Հայ-թուրքական արձանագրությունն իրավական տեսանկյունից «մաքուր է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 16:31

Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունում դժգոհության ալիք բարձրացրած դրույթների շուրջ անկախ իրավաբան, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը որևէ իրավական լուծում չի տեսնում. այն ավելի շատ քաղաքական, քան իրավական դաշտում է: Այսօր հրավիրած ասուլիսում նա ասաց, որ Արձանագրությունը ոչ մի կերպ չի խոչնդոտելու Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, քանի դեռ կան գերտերությունների շահերը:

«Ցեղասպանության ճանաչման հարցը գերտերությունների համար ընդամենը քաղաքական գործիք է. եթե շահ չունենան (Թուրքիայից կամ Հայաստանից)’  չեն ճանաչի, ունենան` կճանաչեն»,- ասաց նա:

Ի տարբերություն Թուրքիայի` Հայաստանում միջազգային ցանկացած պայմանագիր Արդարադատության նախարարությունում փորձաքննություն է անցնում: Ըստ իրավաբանի` հայ-թուքական արձանագրությունն էլ մինչև ԱԺ մտնելը պետք է քննարկվի, բայց այս դեպքում  Սահմանադրական դատարանում(ՍԴ), ու եթե դրույթներից որևէ մեկը հակասահմանադրական ճանաչվի, Արձանագրությունն ամբողջությամբ անվավեր կհամարվի:

«Լավ կլինի, որ ՍԴ-ում քննարկման առարկա դառնա Արձանագրության պարտավորությունների և ՀՀ Սահմանադրության պրեամբուլայի (Սահմանադրության նախաբան) համապատասխանության խնդիրը,- ասաց նա,- Ըստ իս`պրեամբուլան ու պարտավորությունները համապատասխանում են միմյանց, և չկա դրույթ, որ հակասի Սահմանադրությանը»:

Թովմասյանը միջազգային իրավունքը նմանեցրեց քաղաքավարության կանոններին, որոնք խախտողը որևէ պատասխանատվության չի ենթարկվում, իսկ «Կարսի պայմանագիրը վերանայելու դեպքում պետք է վերանայել նաև մյուս պայմանագրերի շղթան»:

«Բայց որքանո՞վ ճիշտ կլինի վերանայել Բաթումի պայմանագիրը, որով Հայաստանին էր մնում 9 հազար քմ, Մոսկվայի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերը,-ասաց նա՝ ավելացնելով, որ «արդյունքում կանգնում ես թնջուկների առաջ»:

Թովմասյանի կարծիքով`Արձանագրությունում բացակայում է թուրքագետի, միջազգային իրավունքի մասնագետի, տնտեսագետի ձեռք, ինչը կարող էր երաշխիք լինել, որ սահմանը բացվելուց հետո այն կրկին չի փակվի:

Իրավաբանը չի բացառում, որ Թուրքիայի հետ հետագայում կլինեն նաև տնտեսական կամ այլ ոլորտների պայմանագրեր:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply