Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ստամբուլում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 21:42


Ապրիլի 24-ին Ստամբուլում միջոցառումներ կազմակերպվեցին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:

Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ցեղասպանության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը «Սուլթան Ահմեդ» հրապարակում գտնվող «Իսլամական արվեստի թանգարանի» առջև կազմակերպեց միջոցառում, որի մասնակիցներն ընթերցեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին հասցեագրված ուղերձը:

Նշենք, որ հիշյալ թանգարանը 1915 թվականին բանտ էր, ուր աքսորից առաջ պահվել էին հայ մտավորականները:

Ստամբուլի հայկական «Բալըքլը» գերեզմանոցում տեղի ունեցավ հավաք Հրանտ Դինքի գերեզմանի և 1895-1908թթ. հայկական ջարդերի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ «Ակոս» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Սարգիս Սերոբյանը:

Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող մեկ այլ հայկական գերեզմանատանը կազմակերպվեց արարողություն 2011թ. ապրիլի 24-ին, երկրի զորամասերից մեկում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըկչըին տուրք մատուցելու նպատակով:

Երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երրորդ անգամ անընդմեջ, կազմակերպվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառումը` նստացույցը, որի մասնակիցների թիվն աննախադեպ էր: Տեղական ԶԼՄ-ների տարբեր տվյալներով միջոցառմանը մասնակցում էին 3-5 հազար մարդ` մտավորականներ, գիտնականներ և արվեստագետներ, լրագրողներ: Ներկայացուցչության տվյալներով մասնակիցների թիվը կազմում էր մոտ երկու հազար: Մասնակիցները պարզել էին պաստառ, որի վրա տարբեր լեզուներով գրված էր` «Այս ցավը բոլորինս է», ինչպես նաև նահատակված հայ մտավորականների դիմանկարները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Անկարայում:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply