Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ժնևում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2012 8:22

         Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:

         Ապրիլի 19-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, «Ավետիս» մշակութային կազմակերպության և Հայ-շվեյցարական միության կողմից Ժնևի Քալվին սրահում կազմակերպվեց  Գյուրջիևի անվան ժողովրդական համույթի համերգը: Համերգը մեկն էր «100 համերգ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին` 1915-2015» նախագծի շրջանակներում աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվող համերգների շարքում:

Համերգի բացմանը ներկաների համար ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ դարեր ի վեր հայ ժողովուրդը հերոսաբար պայքարել է իր գոյատևման, կյանքի իրավունքի համար: Սակայն հայ ժողովրդի համար գոյատևելը չի նշանակել միայն ապրել, այլև առաջին հերթին արարել, ստեղծել, կառուցել, երազել ու իրականացնել այդ երազանքները` այդ թվում նաև արվեստի ու երաժշտության միջոցով: Ուստի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված այս նախագիծը կոչված է հիշեցնել ամբողջ աշխարհին մարդկության դեմ կատարված այս ծանրագույն ոճիրը ճանաչելու, դատապարտելու և կանխարգելելու անհրաժեշտությունը:

Ապրիլի 20-ին Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում կազմակերպվեց ատենախոսություն և ներկայացվեց Օսմանյան կայսրությունում հայկական բնակավայրերի հիշատակին նվիրված «Հուշամատյան» նախագիծը:

Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, տեղի ունեցավ հետպատարագի հոգեհանգստի և պսակադրության արարողություն: Քարոզով հանդես եկավ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Մեսրոպ Պարսամյանը, ընթերցվեց դեսպան Ազնավուրի ուղերձը: Արարողությանը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և հայ համայնքի բարեկամ բազմաթիվ շվեյցարացիներ:

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել և շարունակում են ընթանալ Ցյուրիխում, Նյոշատելում, Աարոյում, Ֆրիբուգում:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply