Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2012 12:08

Մտավոր սեփականությանն առնչվող հիմնական խնդիրները Հայաստանում վերաբերում են առանց իրավատիրոջ թույլտվության ստեղծագործությունների շրջանառության մեջ դնելուն:  Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է:

«Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների  90-95 տոկոսը վերաբերում է  առանց իրավատիրոջ թույլտվության շրջանառության մեջ դրված ստեղծագործություններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում ասաց   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը: Նրա խոսքով`  մտավոր սեփականության երկու ոլորտների`    հեղինակային  եւ արդյունաբերական իրավունքների պաշտպանությունը  այս կառույցի հիմնական գործառույթն է:

«Մեր խնդիրն է արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի գրանցումը եւ այս մասին  տեղեկատվության տարածումը»,- պարզաբանեց Խաչիկյանը: Նա տեղեկացրեց, որ արդյունաբերական սեփականության  օբյեկտների գրանցման հայտերը նախքան գրանցումն  անցնում են համապատասխան հետազոտություն:

Մտավոր սեփականության հիմնական խնդիրներին անդրադառնալիս`  գործակալության պետի տեղակալը շեշտեց, որ հաճախ հանդիպող խախտումներից է  նաեւ առանց համապատասխան դրոշմանիշների ապրանքային նշանների  օգտագործումը:

«Այս խախտումները բազմաթիվ են  հագուստի տոնավաճառներում, վաճառակետերում»,- նշեց բանախոսը: Նաեւ հավելեց, որ արվեստի բնագավառում հաճախ հանդիպող խախտումը` տեսալսողական ստեղծագործությունների կրիչների անօրինական  շրջանառությունն է:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը իրավունքների վերականգնման եւ գրանցման համար 2012 թվականի առաջին եռամսյակում ստացել է  65, իսկ  2011 թվականին 140  հայտ, որոնց մեծ մասը վերաբերում  է շինարարության, առողջապահության, ֆիզիկայի եւ քիմիայի ոլորտներին: Կառույցն ակտիվորեն համագործակցում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, այլ միջազգային  եւ տեղական կազմակերպությունների հետ:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply