Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Եգիպտոսում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 19:54

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ, որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Երեկոյան Հելիոպոլիսի Հուսաբեր հայկական ակումբում տեղի ունեցավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն է մատուցվել նաև Ալեքսանդրիայի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:
Նույն օրը եգիպտական “ON TV Life” արբանյակային հեռուստակայանով Հայոց ցեղասպանության մասին հատուկ հաղորդում է հեռարձակվել` հայտնի հայագետ, ցեղասպանագետ պրոֆ. Մոհամեդ Ռեֆաթ ալ-Իմամի մասնակցությամբ:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply