Սուրեն Զոլյանը ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատարին թույլ չի տվել մտնել ռեկտորի աշխատասենյակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2012 16:37

Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը թույլ չի տվել ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին մուտք գործել ռեկտորի աշխատասենյակ:

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակն այսօր` ապրիլի 25-ին էլ բավական թեժ է եղել, ռեկտորի պաշտոնակատարին այդպես էլ չի հաջողվել մուտք գործել աշխատասենյակ եւ իրականացնել օրենքով սահմանաված լիազորությունները: Ռեկտորի պաշտոնակատարն առայժմ կտրուկ գործողությունների չի գնում` սպասելով պատկան մարմինների արձագանքին:

Սուրեն Զոլյանն էլ իր հերթին հայտարարել է, թե Գայանե Գասպարյանին Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը իսկական շոու է, իսկ նրա ներկայացման արարողությանը մասնակցել են պատահական մարդիկ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հարյուրավոր ուսանողներ «Զոլյան. Բրյուսովը ձեզ հետ է», «Չենք հանձնվելու», «Ազատ, արդար Բրյուսով», կարգախոսներով շարժվել են դեպի կառավարության շենք եւ պահանջել ռեկտորի պաշտոնում վերականգնել Սուրեն Զոլյանին:

Թեեւ, ուսանողները հանդիպում էին պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրանց լսել է կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, թե վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, լսել նրանց պահանջները: Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ունեցել խոսել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply