Սերժ Սարգսյանը կմեկնի Բուրսա, իսկ Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չի քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2009 15:38

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների դիտարկմանը, թե «Քիշնևի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը» նախագահն ասել է, որ «Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից և արդյունքներից, որովհետև մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է, ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող»:

Պատասխանելով նաև հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ «Մենք երբեք որևէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որևէ նախապայմանի: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին էր, և կարծում եմ՝ այսօր այդ նախադրյալներն առկա են»:

Սարգսյանն ասել է նաև, որ ինքը հարաբերություններում ընդհանրապես շատ է կարևորում փոխադարձության սկզբունքը. «Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, և ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում՝ նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, և եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա և սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին»:

Մեկնաբանություն տալով հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունները՝ Սարգսյանը նշել է, որ «ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է առաջին հերթին ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել, խստացնել թուրք պաշտոնյաների հայտարարությունները»:

«Այնուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ, և, իմ կարծիքով, դրանք առաջին հերթին ուղղված են ադրբեջանական լսարանին: Հակառակ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է. եթե իրոք թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա ինչու՞ են նախօրեին ստորագրել: Միգուցե նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք չցուցադրել և նահանջի քայլ կատարել: Միգուցե,-ասել է նախագահը,-Բոլոր պարագաներում այսօր գնդակը թուրքական դաշտում է, և մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք և առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնեն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինեն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը. չեն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք և կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք»:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply