախտ է ունեցել ծառայելու հայկական ազգային բանակում, գիտի կամ տեսել է, թե ինչ է լինում, երբ մի զորամասում ծառայում են այդ զորամասի հարակից տարածաշրջանում բնակվող կամ թեկուզ բարեկամ ու ազգական ունեցող մարդիկ: Նրանք միշտ հովանավորված են սպաների կողմից, իսկ այն սպաները, որոնք չեն հովանավորում տվյալ մարդկանց, հայտնվում են այդ զինծառայողի բարեկամ-ազգականների «ուշադրության կենտրոնում»: Եվ տվյալ  զինվորի կամ զինծառայողի ուշքն ու միտքը ոչ թե ծառայությունն է լինում, այլ որքան հնարավոր է շուտ տուն հասնելը:

Մինչդեռ սահմանամերձ գոտիների բնակիչների ու ոչ միայն նրանց համար պետությունը համապատասխան կարգուկանոն ունի, ըստ որի` զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են որոշակի արտոնություններից ու սոցիալական երաշխիքներից: Ճիշտ է` ՕԵԿ-ը չի զլացել և այս մասին նշել է իր ծրագրում` գրելով «զինծառայողների և իրենց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Եթե անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած կուսակցությունն է այսպիսի դրույթ գրում, նշանակում է` այդ կուսակցությունում համոզված են, որ զինծառայողների ընտանիքներն իրենց հասանելիք սոցիալական և այլ երաշխիքներից ու ծառայություններից չեն օգտվում, կամ առնվազն նրանց չեն թողնում օգտվել:

Չգիտենք, թե ինչ են մտածել ՕԵԿ-ի ծրագիրը գրողներն ու Արթուր Բաղդասարյանը, բայց այդ առաջարկից «լավ հոտ չի գալիս»: Իսկ եթե ավելի պարզ ասենք, սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Միգուցե մի օր էլ Արթուր Բաղդասարյանը սահմանամերձ գոտիների բնակիչներին ու առհասարակ  բոլորին բանակ չզորակոչելու առաջա՞րկ անի: Հաստատ զորակոչային տարիքի երիտասարդների ընտանիքների քվեն ապահովված  կլինի: Իսկ թե Հայաստանի Հանրապետությունն ինչ կլինի, ըստ երևույթին ՕԵԿ-ի համար  կարևոր չէ. խորհրդարանական ընտրություններից հետո` թեկուզ ջրհեղեղ:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply