…Երկիրը զրկվում է գիտությունից

ԷՍՍԵ, Շաբաթվա լուր | | April 26, 2012 11:03

Նախընտրական շրջանում, մանավանդ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության բոլոր քաղաքական ուժերին ուղղված կոչից հետո, մի տեսակ մոդայիկ է դարձել գիտության խնդիրների մասին բարձրաձայնելը: Բոլոր կուսակցությունները, դաշինքները, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, հայտարարեցին, որ իրենց նախընտրական ծրագրերում ներառվում են գիտության ֆինանսավորման ավելացմանը միտված ռեալ կետեր՝ կոնկրետ ժամկետների եւ տոկոսների առկայությամբ: Տարօրինակ է՝ ախր ՀՀԿ-ն էլ, ՕԵԿ-ն էլ հայտարարություններ անելուց լավ են:

ՕԵԿ-ի՝ գիտության խնդիրների հանդեպ անտարբերության մասին բավականին խոսվել է: Չնայած, հանկարծ զգալով, որ սպիտակ ագռավի դերում են հայտնվել՝ վերջերս խոստացան մինչեւ ընտրություններ ներկայացնել գիտությանը եւ կրթությանը վերաբերող 100 կետից բաղկացած առաջարկություններ: Բայց ոնց որ այդ «100 կետ»-ը մի քիչ ոգեորված ժամանակ են ասել՝ երեւի լսել էին ՀԱԿ-ի «100 քայլ»-ի մասին ու որոշել հետ չմնալ: Ախր այդքանն այս կարճ ժամանակում այստեղ-այնտեղից copy-paste անելն էլ մեծ ուշադրություն ու մի քիչ էլ տեղեկացվածություն է պահանջում: Խնդրեմ՝ «Գիտության մասով էլ «Օրինաց երկիրը» անհրաժեշտ ու հրատապ է համարում գիտության զարգացման ռազմավարության ընդունումը…» (http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20120420_21&flag=am) : Այստեղ են ասել՝ «քնածն արթնացավ՝ արթունին վախեցրեց»: Դե ոչինչ, տեղյակ չեն եղել, որ ՀՀ գիտության ոլորտի 2011-2015 զարգացման ռազմավարական ծրագիրը ընդունվել է 2011թ հունիսի 17-ին…Բայց կարող է եւ իրենց ասած «հրատապ»-ը 2016թ-ից հետոն է: Ցանկացած գործին անտեղյակությունը չի կարող նպաստել…

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին՝ ապա պետք է նշել, որ այնտեղ քաջատեղյակ են գիտության տագնապալի վիճակին: Եղել են բազմաթիվ հանդիպումներ, ծրագրային քննարկումներ, ի վերջո, նախագահը խոստացել է տարեկան 100 մլն դրամ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով: Բայց այստեղ եւս մինչ այժմ խուսափում էին կոնկրետությունից: Ազդարարում էին գիտելիքի վրա հիմնված տնտեսության անհրաժեշտության մասին, ապա՝ դրա ստեղծմանը չաջակցելու հազար ու մի պատճառ բերում: Այստեղ էլ քաջատեղյակ լինե՞լն է խանգարում…

Սակայն վերջին զարգացումները հույս են ներշնչում, որ ՀՀԿ-ն կփոխի իր՝ մինչ այժմ գերակշռող «պոպուլիստական» դիրքորոշումը եւ արդեն 2013թ բյուջեում մյուս քաղաքական ուժերի հետ համատեղ կամրագրեն գիտության ֆինանսավորման զգալի աճ՝ մինչեւ ՀՆԱ-ի 1 տոկոս: Իսկ ինչու՞ 1 տոկոս: Բոլոր ոչ քաջատեղյակները թող քաջատեղյակ լինեն, որ՝ «ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Եվրամիությունը կատարել է ուսումնասիրություն ու պարզել, որ եթե երկիրը գիտությանը տրամադրում է իր ՀՆԱ-ի 1 տոկոսից քիչ ֆինանսավորում, ապա նրա գիտությունն իր տնտեսության վրա ազդեցություն ունենալ չի կարող, ժամանակի ընթացքում ինքն էլ խամրում է, երկիրը զրկվում է գիտությունից»  (http://armworld.am/detail.php?paperid=2017&pageid=66397&lang= ) ։

Ուշացնելն այլեւս կարող է անդառնալի հարված հասցնել երկրի գիտությանը՝ նկատի ունենալով այդ ոլորտի աշխատողների միջին տարիքի անշեղորեն աճի դինամիկան: Սա առաջին անհրաժեշտ քայլը կլինի գիտության ոլորտ շնորհալի երիտասարդների որոշակի ներհոսք ապահովելու համար: Դե գաղտնիք չէ, որ գիտության ոլորտ եկած, առանց այն էլ սակավաթիվ, երիտասարդների զգալի մասը թեկնածուականը պաշտպանելուց ու բանակից ազատվելուց հետո թողնում է գիտությունը՝ գնում կարգին վարձատրվող աշխատանք գտնում:

Միաժամանակ, պետք է քայլեր ձեռնարկել գիտության ֆինանսավորման գործում մասնավոր սեկտորի ներգրավվածությունը ավելացնելու համար: Զարգացած տնտեսությամբ երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտության ֆինանսավորման զգալի մասը՝ 65-75 տոկոս, իրականացվում է մասնավորի կողմից: Ափսոս, մեր տնտեսությունը զարգացած չէ…

Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրում ասվում է՝ «…տնտեսության մեջ գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրման համակարգի ձևավորում, հետազոտությունների և մշակումների ոլորտում վենչուրային կապիտալի ներգրավում. անհրաժեշտ է ստեղծել գիտաարտադրական կենտրոններ, գիտական կազմակերպություններում և բուհերում` բիզնես ինկուբատորներ կամ տեխնոպարկեր»: Այս ուղղությամբ որոշ փոքր քայլեր արդեն կատարվում են: 2011թ ինովացիոն ծրագրեր իրականացնելու համար 170 մլն դրամ է հատկացվել, ընդ որում ծրագրին մասնակցելու նախապայման էր հանդիսանում այն, որ պետությունը վճարում է ծրագրին հատկացվող գումարի 85 տոկոսը, իսկ 15 տոկոսը, գիտնականի համոզելուց հետո, համաֆինանսավորվում է մասնավորի կողմից: Ասում են տեխնոպարկ են սարքելու Գյումրիում: Լավ կլինի, որ իր նախորդի բախտին չարժանանա: Տարիներ առաջ տեխնոպարկ մի անգամ «ստեղծել» են Աշտարակում՝ մի մեծ քար են տեղադրել, վրան գրել «Տեխնոպարկ» ու պըրծ:

Վարչապետ Տ. Սարգսյանը ժամանակին, ԳԱԱ տարեկան ժողովում ասել է.- «Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ֆունդամենտալ հետազոտությունները և առևտրայնացումը պետք է սկսվեն միաժամանակ։ Դա նշանակում է, որ ԳԱԱ-ն պետք է երկխոսություն սկսի տնտեսվարողների հետ»։ Սակայն այդ երկխոսությունը չի ստացվում՝ լրացուցիչ երաշխիքների բացակայությունը տնտեսվարողին ստիպում է ավելորդ ռիսկի չգնալ: Աշխարհի փորձը մի բան էլ է ցույց տալիս՝ որեւէ արդյունք ակնկալելու համար պետությունը պետք է այդ ռիսկի որոշակի մասը վերցնի իր վրա: Թե չէ, մասնավորին ինչ պետք է լինում՝ չինաստաններից ճարում բերում է էլի, չնայած, որ Մետաքսի ճանապարհը, ի տարբերություն պարբերաբար բացվող Սելիմի լեռնանցքի, չի գործում:

«Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի (տպագրությունը ընդհատվել է 2008թ, և այն լույս ընծայվում միայն էլեկտրոնային տարբերակով)  երկարամյա խմբագիր Հայկ Խաչատրյան.

– Դեկլարատիվ ձեւով հայտարարել, որ բիզնեսը պետք է ֆինանսավորի… Բայց ինչու՞ պիտի ֆինանսավորի, ինքը շահագրգիռ պիտի լինի, որ ֆինանսավորի: Շահագրգռելու համար բավականին մանրակրկիտ աշխատանք է պետք տանել, ոչ թե ինչ որ օրենք ընդունել կամ ինչ որ ձեւով նրանց համոզել, որ դա պետք է: Կարելի է իհարկե հայրենասիրական լոզունգներ շրջանառել՝ ժամանակավոր կաշխատի: Մի 4-5 հոգի կարող է չուզենալով էլ փող տրամադրեն, քանի որ իրենց համոզել են, որ դա երկրին պետք է: Բայց իրականում, եթե բիզնեսը ֆինանսավորի որեւէ բան գիտության մեջ, ապա պիտի շատ շահագրգիռ լինի, որ դրա արդյունքը ինքը օգտագործի:

Անկասկած, մասնավորին գիտության մեջ ներդրում անելու համար շահագրգռել է պետք՝ օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ, հարկային արտոնություններ, երաշխիքներ եւ այլն: Գործարարին միայն «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն» լոլոներով չես համոզի ներդրում անել:

Դա կառավարության խնդիրն է: Չնայած, «վերեւներում» կարծես դեռ չկա այն գիտակցությունը, որ «գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է»:

Պարզվում է, որ նույնիսկ գիտության աշխատողների տքնաջան աշխատանքի շնորհիվ արտերկրից համաֆինանսավորում հայթհայթելու դեպքում էլ անընդհատ թմբկահարվող աջակցությունը բացակայում է: Հակառակը՝ ԳԱԱ ՖՀԻ-ի եւ Եվրամիության 3 երկրների (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) համատեղ բացառիկ 500 000 եվրո դրամաշնորհից, որի գլխամասային կազմակերպությունը հենց ՖՀԻ-ն է եւ հենց նրա հաշվին է փոխանցվել նշված գումարը, 30-40 տոկոսը ենթակա է հարկման…

Կամ էլ՝ գիտնականին արտերկրից ուղարկված գրքից ահռելի մաքսատուրք են պահանջում: Նույնիսկ այն դեպքում, երբ…ուշադրությու՛ն,…երբ գիրքն ուղարկվում է համահեղինակին…

Բա՜…: Ոչ ոքի մտքով չի անցնու՞մ, որ այդ քայլերն արվում են բյուջեն լցնելու ու գիտության ֆինանասավորումն ավելացնելու համար: Չենք գնահատում էլի…

           Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 2814 անգամ:
Print Friendly

Leave a Reply