Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 20:52


Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում, Վիլնյուսի Կոնգրես համերգային դահլիճում կազմակերպել էր համերգ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և բարիտոն Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ:
Համերգի սկզբին իր ելույթում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, գնահատելով 2005թ. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, վստահություն հայտնեց, որ պատմական արդարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքներն ի վերջո կգերադասեն քաղաքական նպատակահարմարության, տնտեսական շահերի և ընտրովի հիշողության անցողիկ առաջնայնությունը:
Համերգին հնչեցին Պուսկունիգիսի «Հասմիկ պավանա» և Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունները, Դվարիոնասի «Դալիա», Վերդիի «Օթելլո», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ», օպերաների հատվածները, ինչպես նաև Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»:
Երեկոյին ներկա էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Վիլնյուսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply