Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել հալածանքները «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակի նկատմամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2012 20:02

8 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ դադարեցնել հալածանքները եւ քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ, ով «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակն է:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք, ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել հալածանքները եւ քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» պատմվածքների գրքույքի համար փետրվարի 27-ին կանչել են Ռազմական ոստիկանություն գրքում իրականություն փնտրելու պատճառաբանությամբ, ապա հարցաքննել: Որեւէ մեղադրանք չկարողանալով կպցնել Ռազմական ոստիկանությունը փորձել է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր եւ առարկաներ տարածելու»  համար:

Ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն բնութագրել, որպես իշխանությունների կողմից ճնշումներ ստեղծագործական գործունեության դեմ, որը ոչ միայն խոսքի եւ արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլեւ Հայաստանի պատմության  20 տարիների ընթացքում աննախադեպ երեւույթ, երբ ուժային կառույցները գեղարվեստական գրքի համար հեղինակին պատասխանատվության են կանչում:

Իշխանությունների գործողություններին զուգահեռ լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր են նետվում 1937 թվականների ձեռագրով, անհայտ «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի անունից անստորագիր հայտարարություններ, ուր կոչ է արվում չհանդուրժել հեղինակին:

Հրատարակված ստեղծագործության շուրջ իրավիճակը բացահայտում է նաեւ, որ ուժային կառույցներում աշխատում են պաշտոնյաներ, որոնք չեն ընկալում գեղարվեստական գործի առանձնահատլությունները, եւ, որ ամենացավալին է` այնտեղ իշխում է գրաքննության ոգին, որից թվում էր թե Հայաստանը  ազատվել է  անկախություն հռչակելով:

Մեկ անգամ եւս, դատապարտում ենք հալածանքները Հովհաննես Իշխանյանի դեմ  եւ պահանջում անհապաղ դադարեցնել քրեական գործ նախապատրաստելու գործողությունները իր նկատմամբ»:

Ստորագրել են հետեւյալ կազմակերպություններտ.

1. «Ասպարեզ» լրագրողական ակումբ

2. Երեւանի մամուլի ակումբ

3. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

4. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

5. Իրավունքի գերակայություն

6. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

7. Համագործակցության հանուն ժողովրդավարության

8. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Որպես ապացույց վերը արտահայտած բողոքի եւ պահանջի, ստորեւ ներկայացնում ենք ստեղծված իրավիճակի ժամանակագրությունը.

– 2011թ մայիսին տպվել է, մայիսի 6-ին եղել է գրքի շնորհանդեսը «Բյուրոկրատ» գրախանութում:

– 2012թ փետրվարի 27-ին Հովհաննես Իշխանյանը կանչվել է Ռազմակն Ոստիկանություն պարզաբանում տալու թե արդյոք պատմվածքներում նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը: Նրան տրված ծանուցագրում ասված է. «Ձեզ Ռազմական ոստիկանություն հրավիրելը կապված է ձեր կողմից 2011թ. հունիս ամսին հեղինակային հրատարակությամբ տպագրված «Ուվալնյատի օրը» գրքույկում շարադրված պատմվածքներում մատնանշված դեպքերի առնչությամբ գրավոր բացատրություն տալու հետ: Չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման»: Իշխանյանը հարցաքննությանը պատասխանել է, որ այդ պատմվածքները ամբողջությամբ հորինված են եւ ոչ մի իրական անձ այնտեղ չկա:

Ռազմական ոստիկանությունը փորձում է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր եւ առարկաներ տարածելու»  համար: Գիրքը փորձաքննության է հանձնում «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադնրեասյանին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գրավոր հայտնում է ՊՈԱԿ-ի պատասխանը, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները եւ մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

– Մարտի 23-ին armenianow.com հաղորդում է, որ Ռազմական Ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանն ասում է, որ Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ Զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին: Թերթը նաեւ հաղորդում է, որ ռազմական ոստիկանության ճնշումներով Բյուրոկրատ գրախանութը «Ուվալնյատի օրը» գիրքը հանել է վաճառքից:

– Մարտի 23-ին Հովհաննես Իշխանյանին կրկին հարցաքննում են Երեւանի կենտրոնի համայնքի ոստիկանության քննաչական բաժնում:

– Մարտի 23-ին հարցաննվել է նաեւ թերթի տպագրիչը:

– Epress.am թերթը հայտնում է որ Ոստիկանության լրատվական վարչությունից թերթին ասել են. «2011թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գրքում գռեհիկ ձեւերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով եւ արտահայտություններով»:

– Հայ ժամանակակից մի քանի գրողներ հայտարարություն են տարածել եւ ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի

– Ապրիլի 3-ին գրողները ստորագրություններով բողոքի նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն

– Ապրիլի 4-ին գրքի տպագրիչը կրկին հրավիրել են հարցաքննության Երեւանի Մաշտոցի ոստիկանությունում, նա հրաժարվել է բացատրություն տալ: Տպագրիչը չի ցանկանում իր անունը եւ հարցաքննվելու փաստը հրապարակել:

– Ապրիլի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հովհաննես Իշխանյանի դեմ Ռազմական ոստիկանության եւ ոստիկանության նյութեր պատրաստելու հետ կապված ասել է . «Ցանկացած գեղարվեստական երկի նկատմամբ հետապնդման, մասնավորապես այս դեպքի կապակցությամբ մենք ունենք մեր դիրքորոշումը. որեւէ իրավական հիմք չենք տեսնում  հետապնդման համար: Սա կարող է մեր կողմից ապագայում գրաքննություն գնահատվել, բայց այսօր չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ մենք ունենք դիմում Հովհաննես Իշխանյանից, եւ գործը գտնվում է ընթացքի մեջ»: Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իրենք ակտիվորեն հետեւում են այս գործին՝ միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց. «Նախապես կարող եմ ասել, որ գեղարվեստական երկերի նկատմամբ  ցանկացած գրաքննության փորձ խստորեն մեր կողմից դատապարտվում է եւ ընկալվում՝որպես խոսքի ազատության իրավունքի լուրջ սահմանափակում»:

– Ոստիկանությունը գիրքը ուղարկել է փորձաքննության այլ հիմնարկ(դեռ մեզ հայտնի չէ թե որը):

– Ապրիլի 6-ին Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը Հելսինկայն Կոմիտեին նախագահ Ավետիք Իշխանյանին հայտնել է, որ Ոստիկանությունից իրեն հարցրել են, թե արդյոք այս գիրքը կարող է պոռնկագրություն համարվել, ինքը պատասխանել է թե գեղարվեստական գրականության վրա չի կարող տարածվել պոռնկագրության վերաբերյալ քրեական այդ հոդվածը:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply