Նախընտրական գնացուցակ.«Ի՞նչ արժե ձայնը քո հանապազօրյա»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 26, 2012 12:42

ԱԺ ընտրություններից մեկ ամիս  առաջ մեկնարկեց  հայտ ներկայացրած քաղաքական ուժերի օրենքով սահմանված քարոզարշավը: Կուսակցության լիդերներն իրենց համախոհներով  ամպագոռգոռ խոստումների ու հայ բազմաչարչար ժողովրդին լուսավոր ապագա ապահովելու տեղատարափով ջանում են որոշակի ընտրազանգված  ձևավորել: Այս ընթացքում որքան էլ ականատես ենք դառնում հանրահավաքներին մասնակից մեծաքանակ ժողովրդի հոծ բազմությանը, այնուամենայնիվ, դժվար է եզրակացնել, թե նրանցից, որ զանգվածն է իրապես կողմնակից տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսությանը:

Քաղաքական ուժերի կարծիքով` զուտ փաստաթղթով այս կամ այն կուսակցությանը անդամագրվելը դեռ երաշխիք չէ նրա քվեն ստանալու առումով, քանի որ բացառված չէ նրանց համաժամանակյա մի քանի ուժերին մերձենալը:

Այս օրերին ժողովրդին սեփական գաղափարախոսությանը մոտեցնելու ամենատարբեր գործողություններից մեկն էլ ավանդական դարձած ընտրակաշառքն է: Եթե հետևենք «անաչառ» վիճակագրությանը և հիմք ընդունենք ընտրություններին ազգաբնակչության 20 տոկոսի չկողմնորոշված լինելու հանգամանքը, ապա բավական հեշտ է նրանց քվեն ևս գնելը: Բավական չէին հեռուստատեսությամբ տեղացող քարոզարշավային տարափն ու փողոցներում բարձր աղմուկով ու թափահարող դրոշներով սուլացող մեքենաների երթը, դեռ մարդկանց սկսել են անհանգստացնել իրենց իսկ  բնակարաններում: Խոսքը «դռնեդուռ» քարոզ ծավալող մարդկանց մասին է:

Յուրաքանչյուր կուսակցություն իր ընտրազանգվածն ունենալու և դրանց թիվը ևս մեկով ընդլայնելու նպատակով հատուկ ընտրված քարոզիչների միջոցով ծրագիր է մշակել, այն է` այցելել քաղաքացիների բնակարաններ և նրանց մատուցել կուսակցության լիդերների հարգանքի հավաստիքը: Եվ դռնեդուռ թակելով ևս մեկ քվե ապահովելու այս մեխանիզմն արդեն իսկ առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Քարոզիչներ ընտրելիս  կուսակցությունները չափանիշներ չունեն, ընտրում են ում պատահի, առանց սեռի և տարիքային սահմանափակման, նույնիսկ չեն փորձում պարզել` որքանով տվյալ անձը կկարողանա հավուր պատշաճի կատարել իր առաքելությունը:

Քաղաքական ուժերի կողմից վարձված այս նոր աշխատակիցները դռնեդուռ կուսակցության գովքն անելու դիմաց վարձատրվում են 30-40 հազար դրամով ու այս խղճուկ գումարի պատճառով արժանանում  անհարիր արտահայտությունների: Բնականաբար, մեր օրերում բազմաթիվ անգործ ու անաշխատունակ մարդիկ կգտնվեն, թեկուզ ուսանողներ, որոնք դեմ չեն լինի ժամանակավորապես ստանձնելու այս դերը:

Վերջերս ականատես եղա, թե ինչպես շենքի հետնամուտքից երկու գեղեցկատես աղջիկներ, առաջին հարկի դռները թակելով, առանց վերելակի բարձրացան  մինչև նախավերջին հարկ: Այդ բարձրահարկ շենքից միայն 3-4 ընտանիք, լսելով երկարատև թակոցը, հանդգնեց բաց անել դուռն ու հյուրերին ներս հրավիրել:  Իսկ ծեր ամուսիններն էլ տան ներսից  հայհոյանքեր տեղացին, երբ  իմացան հյուրերի ով լինելը: Օրերս էլ իմ բնակարանի դուռը թակեցին երկու երիտասարդ տղաներ: Ներսից հարցրի` ո՞վ է, ի պատասխան` բացեք` կասենք: Համառորեն չհեռանալով բնակարանի մուտքից`  ճարահատված հարցրին` քույրիկ, ու՞մ եք ընտրելու:  Հետաքրքրությունս բավարարելու համար փորձեցի զրույցի բռնվել, հարցրի, թե արդյոք տվյալ կուսակցության գաղափարախոսության համախոհ են, կամ ինչն է ստիպել այս գործը ստանձնել: Միամտաբար խոստովանեցին, որ սա իրենց ուսման վարձի փոխհատուցման տարբերակն է, և իրենք իրենց գործն են անում:

Օրեր առաջ էլ Արաբկիր համայնքի Գյուլբենկյան փողոցի մայթեզրից երևացող  առանձնատան դիմաց միջին տարիքի մի կին գետնին նետած բուկլետներն էր հավաքում: Պարզվեց, որ նա էլ հերթական քարոզիչներից էր: Տանտերը նրա առաջ բացելով դուռը, անբարյացակամ էր գտնվել`  նետելով իրեն մեկնած բուկլետները:  Ժողովրդին անհարկի անհանգստացնելուց զատ, մեր այսօրվա հանցագործ աշխարհում, երբ յուրաքանչյուր մարդ տուն մտնելիս անմիջապես կողպում է դուռը և հրահանգում օտարի առջև դուռ չբանալ, ինչպե՞ս կարող  են այս «քարոզիչները» խույս չտալ նման երևույթներից: Կամ չմոռանանք, թե որքան պայքարեցինք դռնեդուռ ընկնող աղանդավորների այցերը նվազեցնելու համար:

Մոտենում են ընտրության օրերն ու քաղաքական լիդերների միմյանց սևացնելու կրքերն են թեժանում: Հիմա էլ մեկը մյուսի դեմ պայքարում է ավելի գայթակղիչ կաշառք բաժանելու առումով: Եթե նախորդ ընտրություններում քվե ձեռք բերելը ավելի մատչելի էր, և հայ ժողովրդին կարելի էր հաճոյանալ, օրինակ, 1 կգ շաքարավազով, քաղցրավենիքով կամ 1 շիշ բուսական յուղով, ապա այժմ նրանց պահանջները այդքանով չեն սահմանափակվում: Ուստի կուսակցությունները բարձրացրել են քվեների պարգևավճարները: Օրինակ, եթե նախորդ ընտրություններում քաղաքացիները նույնիսկ 5000 դրամով էին վաճառում իրենց ձայնը, ապա այսօր քաղաքական ուժերը, մասնավորապես` Հանրապետականն ու ԲՀԿ-ն այդ սանդղակը բաձրացրել են` հասցնելով 7000-10000-ի:

ԲՀԿ-ն ակտիվորեն սկսել է գյուղացիներին էլ սիրաշահել նրանց կարիքները բավարարելու գնով: Օրինակ` վերջերս  այս կուսակցության աջակցությամբ լուծվեց հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Սա առերևույթ: Բայց թերես ամենաճոխ պարգևն իր շարքերն անդամագրված  քաղացիներին խոստանում է շնորհել «Օրինաց երկիրը»: Սրա լիդերներն իրենց ընտրազանգվածն ապահովում են բջջային հեռախոսներ և որոշակի անսահմանափակ քանակությամբ րոպեների բաշխման մեխանիզմով: Քաղաքացին, ձեռք բերելով բջջային հեռախոս, կարող է տվյալ օպերատորի բաժանորդների հետ զրուցել անսահմանափակ տևողությամբ: Անշուշտ, գայթակղիչ առաջարկ է: Բացի  այդ, քաղաքացիներին բաժանվելու են պլաստիկ քարտեր` 20 տոկոս զեղչով առողջապահական  ապահովագրական և այլ ծառայություններից օգտվելու հնարավորությամբ: Այսպես են կուսակցությունները գնում ընտրազանգվածի ձայնը, այսպես է պարարտ հող ստեղծվում, որ  ընտրողներն աճուրդի հանեն սեփական ձայնը:

 Լ.Ն

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply