Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2012 19:35

            Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը,  թեմական խորհրդի  նախագահը, դեսպանության  անձնակազմը, Սոֆիայի     եկեղեցական  և  թեմական խորհրդի անդամները,  ինչպես նաև բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երեկոյան երթով Սոֆիայի հայկական եկեղեցուց շարժվեցին դեպի «Երևանյան» պուրակում տեղադրված Հայկական խաչքարը:

            Խաչքարի մոտ սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված  սգո  հանրահավաքը: Տեղի ունեցավ լռության րոպե, պսակադրման արարողություն, մոմավառություն, ելույթ ունեցավ  Սոֆիայի  հայկական պարային համույթը:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ  Վարդանուշ Թոփաքբաշյանը, որը ներկայացրեց Եվրոպայի Խորհրդարանի պատգամավոր  Անդրեյ Կովաչևի  ուղերձը, ելույթ ունեցավ նաև ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և  քաղաքապետարանի ավագանու  անդամ  Անգել Ջամբազսկին:

Հանրահավաքին  ներկա էին  ԲՀ  ԲԺԺ  պատգամավորներ, Սրբ. Կլիմենտ Օրհրդսկի համալսարանի արևելյան լեզուների  ֆակուլտետի  հայագիտական  բաժնի դասախոսներ և ուսանողներ, Սոֆիայում   գործող բուլղարահայ  ազգային մարմինների,  կրթամշակութային  և այլ  կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ և գործարարներ: Նույն օրը Բուլղարիայի բոլոր գործող հայկական եկեղեցիներում տեղի ունեցան պատարագներ և մատուցվեցին հոգեհանգստյան արարողություններ:

Ապրիլի 24-ին Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Սիլիստրա, Շումեն Յամբոլ, Ռուսե, Ստառա-Զագոռա հայաշատ քաղաքներում նույնպես տեղի են ունեցել բազմամարդ երթեր, որոնց մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև բուլղար համախոհներ, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներ:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply